Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, բուժական մեթոդ, կենդանիների կամ բույսերի պահածոյացված հյուսվածքների (մաշկ, եղջերաթաղանթ, հալվեի տերևներ) կամ դրանց պատրաստուկների ներմուծումը (կտրելով կամ ներարկելով) մաշկի կամ աչքի շաղկապենու մեջ: Առաջարկել է Վ. Ֆիլատովը, XX դ. 30–ական թթ.: Համաձայն նրա կոնցեպցիայի, ցածր ջերմաստիճանում պահած (կամ այլ մեթոդով պահածոյացված) հյուսվածքներում, միջավայրի անբարենպաստ պայմաններին հարմարվելու պրոցեսում, կուտակվում են կենսաբանական բարձր ակտիվությամբ օժտված նյութեր` կենսածին խթանիչներ, որոնք և որոշում են Հ–յան բուժիչ արդյունքը: Հ. բուժման ոչ սպեցիֆիկ մեթոդներից է: Ակտիվացնելով օրգանիզմի իմունային և վերականգնողական ֆունկցիաները` հաճախ արդյունավետ է ազդում դանդաղ ընթացող տարբեր ծագման ախտաբանական պրոցեսների (բորբոքային, կազմափոխական, ապաճական) դեպքում: Արդի բժշկությունում Հ. կիրառվում է գլխավորապես աչքի և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ: