ՀՍՀ/ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆՆԵՐ ՍՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆՆԵՐ ՍՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, երկրի սոցիալ–տնտեսական զարգացման պլանավորման հիմնական ձևը, ժոդովրդատնտեսական երկարաժամկետ, հնգամյա և ընթացիկ պլանների համակարգի օրգանական մասը (տես Պլանավորում ժողովրդական, տնտեսության): Ընդգրկում են սոցիալական, տնտ. և գիտատեխնիկական խնդիրներ, որոնք կոմունիստական կուսակցությունը տվյալ կոնկրետ ժամանակահատվածում առաջադրում է երկարաժամկետ պլանի` ՍՄԿԿ ծրագրից բխող նպատակներն իրականացնելու համար: Ընդ որում, յուրաքանչյուր հնգամյա պլան ունի իր հիմնական տնտեսական խնդիրը, որը համապատասխանում է տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկություններին: Հնգամյա պլանները կոնկրետացնում են երկարաժամկետ պլանի նպատակները, միաժամանակ, ելնելով երկրի էկոնոմիկայի զարգացման ընթացքից, ճշգրտվում են տարեկան ժողտնտեսական պլաններում: Դրանց միջոցով սովետական պետությունը ռեսուրսներն ուղղում է կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման և ժողովրդի բարեկեցության բարձրացման խնդիրների լուծմանը: Հնգամյա պլաններ մշակելիս առաջին հերթին ապահովվում է դրանց համապատասխանությունը սոցիալիզմի օբյեկտիվ տնտ. օրենքների պահանջներին: Պլաններում որոշվում են արտադրության ու կապիտալ շինարարության ծավալները, տեմպերն ու համամասնությունները` ըստ ճյուղերի ու տերիտորիալ կտրվածքով, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակման ու ներդրման, արտադրության համակենտրոնացման, մասնագիտացման ու կոոպերացման, արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման, արտաքին տնտ. կապերի (հատկապես ՏՓԽ–ի անդամ–երկրների հետ) զարգացման առաջադրանքները, սովետական ժողովրդի նյութական բարեկեցության ու կուլտուրական մակարդակի բարձրացման, ինչպես նաև կառավարման, պլանավորման ու տնտեսավարման կատարելագործման միջոցառումները: Հնգամյա պլանի բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջը տեխ. առաջընթացի տեմպերի արագացման հիման վրա հասարակական արտադրության արդյունավետության բարձրացումն է: Հնգամյա պլանները, կուսակցության ու սովետական կառավարության հանձնարարությամբ, մշակում են պետ–, գերատեսչական և արտադրական պլանավորող մարմիններն ու գիտական հիմնարկությունները` երկու փուլով: Առաջին փուլ, պլանային ժամանակաշրջանում երկրի ժողտնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մշակում (ապագա պլանի խոշորացված մոդել): Խնդիրն է` բացահայտել պլանային ժամանակաշրջանի առավել սկզբունքային ու հանգուցային պրոբլեմները և որոշել դրանց լուծման ուղիներն ու միջոցները: Սկզբում գիտական հիմնարկությունները կանխատեսումներ և նախապլանային այլ նյութեր ու առաջարկություններ են մշակում, որոնք հետագայում ճշտվում և օգտագործվում են հնգամյա պլանում նախատեսված առաջադրանքները հիմնավորելու համար: Ձեռնարկությունները, արտադրական միավորումները, մինիստրությունները, միութենական հանրապետությունները և տեղական սովետական մարմինները առաջիկա հնգամյակում ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման հիմնական ուղղությունների նախագծի համար առաջարկություններ են պատրաստում: Դրանք, կանխատեսումների հետ, կազմում են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի Պետական պլանային կոմիտեի (տես Պետական պլանային կոմիտե ՍՍՀՄ) կողմից ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման հիմնական ուղղությունների նախագծի մշակման հիմքը: Վերջինի տվյալներն ու նյութերն օգտագործվում են հերթական հնգամյա պլանի համար ՍՄԿԿ համագումարի դիրեկտիվների նախագիծը նախապատրաստելիս: ՍՄԿԿ ԿԿ դիրեկտիվների նախագիծը ներկայացնում