Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, Հյուսիսային բևեռային ծով, Հյուսիսային սառուցյալ ծով, Երկրի ամենափոքր օվկիանոսը, Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև: Տարածությունը 13,1 մլն կմ² է, ծավալը` մոտ 17 մլն կմ³: Որպես ինքնուրույն օվկիանոս առանձնացվել է 1650–ին հոլանդացի աշխարհագրագետ Բ. Վարենիուսի կողմից, Հիպերբորեական (ծայր հյուսիսային) անվամբ, 1845–ին Լոնդոնի աշխարհագրական ընկերությունը անվանել է Հ. ս. о.: Բաժանվում է 3 մասի` Հյուսիս–Եվրոպական (Գրենլանդական, Նորվեգական, Բարենցի, Սպիտակ ծովեր), Արկտիկական ավազանի և մերձափնյա ցամաքային ծանծաղուտային ծովերի (Կարայի, Լապտևների, Արևելա–Սիբիրական, Չուկոտյան, Բոֆորտի, Բաֆինի ծովեր և Հուդզոնի ծոց): Կղզիների (Գրենլանդիա, Իսլանդիա ևն) և արշիպելագների (Կանադական, Արկտիկական, Շպիցբերգեն ևն) քանակով Խաղաղ օվկիանոսից հետո գրավում է II տեղը (ընդհանուր տարածությունը` մոտ 4 մլն կմ²): Հ. ս. օ–ի հատակում կան մի շարք լեռնաշղթաներ` Լոմոնոսովի, Մենդելեևի, Հակկելի, Նանսենի (խոչընդոտում են խորքային հոսանքների շարժմանը), որոնց միջև առանձնանում են մի շարք գոգավորություններ, ամենախորը (5449 մ) Լիտկեի գոգավորությունն է Շպիցբերգենից հս.: Հ. Ա. օ–ի կլիման արկտիկական է, նրա ձևավորման գործում կարևոր դեր են խաղում նաև Հյուսիս–Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան հոսանքները: Ձմռանը օդի միջին ջերմաստիճանը տատանվում է –2 С–ից մինչև –40°C, ամռանը` 0–6°C: Տարեկան տեղումները Արկտիկական ավազանում 150 մմ են, Հյուսիս–Եվրոպական ավազանում` 250–300 մմ: Հ. ս. օ–ի ջրի մուտքի բաղադրիչներն են Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներից հոսող ջրերը, Եվրասիայի ու Հյուսիսային Ամերիկայի գետերի ջրերը և մթնոլորտային տեղումները` մինչև 250 հզ. կմ³, ելքինը` մերձհատակային, Արևելա–Գրենլանդական և Լաբրադորյան հոսանքներով դեպի Ատլանտյան օվկիանոս, Բերինգի նեղուցով` Խաղաղ օվկիանոս հոսող ջրերը, սառույցները և գոլորշիացամը: Հ. ս. օ–ի մակերևութային ջրերի աղիությունը 30–33 մերձափնյա մասերում` մինչև 20: Հյուսիս–Ատլանտյան օվկիանոսային հոսանքը, մտնելով Նորվեգական ծով, ընդունում է Նորվեգական անունը, տարեկան բերում 135 հզ. կմ³ աղի (34,9– 35,2) ջրեր 2°C–ից մինչև 12°C ջերմաստիճանով: Հոսանքն այնուհետև բաժանվում է 2 մասի` Շպիցբերգենյան և Նորդկապի: Արկտիկական ավազանում աղի և ծանր ջրերը իջնում են մակերեսային համեմատաբար թույլ աղի ջրերի տակ և հայտնաբերվում են 150–200 մ–ից մինչև 700–900 մ խորություններում: Հ. ս. օ–ի արկտիկական ավազանում նկատվում են մակերևութային հոսանքների մինչև 5 շրջապտույտ և պակի (բևեռային բազմամյա ծովային սառույցի) համապատասխան թվով դրեյֆներ: Հ. ս. օ. մեծ մասամբ սառցածածկ է: Սառցածածկը մարտին գրավում է 11,4 մլն կմ² տարածություն, սեպտեմբերին` 7 մլն կմ², սառցի ծավալը 26 հզ. կմ³ է: Արկտիկական ավազանը ամբողջ տարին ծածկված է հզոր (մինչև 4–5 մ) պակով և տորոսային սառույցներով (հաստությունը մինչև 20–25 մ): Ծայրամասային ծովերում գերակշռում է միամյա եզրային սառույցը: Պակի դրեյֆի արագությանը արլ–ից արմ. օրական 2,5– 3,5 կմ է, Դանիական նեղուցում` մինչև 40 կմ: Արևելա–Գրենլանդական հոսանքով դեպի Ատլանտյան օվկիանոս տարեկան դուրս է գալիս 2150 կմ³ սառույց: Հ. ս. օ–ի սառույցները պարունակում են մեծ քանակությամբ քաղցրահամ ջուր: Կենդանական աշխարհը համեմատաբար հարուստ է հյուսիս–եվրոպական ավազանում (մինչև 2000 տեսակ): Հանդիպում են կետերի մի քանի տեսակներ, տառեխ, ձողաձուկ, պերկես ևն: Արկտիկական ավազանում ծովը գրեթե միշտ ծածկված է սառույցով, կենդանական աշխարհը աղքատ է, հանդիպում են սպիտակ արջ, փոկեր, ծովացուլեր: Հ. ս. օ–ի ՍՍՀՄ պատկանող ծովերով անցնում է Հյուսիսային ծովային ուղին: Օվկիանոսի բնության ուսումնասիրման նպատակով սիստեմատիկ գործում են «Հյուսիսային բևեռ» դրեյֆող կայանները: Կարևոր նավահանգիստներն են Մուրմանսկը, Արխանգելսկը, Դիքսոնը, Տրոմսյոն, Տրոնհեյմը, Չերչիլը ևն:

Գրկ. Гордиенко П. А., Северный Ледовитый океан…, Л., 1973 Смирнов В.И., Ледовые условия плавания судов в водах Канадско–Аляскинской Арктики, Л., 1974 Мировой водный баланс и водные ресурсы Земли, Л., 1974.