Jump to content

ՀՍՀ/ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ, մարդու ձեռքով կերտված հնագույն առարկաներ, կառույցներ, դամբարաններ, որոնք պահպանվելով հողի մակերևույթին կամ ընդերքում, ջրի տակ` հանդիսանում են հնագիտական ուսումնասիրության օբյեկտներ: Հ. հ. պատմական առարկայական աղբյուրներ են, որոնցով կարելի է վերականգնել մարդկային հասարակության անցյալը: Հիմնական Հ. հ–ի թվին են պատկանում աշխատանքի գործիքները, զենքերը, կենցաղային պիտույքները, հագուստներն ու զարդերը, բնակավայրերը (կայաններ, քաղաքատեղիներ, գյուղատեղիներ), հնագույն ամրությունները, հիդրոտեխնիկական կառույցների մնացորդները, երկրագործական դաշտերը, ճանապարհները, օգտագործված լեռնային հանքավայրերն ու արհեստանոցները, դամբարաններն ու վերդամբարանային և պաշտամունքային զանազան կառույցները (քարակոթողներ, վիշապներ, մենաքարեր, կրոմլեխներ, դոլմեններ, մատուռներ ևն), արձանագրություններն ու ժայռապատկերները, ճարտարապետական կառույցները: Հ. հ. են նաև գետերում, ծովերում սուզված հնագույն նավերն ու նրանց բեռները, երկրի կեղևի ճեղքման ևնի հետևանքով ջրի տակ մնացած բնակավայրերը ևն: