Jump to content

ՀՍՀ/ՀՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, պատմական երաժշտագիտության, միաժամանակ պատմա–բանասիրական հնագրության բնագավառ, երաժշտապատմական դիսցիպլին, որ ուսումնասիրում է երաժշտական գրության հին համակարգերը, երաժշտական նշանների էվոլյուցիայի օրինաչափությունները, նրանց գծագրական ձևերի փոփոխությունը, ինչպես նաև երաժշտական գրության հին հուշարձանները` նրանցում կիրառված նոտային համակարգերի բովանդակության և նրանց գրության ժամանակի ու վայրի առումով: Հիմնական խնդիրն է` երաժշտական գրության մոռացված համակարգերի վերծանումը և նրանցով գրառված երաժշտության փոխադրությունը ժամանակակից գծային նոտագրության: Բուն հնագրության մեթոդներից բացի, օգտագործում է երաժշտա–տեսական ու պատմական հետազոտություններ, նաև վիճակագրության, ինֆորմացիայի տեսության ու այլ գիտությունների տեսական վերլուծումներ: Որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է XIX դ. կեսերին: Արևմտաեվրոպական և բյուզանդական նևմային գրության ուսումնասիրության և վերծանության ուղղությամբ մեծ ներդրում ունեն Է. Կուսմակերը, Հ. Ռիմանը, Օ. Ֆլայշերը, նոր ժամանակներում` Է. Վելեսը, Հ. Տիլյարդը, Կ. Հյոհեգը (փորձել են տալ միջին–բյուզանղական նևմագրության լիակատար վերծանությունը): Ռուս. միջնադարյան եկեղեցական երգարվեստի («Զնամենյան ռասպև») և կրյակային նոտագրության ուսումնասիրության բնագավառում նշանակալից են Ս. Սմոլենսկու, Վ. Մեքալլովի, Ա. Պրեոբրաժենսկու, սովետական հետազոտողներ Վ. Բելյաևի, Մ. Բրաժնիկովի, Ն. Ուսպենսկու աշխատությունները: Որոշակի աշխատանք է տարվում վրաց. հին նոտագրության («Նիշանի») ուսումնասիրության ուղղությամբ: Հայկ. խազային նոտագրության ուսումնասիրության բնագավառում աշխատել են բազմաթիվ եվրոպացի երաժիշտ–միջնադարագեաներ: Նշանակալից են հայ հետազոտողներ Ե. Տնտեսյանի և Կոմիտասի, սովետական երաժշտագետներ Ռ. Աթայանի և Ն. Թահմիզյանի աշխատությունները: Վերջին ժամանակներում զգալի նվաճումներ կան մասնավորապես հին Երաժշտական ձեռագրերի հայտնաբերման, նրանց թվագրման, ընդհանրապես հայ երաժշտական հնագրության սկզբունքների մշակման, խազագրության համակարգերի պատմության, էվոլյուցիայի ուսումնասիրման, նաև որոշ տեսական–հնագրական հարցերի մշակման գործում (տես Խազագրություն): Սակայն միջնադարյան նոտագրության բոլոր համակարգերն էլ դեռևս հեռու են վերջնականորեն վերծանված լինելուց:

Գրկ. Տնտեսյան Ե., Նկարագիր երգոց…, ԿՊ, 1874: Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959: Успенский Н., Древнерусское певческое искусство, 2 изд., М., 1971 Бражников М., Памятники знаменного распева, Л., 1974 Fleischer О., Neumen–Studien, Т. 1–3, Lpz.– В., 1895, 1897, 1904 Tillyard H. J. W., Handbook oft he Middle Byzantine Musical Notation, Copenhague, 1935 Wellesr E., Eastern Elements in Western Shant, Boston, 1947 Ataian R., Armenische с h азе n, «Beit ge zeur Tusinwisslenschaft», В., 1968 H. 1–2 Tahmizian N., Les anciens manuscrits musicaux arm niens…, «Revue des Etudes Arm niennes», P., 1970, t. VII.