Jump to content

ՀՍՀ/ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆՆԵՐ ՀՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆՆԵՐ ՀՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, Հայկական ՍՍՀ սոցիալ–տնտեսական զարգացման պլանավորման հիմնական ձևը, կազմվում են` ելնելով ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման միասնական պլանից (տես Հնգամյա պլաններ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման): Սովետական իշխանության առաջին տարիներին հիմնական ուշադրությունը հատկացվում էր տնտ. կյանքի նորմալացմանը, սոցիալիստական արտադրահարաբերությունների ձևավորմանը: 1924–ի հոկտ. 22–ին ստեղծված ընդհանուր պլանավորման պետ. հանձնաժողովը (տես Պետական պլանային կոմիտե ՀՍՍՀ) ըստ ժամանակահատվածների մշակում էր տնտ. և ֆինանսական ծրագրեր, հսկում դրանց կատարումը, ուսումնասիրում սոցիալ–տնտեսական վիճակը, տնտ. ժողկոմատների կանխագծումները փոխհամաձայնեցնում հանրապետության տնտ. զարգացման ընդհանուր ծրագրի հետ: Կառավարող ու պլանավորող մարմինները նէպի տարիներին զբաղվում էին միայն ձեռնարկությունների, տրեստների ու սինդիկատների փոխհարաբերությունների, ֆինանսական գործառնությունների, աշխատավարձի ու գների կարգավորմամբ: ՀՍՍՀ–ում ճյուղային առաջին պլանները կազմվել են 1924–25–ին, իսկ հետագայում դրանք կոորդինացվել են ԺՏԲԽ–ի ենթակայության տնտ. ժողկոմատների պլանների հետ: Առաջին հնգամյա պլանը (1928–32) հաստատեց Հայաստանի սովետների VI համագումարը (1929): Պլանի հիմնական տնտ. խնդիրն էր` հանրապետության տնտ., կուլտուրական հետամնացության վերացումը և ինդուստրացման լենինյան պլանի հետևողական իրականացման հիման վրա սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը: Հնգամյակի առաջադրանքները կատարվեցին 4 տարի 3 ամսում: Ժողտնտեսության բոլոր ճյուղերում հաստատվեց սոցիալիստական արտադրահարաբերությունների անբաժան տիրապետություն: Կապիտալ ներդրումները կազմեցին 58 մլն ռ. (1973–ի համադրելի գներով), այդ թվում արդյունաբերության մեջ` 18, գյուղատնտեսության մեջ` 15 մլն ռ.: Խոշոր արդյունաբերության համախառն արտադրանքն աճեց 4,5, մանրինը` 2,9 անգամ: Շահագործման հանձնվեցին Ձորագետի և Քանաքեռի ՀԷԿ–երը, Երևանի էլեկտրակայանի և Լենինականի ՀԷԿ–ի 2–րդ հերթերը, Երևանի Ձերժինսկոլ անվ. մեխանիկական, ֆերմենտացիոն գործարանները ևն: Խոշոր կապիտալ ներդրումներ կատարվեցին գունավոր մետալուրգիայում, ձեռնարկվեց Ղափանի հարստացուցիչ և Ալավերդու պղնձաձուլական գործարանների շինարարությունը: Ալավերդու ծծմբաթթվիու պղնձարջասպի, Ղարաքիլիսայի (Կիրովական) քիմ. կոմբինատի հիմնադրմամբ և Երևանի կարբիդի գործարանի ընդլայնմամբ սկսեց ձևավորվել քիմ. արդյունաբերությունը: Կառուցվեցին նաև շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ: 1929–ից գյուղում սկսվեց համատարած կոլեկտիվացումը: Ընդլայնվեց գյուղատնտեսության նյութատեխնիկական բազան, կազմակերպվեց 892 կոլտնտեսություն, 7 ՄՏԿ` 296 տրակտորով, Փոքր Սարդարապատի ջրանցքի կառուցմամբ ոռոգելի դարձավ 8,5 հզ. հա հողատարածություն: Խոշոր աշխատանքներ կատարվեցին պետ. և կոոպերատիվ առևտրի, կոմունալ տնտեսության, տրանսպորտի զարգացման ուղղությամբ (շահագործման հանձնվեցին երկաթուղու Լենինական–Արթիկ և Մինջևան–Ղափան հատվածները, Նորաշեն–Բազարչայ–Սիսիան–Գորիս ավտոխճուղին), առաջընթաց ապրեց ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիսաական կուլտուրան: Հայաստանը վերածվեց ինդուստրիալ–ագրարային երկրի: Երկրորդ հնգամյա պլանը (1933–37) մշակվեց ՀամԿ(բ)Կ XVII համագումարի (1934) որոշումների հիման վրա: Նախատեսվում էր արագացնել գունավոր մետալուրգիայի, քիմ. արդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի զարգացումը, լայնորեն օգտագործել հանրապետության բնական հարստությունները, վերակառուցել ամբողջ ժողտնտեսությունը: Հնգամյակը կատարվեց ժամկետից շուտ: Կապիտալ ներդրումների ծավալը կազմեց 160 մլն ռ., այդ թվում արդյունաբերության մեջ` 49, գյուղատնտեսության մեջ 33 մլն ռ.: Արդ. արտադրության ծավալն աճեց 2,2 ագամ, հիմնականում ավարտվեց ժողտնտեսության բոլոր ճյուղերի տեխ. վերակառուցումը: Շահագործման հանձնվեցին Քանաքեռի ՀԷԿ–ի 4 և Զորագետի ՀԷԿ–ի 3 ագրեգատները, Արարատի ցեմենտի, Երևանի ծխախոտի, փայտամշակման գործարանները, Լենինականի տեքստիլ կոմբինատի գործվածքային արտադրամասն ու մսի կոմբինատը: Ընդլայնվեցին Ալավերդու պղնձաձուլական և Ղափանի հարստացուցիչ գործարանների արտադրական կարողությունները, ավարտվեց Ալավերդու և Կիրովականի քիմկոմբինատների շինարարությունը, սկսցեց Երևանի սինթետիկ կաուչուկի կոմբինատի կառուցումը ևն: Գյուղատնտեսության մեջ գրեթե լիովին տիրապետող դարձավ սոցիալիստական տնտեսաձևը, փոխվեց գյուղացիության սոցիալական վիճակը: 1937–ին գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճեց 1,6 անգամ, գյուղացիական տնտեսությունների 88,7–ն ընդգրկվեց կոլտնտեսությպնների մեջ: Կար 1074 կոլտնտեսություն (68–ը` էլեկտրիֆիկացված) ր 16 սովետական տնտեսություն, որոնք տնօրինում էին բոլոր ցանքատարածությունների 92,6–ը: Գործում էր 24 ՄՏԿ, գյուղատնտ. աշխատանքները սպասարկում էին 1358 տրակտոր, 127 կոմբայն, 395 բեռնատար ավտոմեքենա: Կառուցվեցին մի շարք ջրհան կայաններ, վերակառուցվեցին Էջմիածնի և Շիրակի ջրանցքները, ոռոգելի հողատարածությունն աճեց 40 հզ. հա–ով: Աճեց երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալը, ընդարձակվեց ճանապարհների ցանցը, զգալի չափով ծավալվեցին առևտուրը (մոտ 3 անգամ) և ապրանքաշրջանառությունը, առևտրի ասպարեզից դուրս մղվեց մասնավոր կապիտալը: 1933–37–ին շահագործման հանձնվեց 483 հզ. մ² բնակտարածություն: Էապես բարձրացավ բնակչության բարեկեցությունը: Հնգամյակի վերջում երկրում հիմնականում ավարտվեց սոցիալիզմի կառուցումը, Հայաստանը դարձավ ինդուստրիալ հանրապետություն: Երրորդ հնգամյա պլանը (1938–42) մշակվեց ըստ ՀամԿ(բ)Կ XVIII համագումարի (1939) թեզիսների: Հիմնական տնտ. խնդիրներն էին` բարձրացնել հանրապետության ինդուստրիալ հզորությունը, ծանր արդյունաբերության ճյուղերի` գունավոր մետալուրգիայի, քիմ. ու շինանյութերի արտադրությունն ընդլայնելու համար լայնորեն օգտագործել հանքային ռեսուրսները, զարգացնել թեթև, սննդի ու տեղական արդյունաբերությունը, տրանսպորտը, շարունակել գյուղատնտ. աշխատանքների մեքենայացումը, բարձրացնել ՄՏԿ–ների կարողությունը, կատարելագործել հողամշակման եղանակները ևն: Հնգամյակի առաջին երեք և կես տարիներին կապիտալ ներդրումները կազմեցին 178 մլն ռ., այդ թվում արդյունաբերության մեջ` 59, գյուղատնտեսության մեջ` 38 մլն ռ.: 1937–40–ին արդյունաբերության համախառն արտադրանքն աճեց 68–ով: Այդ տարիներին ընդարձակվեցին Ալավերդու և Ղափանի լեռնահանքային, Կիրովականի քիմ. արդյունաբերության ձեռնարկությունները, ավարտվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվ. կաուչուկի, Ալավերդու ծծմբաթթվի գործարանների շինարարությունը, վերակառուցվեց Երևանի Ձերժինսկու անվ. մեքենաշինական գործարանը, ավարտվեց Համամլու (Սպիտակ)–Լենինական էլեկտրահաղորդման գծի և Լենինականի ենթակայանի կառուցումը: Շահագործման հանձնվեցին նաև Լենինականի մանվածքային ու գործվածքային ֆաբրիկաները, Երևանի ալրաղաց կոմբինատը, Քանաքեռի ՀԷԿ–ի 5–րդ և 6–րդ ագրեգատները, թեթև ու սննդի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ ևն: 1939–ին արդ. արտադրանքի տեսակարար կշիռը ժողտնտեսության մեջ կազմեց 77,7: Առաջընթաց ապրեց գյուղատնտեսությունը: 1940–ին կոլեկտիվացված էր գյուղական տնտեսությունների 98,3–ը, ցանքատարածությունների 99,9-ը պատկանում էր կոլտնտեսություններին: Շարք մտան Նալբանդի ու Դալմայի ջրանցքները, ոռոգվող հողամասերի տարածությունը 1940–ին հասավ 180 հզ. հա, բարձրացավ գյուղատնտ. կուլտուրաների բերքատվությունը: 1939–ին գործում էր 32 ՄՏԿ` 1285 տրակտորով և 246 կոմբայնով: Էականորեն բարձրացավ նաև աշխատավորների կենսամակարդակը, արդ. բանվորների միջին տարեկան աշխատավարձն աճեց 25–ով, կոլտնտեսականների զգալի մասի դրամական եկամուտները` 2–3 անգամ: Հնգամյակի կատարումը, մեր երկրի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման պատճառով, ժամանակավորապես ընդհատվեց: Պատերազմի տարիներին վերակառուցվեց կառավարման ու պլանավորման համակարգը, հնգամյա պլանները փոխարինվեցին ընթացիկ դիրեկտիվ առաջադրանքներով, ժողտնտեսությունը և, առաջին հերթին, արդունաբերությունը, փոխադրվեց ռազմ. ռելսերի վրա, աշխատանքային ռեսուրսները մոբիլիզացվեցին, ամեն ինչ ի սպաս դրվեց հաղթանակի ապահովմանը: 1941–ի հուլիսի 1–ից 1946–ի հունվ. 1–ը կապիտալ ներդրումների ծավալը կազմեց 146 մլն ռ., այդ թվում արդյունաբերության մեջ` 46, գյուղատնտեսության մեջ` 48 մլն ռ.: Արդ. հիմնական ֆոնդերն աճեցին 31,4–ով, համախառն արտադրանքի ծավալը մնաց գրեթե անփոփոխ: Վերակառուցվեցին գունավոր մետալուրգիայի Ղափանի և Ալավերդու, քիմ. արդյունաբերության Երևանի ու Կիրովականի ձեռնարկությունները, շահագործման հանձնվեցին Երևանի էլեկտրամեքենաշինական, ավտոդողերի, ավտոպահեստամասերի գործարանները, Կիրովականի կորդի ֆաբրիկան, սկսվեց Քանաքեռի ալյումինի, Երևանի ժամացույցի, Սպիտակի շաքարի և այլ գործարանների կառուցումը: Էլեկտրատնտեսաթյան ընդլայնման շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճեց 47–ով: Ընդարձակվեց գյուղատնտ. կուլտուրաների ցանքատարածությունը, և աճեց բերքատվությունը, կոլտնտեսությունները պլանից դուրս պետությանը հանձնեցին 231 հզ. փութ հացահատիկ, 114 հզ. փութ կարտոֆիլ և 7,8 հզ. տ բանջարեղեն: Կառուցվեցին Ստորին Հրազդանի, Գառնիի, Ուզունլարի, Թալինի, Ադյամանի, Նորքի ջրանցքները, Կոտայքի ջրհան կայանը: Խոշոր աշխատանքներ կատարվեցին կապիտալ շինարարության, տրանսպորտի ու կապի բնագավառներում, հաղթանակի ապահովմանն ուղղվեց նաև գիտության զարգացումը: Չորրորդ հնգամյա պլանի (1946–50) մասին օրենքը քննվեց և հաստատվեց ՀՍՍՀ I գումարման Գերագույն սովետի 11–րդ նստաշրջանում (1946): Հնգամյակի հիմնական տնտ. խնդիրը ժողտնտեսության վերականգնումն ու զարգացումն էր: Այդ տարիներին կապիտալ ներդրումները կազմեցին 365 մլն ռ., որի 36,4–ը` արդյունաբերության, 20–ը` գյուղատնտեսության մեջ: 1946–ին արդ. արտադրության նախապատերազմյան ծավալը վերականգնվեց, իսկ հնգամյակի վերջում աճեց 2,5 անգամ: Կառուցվեց, վերակառուցվեց ու գործարկվեց 220 նոր խոշոր ձեռնարկություն, այդ թվում` Սևանի լճային հիդրոկայանը, Գյումուշի ՀԷԿ–ի հիմնական օբյեկտները, Զորագետի ՀԷԿ–ի երրորդ ագրեգատը, շրջանային 14 հիդրոկայան, Քանաքեռի ՀԷԿ–ի վերջին ագրեգատը, Քանաքեռի ալյումինի գործարանի առաջին հերթը. Երևանի էլեկտրասարքավորումների, կոմպրեսորների, փոքր հիդրոտուրբինների, ավտոպահեստամասերի, ապակու, կղմինդրի գործարանները, ինչպես նաև թեթև ու սննդի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ (Երևանի մահուդի, կահույքի, Կիրովականի մսի, տրիկոտաժի, Լենինականի հրուշակեղենի ևն): Խոշոր տեղաշարժեր կատարվեցին գյուղատնտեսության մեջ, ամրապնդվեց նրա նյութատեխնիկական բազան: 1950–ին գործում էր 46 ՄՏԿ, մեքենա–անասնաբուծական 5 կայան, կոլտնտեսություններին սպասարկում էր 2055 տրակտոր: Արենիի, Ագարակի, Ակների, Վարդենիսի, Ջերմուկի և այլ ՀԷԿ–երի կառուցման շնորհիվ էլեկտրիֆիկացվեց կոլտնտեսությունների մեծ մասը: Շարք մտան Ստորին Հրազդանի ջրանցքի առաջին հերթը, Կոտայքի ջրհան կայանը, Սպիտակի, Լոռու և այլ ջրանցքներ, շարունակվեց բազմաթիվ այլ ջրանցքների ու ջրհան կայանների շինարարությունը, յուրացվեց 8 հզ. հա ճահճակալած ու աղակալած հող: Տեխ. կուլտուրաների ցանքատարածությունն ավելացավ 17, բամբակինը` 26, ծխախոտինը` 29, շաքարի ճակնդեղինը` 50–ով, աճեց բերքատվությունը: 1948–ից սկսվեց Սանահին– Լենինական երկաթուղու էլեկտրիֆիկացման աշխատանքը, աճեց տրանսպորտի բեռնա– և ուղևորափոխադրումների ծավալը, զարգացավ նաև կապը (Երևանում կառուցվեց ավտոմատ հեռախոսակայան), ավելացավ փոստ–հեռագրային կապի բաժանմունքների թիվը: Բարձրացավ աշխատավորների կենսամակարդակը, 1947–ին վերացվեց սպառման ապրանքների բաշխման քարտային սիստեմը, իջեցվեցին (1947–ին, 1948–ին, 1950–ին) դրանց մանրածախ գները, աճեցին դրամական եկամուտները, քաղաքներում ու ավաններում կառուցվեց 1 մլն 55 հզ. մ² բնակտարածություն, գյուղական վայրերում` 15 հզ. բնակելի տուն: Հինգերորդ հնգամյա պլանի (1951–55) խնդիրները մշակվեցին ՀամԿ(բ)Կ XIX համագումարի դիրեկտիվներին համապատասխան: Դրանցից հիմնականը հանրապետության հասարակական արտադրության հզոր վերելքն էր` արտադրության միջոցների արտադրության աճի առաջանցիկ տեմպերի պայմաններում: Արդյունաբերության զարգացման ծրագիրը կատարվեց ժամկետից 1 տարի շուտ: Կապիտալ ներդրումներն աճեցին 1,6 անգամ, այդ թվում արդյունաբերության մեջ` 1,7, գյուղատնտեսության մեջ` 1,5 անգամ: Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կրկնապատկվեց (ծանր արդյունաբերությանը` եռապատկվեց): Կառուցվեց արդ. 41 խոշոր ձեռնարկություն` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Երևանի էլեկտրալամպերի, շինանյութերի, կոնյակի, մարգարինի, Արարատի ագրոշիֆերի, Լենինականի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները, Գյումուշի ՀԷԿ–ի առաջին հերթը: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճեց 233, քիմ. արդյունաբերության համախառն արտադրանքը` 251, տեքստիլինը` 201, կարինը` 143, իսկ սննդհամինը` 155–ով: Որոշակի առաջընթաց ունեցավ գյուղատնտեսությունը: 1955–ին գործում էր 58 ՄՏԿ, 1950–ի համեմատ 43–ով ավելացավ տրակտորային պարկը, 2,3 անգամ` հացահատիկային կոմբայնների, մոտ 2 անգամ` բեռնատար ավտոմեքենաների քանակը: Էլեկտրիֆիկացված էին բոլոր սովետական տնտեսությունների` 85, կոլտնտեսությունների 81 –ը: Ընդարձակվեցին ցանքատարածությունները (10,1 հզ. հա–ով), ավելացավ մթերատու անասունների գլխաքանակը, գյուղատնտ. մթերքների արտադրության ծավալը: 1950–55–ին բարձրացավ տրանսպորտի դերը, ավելացավ շարժակազմը, բարելավվեց կազմակերպումը, աճեց բեռների (երկաթուղով` 153, բեռնատար ավտոմեքենաներով` 223–ով) ու ուղևորների (մոտ չորս անգամ) փոխադրումը: Կապի ձեռնարկությունների թիվը հասավ 282–ի, ընդլայնվեց միջքաղաքային հեռախոսային կապը: Մի շարք միջոցառումներ իրագործվեցին աշխատավորների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ. իջեցվեցին (4 անգամ) սպառման ապրանքների գները, բանվոր–ծառայողների իրական եկամուտներն աճեցին 31 –ով, կառուցվեց 611 հզ. մ² բնակտարածություն, ընդլայնվեց լուսավորության, առողջապահության ցանցը: Վեցերորդ հնգամյա պլանի (1956–60) հիմքում դրվեցին ՍՄԿԿ XX համագումարի (1956) որոշումները: Հնգամյակի հիմնական խնդիրն էր` ծանր արդյունաբերության առավել զարգացման, տեխնիկական առաջընթացի անընդհատ արագացման և աշխատանքի արտադրողականության բարձրացման բազայի վրա ժողտնտեսության հետագա հզոր աճը, ժողովրդի նյութական–կուլտուրական մակարդակի բարձրացումը: Պլանի առաջին երեք տարվա խնդիրները հաջողությամբ կատարվեցին: Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալն աճեց 133–ով. ընդ որում, արտադրամիջոցների արտադրությունը` 135, լայն սպառման ապրանքներինը` 129–ով: Առավել զարգացում ստացան էլեկտրատեխնիկական, շինանյութերի արդյունաբերությունը, մոլիբդենի արտադրությունը, գործիքաշինությունը: Արդ. 87 խոշոր ձեռնարկությունների կառուցման, արտադրության ավտոմատացման, մասնագիտացման, տեխ. նվաճումների արմատավորման շնորհիվ քիմ. արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալն աճեց 161, մեքենաշինությանը` 187, թեթև արդյունաբերությանը` 126, սննդինը` 115–ով: Ընդլայնվեց էներգետիկ բազան. 1958–ին արտադրվեց 2543,8 մլն կվտ–ժ էլեկտրաէներգիա` 500 անգամ ավելի, քան 1913–ին: Ամրապնդվեցին արտաքին տնտ. կապերը (1958–ին արդ. 104 արտադրատեսակ արտահանվում էր 32 երկիր): Կարգավորվեցին գյուղատնտ. մթերքների մթերման և գնման գները, իջեցվեցին կոլտնտեսությունների ու կոլտնտեսականների կողմից մթերքների պարտադիր հանձնումների չափերը, ավելացվեցին գյուղատնտեսությանը հատկացվող գումարները, փոխվեց պլանավորման կարգը ևն: Արզնի– Շամիրամ ջրանցքի, Թալինի ոռոգման սիստեմի, Կոտայքի և այլ ջրանցքների կառուցման շնորհիվ ոռոգելի դարձավ ավելի քան 32 հզ. հա տարածություն, աշխատանքներ կատարվեցին աշխատատար պրոցեսների էլեկտրիֆիկացման և մեքենայացման ուղղությամբ: 1958–ին ՄՏԿ–ները վերակառուցվեցին: