ՀՍՀ/ՀՅՈՒՍՎԱԾՔԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ
ՀՅՈՒՍՎԱԾՔԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, էքսպլանտացիա (կենսբ.), մարդու, կենդանիների կամ բույսերի օրգանիզմից անջատված փոքր օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների երկարատև կենդանի պահպանման մեթոդ: Հ. կ–ի առաջին հաջող փորձերը կատարվել են 1907–ին, ամերիկացի գիտնական Ռ. Հարիսոնի կողմից, որը օրգանիզմից դուրս ավշի կաթիլի մեջ տեղավորել էր գորտի սաղմի նյարդային հյուսվածքի մասնիկներ: Նշված միջավայրում սաղմի բջիջները ապրել էին մի քանի շաբաթ, նկատվել էր նյարդային բջիջների տարբերակում, աքսոնների աճում: Առանձնահատուկ նշանակության ունեցավ Ռ. Հարիսոնի առաջարկած «կախ կաթիլի մեթոդը», երբ Հ. կ. աճեցվում էին պլազմայի մակարդուկի (հենք) վրա պատրաստված սաղմնային մզվածքի կաթիլում: Հետագայում Հ. կ–ի մեթոդը կատարելագործեցին ֆրանս. գիտնական Ա. Կարելը, ամերիկացի գիտնական Մ. Բերոուզը, ռուս գիտնականներ Ս. Մաքսիմովը, Ն. Խլոպինը, Ա. Տիմոֆեևսկին և ուրիշներ: Ա. Կարելը և Մ. Բերոուզը մարդու և տաքարյուն կենդանիների Հ. կ. հաջողությամբ աճեցրին արյան պլազմայի և հավի սաղմի հյուսվածքների մզվածքի վրա: Հ. կ–ի հաջող ստացման հիմնական պայմանը վարակազերծումն է: 1929–ին Ֆելը և Ռոբինսոնը Հ. կ. աճեցրին ժամացույցի ապակիների վրա` պլազմայի մակարդուկի մակերեսին: Նրանք դիտել են հավի սաղմի վերջույթի մորֆոգենեզը. հոդերի առաջացումը, աճառային և ոսկրային հյուսվածքների զարգացումը: Ֆելի հետազոտությունները Հ. կ–ի նոր բնագավառի` օրգանների կուլտուրայի ստեղծման սկիզբը հանդիսացան: Հ. կ. կարելի է աճեցնել նաև փորձանոթներում, առանց պլազմայի հենքի: Այդպիսի աճի համար ցանկացած հյուսվածքը կամ օրգանի մասերը նախապես մշակվում են տրիպսին պրոտեոլիտիկ ֆերմենտով, որը քայքայում է միջբջջային նյութը, բջիջներն անջատվում են միմյանցից և աճում միաշերտ անընդհատ կուլտուրայի ձեով: Այս մեթոդով Հ. կ–ի աճը կարելի է պահպանել տարիներ շարունակ: Պարզաբանված է Հ. կ–ի սննդային միջավայրի առանձին գործոնների դերը. միջավայրի pH–ի, ջերմաստիճանի, օսմոտիկ ճնշման նշանակությունը: Բջջային կուլտուրաների համար օգտագործվում է արհեստական սննդային միջավայր, որը պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ, գլյուկոզ, արյան շիճուկ (2–10) և անտիբիոտիկներ: Օրգանների կուլտուրայի համար կիրառում են ֆիզիոլոգիական լուծույթով պատրաստված ագարի կամ ժելատինի միջավայր, որին ավելացվում են վերը նշված բաղադրամասերը: Հ. կ–ի մեթոդը մեծ գործածություն է գտել փորձառական կենսաբանության և բժշկագիտության մեջ: Բջջային կուլտուրաները հարմար օբյեկտ են բջջի վրա ֆիզիկական, քիմ. և կենսաբանական տարբեր գործոնների ազդեցությունն ուսումնասիրելու համար: Հ. կ–ով պարզվեցին մի շարք ընդհանուր կենսաբանական հարցեր, բջիջների և հյուսվածքների փոխհարաբերությունը, դրանցում կատարվող փոփոխությունները, է միտոզի օրինաչափությունները, սովորական բնականոն բջջի վերածվելը քաղցկեղային բջջի ևն: Հ. կ–ի նշանակությունը մեծ է վիրուսաբանության, սաղմնաբանության, ուռուցքաբանության, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի բնագավառներում:
Ս. Չիլինգարյան
