ՀՍՀ/ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ
ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ (կենսբ.), ծագումով, կառուցվածքով և ֆունկցիայով նման բջիջների և ոչ բջջային կառուցվածքների համակարգ: Կենդանիների Հ., «հյուսվածք» տերմինն առաջարկվել է անատոմների կողմից, որոնք մինչև մանրադիտակի կիրառումը օրգաններում հայտնաբերել էին դրանց կազմի մեջ մտնող և հատուկ կառուցվածքը պայմանավորող միատարր մասեր: Նշված մասերը սկզբում տարբերում էին արտաքին նշաններով` առանձնացնելով փափուկ, թելակազմ, բջջային ևն Հ.: Ֆրանս, գիտնական Մ. Բիշան (1801) մարդու և կենդանիների օրգանիզմում առանձնացրել էր 21 տեսակի Հ.: Հետագայում Ֆ. Լեյդիֆը (1857) և Ա. Քյոլիկերը (1859) բոլոր կառուցվածքները բաժանեցին 4 խմբի` սահմանային կամ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային: Էպիթելային Հ–ին բնորոշ է բջիջների խիտ շերտավոր համախմբությունը: Դրանցից են գոյանում մարմնի ծածկույթները և ներքին օրգանների թաղանթները: Էպիթելային հյուսվածքը կատարում է պաշտպանական, ներծծման, հյութազատման և արտազատման ֆունկցիա: Շարակցական հյուսվածքն իրականացնում է օրգանիզմի պաշտպանական և սնուցողական ֆունկցիաները: Այս հյուսվածքի ածանցյալներն են աճառներն ու ոսկրերը, որոնք ողնաշարավոր կենդանիների կմախքն են առաջացնում և ապահովում հենարանային ֆունկցիան: Արյունը, ավիշը և շարակցական հյուսվածքը զարգանում են միևնույն սաղմնային հյուսվածքից, և ծագման ընդհանրության շնորհիվ դրանք դասվում են հենարանային–սնուցողական Հ–ի խմբի մեջ: Մկանային հյուսվածքը կատարում է շարժողական ֆունկցիա, առաջացնում օրգանների կծկողական շարժումներ: Նյարդայինը կարգավորում և համաձայնեցնում է բոլոր Հ–ի կենսագործունեությունը, ընկալում արտաքին միջավայրից եկող գրգիռները և որոշում օրգանիզմի պատասխան ռեակցիան: Հ–ի յուրաքանչյուր տիպի զարգացումը սաղմնային շրջանում ընթացող որոշակի հիստոգենեզի (հյուսվածքագոյացման) արդյունք է: Շատ հյուսվածքներում հիստոգենեզը շարունակվում է նաև հասուն կենդանիների մոտ` ապահովելով ռեգեներացիան, երբեմն նաև աճումը: Օրգանիզմների էվոլյուցիան հանգեցրել է Հ–ի բջիջների մասնագիտացման, նրանց ֆունկցիաների փոխադարձ պայմանավորվածության: Կենդանիների Հ. ուսումնասիրող գիտությունը կոչվում է հյուսվածաբանություն: Բույսերի Հ. առաջացել են ջրային բույսերի ցամաքային կյանքին անցնելու և հարմարվելու ընթացքում: Ժամանակակից ցամաքային բույսերը կազմված են տարբեր Հ–ից, որոնք առավել բազմազան են ծաղկավոր բույսերի մոտ: Բարձրակարգ բույսերի Հ. գոյանում են բջիջների աճման և բաժանման հետևանքով: Բջիջները շարունակում են Հ. կազմել և օրգանիզմի կյանքում շատ էական դեր խաղալ ոչ միայն կենդանի վիճակում, այլև դրանց կենդանի պարունակության մահացումից հետո, ինչպես, օրինակ, խցանային հյուսվածքի բջիջները: Բույսերի աճումը և ներքին կազմության զարգացումը պայմանավորված են առաջացնող (գոյացնող) հյուսվածքի` մերիսթեմայի գործունեությամբ, որի ածանցյալներից ձևավորվում են մշտական Հ.: Հ. դասակարգվում են մի շարք հատկանիշների հիման վրա: Առավել պարզ ձևաբանական դասակարգմամբ (Լինկ, 1807) Հ. բաժանվում էին ըստ բջիջների ձևի` պարենքիմային և պրոզենքիմային: Ի. Սաքսը (1868) առաջարկել է Հ–ի 3 խումբ` ծածկող, փոխադրող և հիմնական: Այժմ ընդունված է Հ. Հաբերլանդտի (1879) առաջարկած դասակարգումը, որը հենվում է ձևաբանա–ֆիզիոլոգիական, գենետիկական ևն հատկանիշների վրա: Ըստ նշված դասակարգման բույսերի Հ–ում առանձնացվում են հետևյալ հիմնական համակարգերը` ծածկող (էպիդերմիս, էպիբլեմ, խցան, կեղև), մեխանիկական (կոլենքիմ` բաղկացած է կենդանի պարունակությամբ, անհամաչափ հաստատած պատեր ունեցող բջիջներից, և սկլերենքիմ` փայտացած թելիկներից ու սկլերեիդներից` քառակուսի քարանման բջիջներից): Կլանող կամ աբսորբցող Հ. նյութերի կլանումն իրականացնում են րիզոիդների և արմատամազիկների միջոցով: Ասիմիլյացիոն Հ. քլորոպլաստներով լցված պարենքիմային բջիջներ ևն, փոխադրող Հ. ներկայացված են քսիլեմայով և ֆլոեմայով (տես Բնափայտ և Լուբ): Պաշարող Հ. բաղկացած են պարենքիմային բջիջներից, իսկ արտազատող Հ. ընդգրկում են կաթնանոթները, հիդատոդները, նեկտարանոցները և բուսական տարբեր ծագում ունեցող նյութերի զետեղարանները: Օդափոխության Հ. միջբջջային տարածություններն են, հերձանցքները և ոսպնյակները: Իրականում պաշարող, ասիմիլյացիոն, կլանող և օդափոխության Հ. հիմնական հյուսվածքի տարատեսակներն են: Բույսերի Հ. ուսումնասիրում է անատոմիան (տես Անատոմիա բույսերի):