Զարգացման բարձր մակարդակի հասան շինարարական ինդուստրիան, տրանսպորտը, կապը, գիտությունը: ՍՍՀՄ հասարակական արտադրությանհեոանկարային մի շարք հարցերի լուծման համար ՍՄԿԿ XXI համագումարի (1959) որոշմամբ մշակվեց ժողտնտեսության զարգացման յոթնամյա պլան (1959–66): Պլանի նախագիծը քննարկվեց ՀԿԿ XX համագումարում (1959): Նոր խնդիրներ առաջադրվեցին հասարակական արտադրության հզոր վերելքի, նրա կառուցվածքի կատարելագործման, գիտության ու տեխնիկայի զարգացման, բնակչության բարեկեցության հետագա բարձրացման բնագավառներում: Պլանի առաջադրանքները հաջողությամբ կատարվեցին: Ազգային եկամուտն աճեց 76–ով, կապիտալ ներդրումների ծավալը կազմեց 2025 մլն ռ.: Արդ. արտադրության ծավալն աճեց 2,2 անգամ, ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր` էլեկտրոնիկա ու ռադիո–էլեկտրոնիկա, սարքաշինություն ու գործիքաշինություն, հաշվիչ մեքենաների արտադրություն ևն: Կառուցվեց արդ. 116 խոշոր ձեռնարկություն և 134 արտադրամաս` Աթարբեկյանի ու Երևանի ՀԷԿ–երը, Երևանի ՋԷԿ–ը, շահագործման հանձնվեցին Լուսավանի (այժմ` Չարենցավան) հաստոցաշինական, Լենինականի հղկող ու միկրոշարժիչների, Արզնու ճշգրիտ տեխ. քարերի գործարանները, Կիրովականի քիմկոմբինատի կորունդի արտադրամասը, ավարտվեց Ղազախ–Երևան գազամուղի, և սկսվեց Արփա–Սևան ջրատարի շինարարությունը ևն: Աշխատանքային ու հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով արդ. նոր հանգույցներ կազմավորվեցին Չարենցավանում, Հրազդանում ու Աբովյանում: 23 –ով աճեց գյուղատնտեսության համախառն արտադրանքը: Ջրովի հողատարածությունները կազմեցին 254 հզ. հա, տնկվեց մրգատու ու խաղողի 7,2 հզ. հա նոր այգի, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն աճեց 1,1, իսկ մանրինը` մոտ 11–ով: Յոթնամյակի տարիներին կառուցվեց մոտ 4,3 մլն մ² բնակելի տարածություն: Տեխնիկապես վերակառուցվեցին տրանսպորտն ու կապը: Էլեկտրիֆիկացվեցին երկաթուղու Երևան–Սևան, Ալավերդի–Այրում ուղեմասերը: Երևանում, Լենինականում և գյուղական մի շարք շրջաններում շահագործման հանձնվեցին ավտոմատ հեռախոսակայաններ, ընդլայնվեց միջքաղաքային հեռախոսացանցը: Էապես բարձրացավ ժողովրդի կենսամակարդակը, իջեցվեցին գյուղատնտ. հարկերն ու որոշ ապրանքատեսակների գները, դադարեցվեց պետ. փոխառության բաժնեգրությունը, ավելացան իրական աշխատավարձի և թոշակավորման ֆոնդերը, բարձրացավ բնակչության գնողունակությունը: Խոշոր աշխատանքներ կատարվեցին գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտների կազմակերպման, ինչպես և բնակչության բուժսպասարկման բնագավառներում: Ութերորդ հնգամյա պլանը (1966–70) կազմվեց ՍՄԿԿ XXIII (1966) և ՀԿԿ XXIV (1966) համագումարների որոշումների հիման վրա: Ժամանակահատվածի կարևորագույն խնդիրները գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների կիրառման և հասարակական արտադրության կազմակերպման կատարելագործման հիման վրա ժողտնտեսության հզոր վերելքը, նրա արդյունավետության բարձրացումը և բնակչության նյութական բարեկեցության աճն էր: Հնգամյակի կատարման շնորհիվ արդ. արտադրության ծավալն աճեց 1,8 անգամ: Հատկապես բարձր տեմպերով զարգացան արդյունաբերության առաջադիմական ճյուղերը` էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը (2,1 