ՀՍՀ/ՀՆԱՐԱԿԵՐՏ
ՀՆԱՐԱԿԵՐՏ, Հունարակերտ, բերդաքաղաք Մեծ Հայքի Ուտիք և Գուգարք նահանգների սահմանների հատման կետում, Կուր և Խրամ գետերի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա (այժմ` ավերակ): Ջվանշեր պատմիչը Հ. անվանում է Կուրի բերդ, վրացիները` Խունանի, երբեմն` Խան–ցիխե (Խան գետանունով): Հ–ով Մեծ Հայքը սահմանակից էր հս–արմ–ից` Վրաց, հս–արլ–ից` Աղվանից թագավորություններին: Մովսես Խորենացին Հ. անվանում է Սիսակյան Առանի ժառանգության հս–արմ. սահմանագլուխ: Հայ Արշակունիների ժամանակ (I– V դդ.) Հ. եղել է Մեծ Հայքի հս. սահմանակալ բերդերից մեկը: V– VII դդ. Սասանյանները Հ. Գուգարքի հետ միացրել են Վրաց մարզպանությանը: Սակայն այն մնացել է հայ եպիսկոպոսանիստ կենտրոն (Դվինի 502–ի հակաքաղկեդոնական ժողովի մասնակիցներից հիշատակվում է Հ–ի Իսահակ եպիսկոպոսը): Արաբ. տիրապետության քայքայումից հետո Հ. վերամիավորվել է Բագրատունյաց Հայաստանի հետ: XIII դ. սկզբին Իվանե և Սմբատ Օրբելյանները Հ. ազատագրել են սելջուկյան թուրքերից և միացրել վրաց Բագրատունիների թագավորությանը: Հավանաբար ավերվել է թաթար–մոնղոլների արշավանքներից հետո: Հ. ունեցել է հաջորդաբար կառուցված երեք ամրոց, որոնք միմյանցից բաժանվել են Կուրից մինչև Խրամ փորված խոր և լայն խրամներով: Պարիսպներն ամրացվել են հզոր աշտարակներով: Ենթադրվում է, որ «Հ.» անունն առաջացել է իր հնարիմաց ճարտարությամբ կառուցված ամրություններից: Հ–ի ավերակները (տեղի թաթարներն անվանել են Գյավուր–կալասի) նկարագրել են Ս. Ջալալյանցը և Մ. Բարխուդարյանցը: Տակավին պահպանվում են Հ–ի շինությունների մնացորդները` կիսավեր աշտարակները, պարիսպների, գերեզմանատան (Խրամ գետի հին կամ «Կոտրած կամրջից» մինչև Կուր) հետքերը:
Գրկ. Ջալալյանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս,1858: Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895: Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963: Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնտ.,1970: Հ. Սվազյան
