Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1700–1721

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1700–1721, Ռուսաստանի պատերազմը Շվեդիայի դեմ` Բալթիկ ծով ոուրս գալու համար: Ռուսաստանի դաշնակիցներն էին` Ռեչ Պոսպոլիտան, Սաքսոնիան, Պրուսիան, Դանիան ևն: Երկարատև դիվանագիտական նախապատրաստությունից հետո ռուս. զորքերը շարժվեցին Մերձբալթիկա, և 1700–ի օգոստ. 19–ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Շվեդիային: Շվեդ. բանակը Կարլ Х II–ի գլխավորությամբ 1700–ի գարնանը պարտության մատնեց Դանիային, որը և դուրս եկավ պատերազմից: Պարտություն կրեցին նաև սաքսոն. զորքերը լեհ. թագավոր Ավգուստ II–ի հրամանատարությամբ: 1700–ի նոյեմբերին Կարլ Х II–ի զորքերը Նարվայի մոտ պարտության մատնեցին անպատրաստ ռուս. զորքերին, դադարեցրին ռազմ. գործողությունները Ռուսաստանի դեմ և գլխավոր հարվածն ուղղեցին Ռեչ Պոսպոլիտային: Ռուսաստանը ձեռնամուխ եղավ մշտական բանակի կազմակերպման, նավատորմի շինարարության, զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը: Պետրոս I առաջ քաշեց ռուս տաղանդավոր զորավարների` Ա. Մենշիկով, Բ. Շերեմետև և ուրիշներ: 1701–ին վերսկսվեցին ռուս. զորքերի ակտիվ գործողությունները Մերձբալթիկայում: 1702–ին նրանք գրավեցին Նոտեբուրգ ամրոցը, որը վերանվանվեց Շլիսելբուրգ (այժմ` Պետրոկրեպոստ): 1703–ին, Նևայի գետաբերանում, շվեդ. Նիենշանց ամրոցի գրավումից հետո, հիմնադրվեց Սանկտ Պետերբուրգ քաղաքը, որը 1712–ին դարձավ Ռուսաստանի մայրաքաղաքը: 1704–ին ռուսները գրավեցին Դերպտը (Դորպատ), Նարվան և Իվանգորոդը, որով և Ռուսաստանն ամրացավ Բալթիկ ծովի ափերին: Դաշնակիցներին հարած Ռեչ Պոսպոլիտան նոր պարտություններ կրեց Շվեդիայից: 1706–ին Ավգուստ II ստիպված հաշտություն կնքեց Կարլ Х II–ի հետ և հրաժարվեց լեհական գահից: 1708–ի ամռանը շվեդ. բանակը ներխուժեց Ռուսաստանի սահմանները` նպատակ ունենալով Սմոլենսկով հասնել Մոսկվա: Սակայն, հանդիպելով ռուս. զորքերի դիմադրությանը, Կարլ XII շարժվեց դեպի Ուկրաինա` հույս ունենալով օգնություն ստանալ հետման Ի. Մազեպայից: 1708–ին ռուս. զորքերը Լեսնոյեի մոտ պարտության մատնեցին շվեդ. զորքերին: 1709–ի ապրիլին Կարլ XII պաշարեց Պոլտավան: Հունիսի 27–ին տեղի ունեցավ ճակատամարտ (տես Պոլտավայի ճակատամարտ 1709), որտեղ ռուս. զորքերը Պետրոս I–ի հրամանատարությամբ գլխովին ջախջախեցին շվեդ. բանակը: Այս ճակատամարտից հետո Ավգուստ II վերստացավ կորցրած լեհական գահը և պատերազմ հայտարարեց Շվեդիային: Դանիան նորից դաշն կնքեց Ռուսաստանի հետ: 1710–ին ռուս. զորքերը գրավեցին Ռիգան, Ռևելը (Տալլին), Վիբորգը, Կեկսհոլմը: Պոլտավայի ճակատամարտից հետո Թուրքիա փախած Կարլ XII Թուրքիային համոզեց պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ (1710–ի նոյեմբ. 20–ին): Սակայն Պետրոս I, Թուրքիային վերադարձնելով Ազովը, կարողացավ հաշտություն կնքել և շարունակել ռազմ. ակտիվ գործողությունները Մերձբալթիկայամ: 1714–ին ռուս. նավատորմը Պետրոս I–ի հրամանատարությամբ Գանգուտի մոտ պարտության մատնեց շվեդ. նավատորմին: Ռուս. բանակը մոտեցավ Ստոկհոլմին: 1720–ին շվեդ. նավատորմը պարտություն կրեց Գրենգամի մոտ: 1721–ին հաշտություն կնքվեց (տես Նիշտադյան հաշտության պայմանագիր 1721), որով ավարտվեց Հ. պ.: Այդ հաղթանակը, որը ցույց տվեց ռուս. բանակի և նրա զորավարների ռազմ. բարձր արվեստը, եզրափակեց Ռուսաստանի դարավոր պայքարը Բալթիկ ծով ելք ունենալու համար և Պետրոս I–ի անցկացրած նշանակալի ներքին բարեփոխումների հետ միասին նպաստեց Ռուսաստանը Եվրոպայի խոշոր տերություններից մեկը դառնալու գործին:

Գրկ. Тарле Е. В., Северная война и шведское нашествие на Россию, М., 1958 Шутой В. Е., Северная война (1700– 1721), М., 1970.