անգամ): Գործարկվեց 110 ձեռնարկություն և արտադրամաս, այդ թվում` Երևանի ավտոմոբիլային, քիմ. ռեակտիվների և կենցաղային քիմիայի գործարանները, Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի արտադրության առաջին հերթը, Ղափանի պղնձահանքային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան: Ավարտվեց Երևանի, Հրազդանի, Կիրովականի ՋԷԿ–երի և Տաթևի ՀԷԿ–ի կառուցումը: Էլեկտրակայանների ընդհանուր կարողությունն ավելացավ 1,9, իսկ արտադրությունը` 2,13 անգամ: Խոշոր տեղաշարժեր կատարվեցին գյուղատնտեսության բնագավառում: Համախառն արտադրանքի ծավալն աճեց 20 –ով, շահագործման հանձնվեցին Ապարանի, Մանթաշի, Վարդաքարի ջրամբարները, Մխչյանի, Արևշատի, Նոյեմբերյանի, Գետափի, Աղավնաձորի ջրհան կայանները: Ոռոգելի տարածություններն ավելացան 34 հզ. հա–ով, ջրարբիացվեց 133 հզ. հա արոտավայր: Հացահատիկի միջին տարեկան արտադրությունն ավելացավ 11,5, բանջարեղենինը` 34, կաթինը` 19,4, մսինը` 22,3–ով: Ավարտվեց Հրազդան–Աղստաֆա երկաթգծի Այգեհովիտ– Աղստաֆա հատվածի, ինչպես նաև Երևան–Սևան ավտոմայրուղու Քաղսի–Սևան հատվածի կառուցումը: Շարք մտավ կապի 150 նոր օբյեկտ: Հնգամյակի ընթացքում բնակչության մեկ շնչի իրական եկամուտներն աճեցին 37–ով: Շահագործման հանձնվեց մոտ 6 մլն մ² բնակելի տարածություն: Իններորդ հնգամյա պլանի (1971–75) հիմքում ընկած էին ՍՄԿԿ XXIV և ՀԿԿ XXV համագումարների որոշումները: Կարևորագույն խնդիրը հասարակական արտադրության ինտենսիվացման հիման վրա նրա արդյունավետության, բնակչության նյութական բարեկեցության բարձրացումն էր: Հնգամյակի տարիներին կապիտալ ներդրումները կազմեցին 4423 մլն ռ.: Ազգային եկամուտն աճեց 46–ով, որի 2 3–ից ավելին ստացվեց աշխատանքի արտադրողականության բարձրացման հաշվին: Արդյունաբերության համախառն արտադրանքն աճեց 46,1–ով, այդ թվում ժող. սպառման առարկաների արտադրությունը` 49,2, իսկ արտադրության միջոցներինը` 43–ով: Կուլտուր–կենցաղային և տնտ. ապրանքների արտադրությունն ընդլայնվեց 80–ով: Բարելավվեց արդյունաբերության ճյուղային կառուցվածքը, առավել զարգացան տեխ. առաջընթացն ապահովող, աշխատատար և սակավ հումքատար ճյուղերը: Արդյունաբերության տեղաբաշխման կատարելագործման նպատակով շարք մտած արդ. 45 ձեռնարկություններից (Իջևանի «Բենթոնիտ» կոմբինատ, Չարենցավանի լիզինի և Երևանի մաքուր երկաթի արտադրության, Շինուհայրի ռետինե կոշկեղենի, «Արզնի» հանքային ջրերի, Նուռնուսի քարամշակման ևն) 31–ը կառուցվեցին փոքր քաղաքներում ու ավաններում: Շարունակվեց արդյունաբերության համակենտրոնացման պրոցեսը: 1975–ին արդեն կազմակերպվել էին արտադրական և գիտաարտադրական 36 միավորում, որոնք թողարկում էին հանրապետության արդ. իրացված արտադրանքի 28,5-ը: Զգալիորեն բարելավվեց արտադրանքի որակը, յուրացվեց 402 արտադրատեսակի թողարկումը, 405 արտադրատեսակ ստացավ որակի պետ. նշան: Գյուղատնտ. արտադրանքի միջին տարեկան աճը կազմեց 21,8: Գյուղատնտ. շրջանառության մեջ ներգրավվեց 46 հզ. հա նոր ոռոգելի հող, ջրարբիացվեց 127 հզ. հա արոտավայր: Կոլտնտեսություններն ու սովետական տնտեսությունները ձեռք բերեցին 7,7 հզ. տրակտոր, 8,7 հզ. բեռնատար ավտոմեքենա: Զարգացավ նաև տրանսպորտը, բեռնափոխադրումների ծավալն աճեց 33–ով, շահագործման հանձնվեց 347 կմ ավտոմոբիլային ճանապարհ: Գիտության զարգացմանը հատկացվող միջոցներն ավելացան 37,3–ով, կազմակերպվեց գիտահետազոտական 17 նոր կազմակերպություն և հաշվիչ կենտրոն: Բարձրացավ բնակչության նյութական բարեկեցությունը: Ստեղծված ազգային եկամտի 76,1–ը հատկացվեց սպառմանը, որի շնորհիվ բնակչության իրական եկամուտներն ավելացան 22,4–ով, բանվորների և ծառայողների աշխատավարձն աճեց միջին հաշվով 13,1, կոլտնտեսականների վարձատրությունը` 37–ով: Կառուցվեց և շահագործման հանձնվեց 6,4 մլն մ² բնակելի տարածություն: Տասներորդ հնգամյա պլանի (1976–80) մշակման համար հիմք հանդիսացան ՍՄԿԿ XXV համագումարի որոշումները: Հնգամյակի գլխավոր խնդրի` ժողովրդի կյանքի նյութական և կուլտուրական մակարդակի բարձրացմանն ուղղված կոմունիստական կուսակցության կուրսի հետևողական իրականացման համար նպատակ է դրվում ըստ ամենայնի բարձրացնել հասարակական արտադրության արդյունավետությունը, ավելի լրիվ և ռացիոնալ օգտագործել աշխատանքային և նյութական ռեսուրսները, բարելավել արտադրանքի որակը, վերակառուցել և ընդլայնել գործող արտադրական ձեռնարկությունները, արտադրության մեջ լայնորեն ներդնել նորագույն տեխնիկա և տեխնոլոգիա: Հնգամյակում կապիտալ ներդրումները կավելանան 25–ով և կկազմեն մոտ 5,4 մլրդ ռ.: Ազգային եկամուտը կավելանա 36–ով: Արդ. արտադրանքի ծավալը կաճի 39–ով, այդ թվում արտադրության միջոցների արտադրությունը («Ա» խումբ)` 51, 7, սպառման առարկաների արտադրությունը («Բ» խումբ)` 38–ով: Զարգացման առավել բարձր տեմպեր են նախատեսվում արդյունաբերության առաջադիմական ճյուղերի համար, մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքը կաճի 1,8, էլեկտրաէներգիայինը` 1,6, քիմ. և նավթաքիմիական արդյունաբերությանը` 1,4 անգամ: Այդպիսով ավելի կխորանա հանրապետության էկոնոմիկայի ինդուստրիալ բնույթը: Արտադրողական ուժերը ռացիոնալ տեղաբաշխելու նպատակով նախատեսվում է կառուցվող արդ. 42 ձեռնարկություններից 29–ը տեղադրել փոքր քաղաքներում և գյուղական շրջաններում: Բացի այդ, գյուղական վայրերում առկա աշխատանքային ռեսուրսների առավելագույն զբաղվածությունն ապահովելու համար կկառուցվեն նոր մասնաճյուղեր, կընդլայնվեն գործողները: Գյուղատնտեսության ինտենսիվացման նպատակով կկատարվեն խոշոր կապիտալ ներդրումներ: Արտադրության ծավալը կաճի 23,5-ով: Կստեղծվի 17 ջրամբարից բաղկացած համալիր, կոլտնտեսություններին ու սովետական տնտեսություններին կհատկացվեն բարձր արտադրողական մեքենաներ ու սարքավորումներ ևն: Հանրային արտադրության նշանակալի վերելքի պայմաններում հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամուտները կաճեն 23, սպառման հանրային ֆոնդերից կոլտնտեսականների վարձատրությունը` 12,8–ով: Կկառուցվի 5,26 մլն մ² բնակտարածություն:

Գրկ. Հակոբյան Ա. Մ., Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921–1925 թթ.), Ե., 1955: Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը (1920–1960), Ե., 1960: Հոկտեմբերը և Հայաստանի տնտեսական զարգացումը, Ե., 1967: Ենգոյան Փ. Ի., Հայաստանը ինդուստրացման ուղիով (1926 – 1958), Ե., 1967: Սովետական Հայաստանը 50 տարում (վիճակագրական նյութերի ժողովածու), Ե., 1970: Народное хозяйство Армянской ССР в 1978 г., Е., 1979.

Ա. Ավանեսյան, Ս. Գալստյան