Jump to content

ՀՍՀ/ՀՆԳԱՄԱՏՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԳԱՄԱՏՅԱՆ (եբր. անվանումը` То r а – օրենք), Հին կտակարանի առաջին հինգ գրքերը: Աստվածաշնչական ավանդությունը վերագրում է Մովսես մարգարեին: Իրականում տարբեր ավանդությունների հավաքածու է` ստեղծված մ. թ. ա. IX– VIII դդ. (խմբագրել և վերջնական տեքստի է բերել կրոնա–քաղաքական բարեփոխիչ Եգրասը մ. թ. ա. V դ.): Ընդգրկում է Ծննդոց, Ղևտացվոց, Ելից, Թվոց, Երկրորդ օրինաց գրքերը: Ծննդոց գիրքը բովանդակում է աշխարհի ու մարդկության ստեղծման, աստծո դեմ մարդկանց մեղանչման և դրա ծանր հետևանքների (ջրհեղեղ ևն) մասին առասպելները: Ելից և Թվոց գրքերում պատմվում է հրեա ժողովրդի դիցաբանական անցյալը (եգիպտական փարավոնին գերի ընկնելը, Մովսեսին Սինա լեռան վրա Եհովա աստծո հայտնությունն ու տաս պատվիրանների շնորհումը, Եգիպտոսից հեռանալը և թափառումներն անապատում): Ղևտացվոց գրքում շարադրված են հրնա ժողովրդի պաշտամունքային, իրավական և բարոյական հնավանդ նորմերը (զոհ մատուցելու եղանակները, ծիսակատարությունները, հոգևորականների իրավունքները ևն): Երկրորդ օրինացը առաջին չորս գրքերի ամփոփումն է, Մովսեսի ճառերն ու պատվիրանները: Գիտությունը, ժխտելով Հ–ի «աստվածային բնույթը», ընդունում է այն որպես գրական հուշարձան և պատմական սկզբնաղբյուր (տես նաև Աստվածաշունչ):