Jump to content

ՀՍՀ/ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական կատեգորիաներ, որոնք մատերիալիստական դիալեկտիկայի մեջ օգտագործվում են զարգացումը նկարագրելիս: Իրականաթյունն առարկաների առկա գոյությունն է` ժամանակի և տարածության որոշակի պայմաններում, իրենց ներքին կառուցվածքով, օրինաչափ (էությամբ) և բոլոր դրսևորումներով (երևույթներով) հանդերձ, իսկ հնարավորությունը` առարկաներին ներհատուկ զարգացման միտումը: Ըստ դիալեկտիկայի, զարգացման գաղափարն ինքնին ենթադրում է, որ առարկաները նույնքան օբյեկտիվորեն պարունակում են իրենց հետագա փոխարկումների հնարավորությունը, որքանով որ այդ փոխարկումները պայմանավորված են նրանց ներքին օրինաչափություններով: Սակայն անցումը հնարավորությունից իրականության դրանով իսկ ի սկզբանե կանխորոշված և միագիծ չէ: Ամեն առարկա միաժամանակ ներկայացնում է բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են իրականություն դառնալ դրանցից յուրաքանչյուրի համար որոշակի պայմաններում: Հնարավորությունը կոչվում է ռեալ (կոնկրետ), երբ կան նրա իրականացման համար անհրաժեշտ ներքին և արտաքին պայմանները, և ձևական (վերացական), քանի դեռ այդ պայմանները չեն որոշակիացել: Հ–յան և ի–յան դիալեկտիկական ըմբռնումը հակադրվում է մետաֆիզիկական–մեխանիստական այն տեսություններին, որոնք զարգացումը դիտում են իբրև հնարավորությունների պարզ ծավալում` անտեսելով իրական կեցության որակական տարբերությունը հնարավոր կեցությունից (օրինակ, պրեֆորմիզմ, գիտության կումուլյատիվ զարգացման տեսություն ևն), կամ էլ իրար հաջորդող որակական կացությունները չեն բխեցնում միմյանցից` չնկատելով զարգացման անընդհատությունը (օրինակ, «աղետների տեսություն», մշակույթի ցիկլային տեսություն, «գիտական հեղափոխությունների» տեսություն ևն): Իմացաբանական առումով Հ. և ի. կատեգորիաները կապվում են ճշմարտության կոնկրետության դրույթի հետ, երբ խոսքը զարգացող առարկայի մասին է. հատկապես հասարակության ճանաչողությունը, նրա զարգացման ընթացքի կանխատեսումը և հաս. գործունեությունը ենթադրում են այն որոշակի պայմանների հաշվառումը, որոնք պայմանավորում են ռեալ հնարավորությունների իրականացումը միանգամայն անհատական, անկրկնելի ձևով: Հ. և ի. կատեգորիաների հետ է կապված քվանտային մեխանիկայի մեկնաբանություններից մեկը. Վ. Ա. Ֆոկը և Վ. Հայզենբերգը գտնում են, որ քվանտային մեխանիկայի հավանականային օրենքները վերաբերում են ոչ թե փաստորեն տեղի ունեցածին` «իրականացածին», այլ «պոտենցիալ հնարավորին»:

Գրկ. Լենին Վ. Ի., Երկրորդ ինտերնացիոնալի կրախը, Երկ., հ. 21: Անանիկյան Կ. Գ., Հնարավորության և իրականության դիալեկտիկան, Ե., 1960: Маркс К. и Энгельс Ф., Соч., 2–е изд.Аристотель, Метафизика, кн. 9, Соч., т. 1,М., 1976: Гегель Г., Наука логики, т. 2, раздел 3, М., 1971 Гейзенберг В., Развитие интерпретации квантовой теории, в сб.: Нильс Бор и развитие физики, М.,1958 Նույնի, Открытие Планка и основные философские вопросы учения об атомах, «Вопросы философии», 1958, No 11 Фок В. А., Об интерпретации квантовой механики, в сб.: Философские вопросы современной физики, М., 1959 Арутюнов В. X., О категориях возможности и действительности и их значении для современного естествознания, Киев, 1967. Հ. Գևորգյան