է համաժողովրդական քննարկման: Այնուհետև, հաշվի առնելով ընդունված առաջարկությունները, նախագիծը քննարկվում է կուսակցության հերթական համագումարում: Երկրորդ փուլ. ՍՄԿԿ համագումարի հաստատած դիրեկտիվների հիման վրա ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման ծավալուն հնգամյա պլանի կազմում` ՍՍՀՄ մինիստրություններին, միութենական հանրապետություններին և երկրի տնտ. շրջաններին ըստ տարիների առաջադրանքների բաշխմամբ: Այդ նպատակով ՍՍՀՄ Պետպլանը մինիստրություններին ու միութենական հանրապետություններին հայտնում է առաջադրանքները, որոնց հիման վրա նրանք մշակում են համապատասխան մինիստրությունների կամ հանրապետությունների պլանների նախագծերը և ներկայացնում ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ և Պետպլան: Վերջինը քննում է դրանք և կազմում ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման հնգամյա պլանի հաշվեկշռված նախագիծը` ճյուղային ու տերիտորիալ տեսանկյունով, ինչպես նաև կարևորագույն համալիրների ծրագրերր, և ներկայացնում կառավարության քննարկմանը: ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը, քննելուց ու ճշտելուց հետո, հավանություն է տալիս հնգամյա պլանի նախագծին և ուղարկում ՍՍՀՄ Գերագույն սովետ: ՍՍՀՄ Գերագույն սովետի նստաշրջանում հաստատվելուց հետո հնգամյա պլանը ձեռք է բերում օրենքի ուժ: Դրանից հետո պլանի առաջադրանքները հասցվում են բոլոր կատարողներին: Ելնելով այդ առաջադրանքներից` ճշտվում են միութենական ու ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, քաղաքների ու վարչական շրջանների տնտեսությունների զարգացման հնգամյա պլանների նախագծերը, որոնք համապատասխանաբար հաստատում են միութենական ու ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների և երկրամասերի, մարզերի ու վարչական շրջանների ժող. դեպուտատների նստաշրջանները: Ձեռնարկությունների ու միավորումների հնգամյա պլանները դիրեկտիվ ցուցանիշների սահմանված շրջանակներում հաստատում է վերադաս մարմինը: Բոլոր ցուցանիշների գծով պլանը հաստատում է էկոնոմիկայի համապատասխան հիմնական օղակի (արտադրական միավորում, ձեռնարկություն, կազմակերպություն) ղեկավարը: Կարևոր է հնգամյա պլանների կատարման ստուգումը, որի գլխավոր խնդիրն է` ժամանակին բացահայտել ու կանխել էկոնոմիկայում առաջացող ժամանակավոր անհամամասնությունները, հայտնաբերել չօգտագործված արտադրական ռեզերվները: ՍՍՀՄ մինիստրություններիու գերատեսչությունների, միութենական հանրապետությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հնգամյա պլանների կատարման ստուգման ֆունկցիաներն իրականացնում է ՍՍՀՄ Պետպլանը, իսկ միութենական ու ինքնավար հանրապետություններում, մարզերում, երկրամասերում` հանրապետական պետպլաններն ու տեղական պլանային մարմինները: Պլանների կատարման ընթացքի ստուգման ու վերլուծության աղբյուրը պետ. վիճակագրությունն է: Յուրաքանչյուր հնգամյակ երկրի սոցիալական, տնտ. և տեխ. զարգացման կարևոր փուլ է: Առաջին հնգամյա պլանի (1929–32) հիմնական տնտ. խնդիրը, որը առաջադրեց ՀամԿ(բ)Կ XV համագումարը (1927), սոցիալիստական էկոնոմիկայի հիմքերի ստեղծումը, կապիտալիստական մասնավոր տնտեսության ոլորտի խիստ նեղացումն ու երկրի պաշտպանունակության ամրապնդումն էր: Սոցիալ–տնտեսական կարևորագույն առաջադրանքներից էին` երկիրն ագրարայինից ինդուստրիալ հիմքերի վրա փոխադրումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, ազգային ծայրամասերի էկոնոմիկայի արագատեմպ զարգացումը: Պլանը մշակվեց «գերինդուստրացման» լոզունգով հանդես եկող տրոցկիստների և ծանր արդյունաբերության աճի դանդաղեցում պահանջող աջ օպոզիցիայի դեմ մղվող պայքարում: Այն կատարվեց 4 տարի 3 ամսում: Ազգային եկամուտը կրկնապատկվեց, կապիտալ ներդրումները կազմեցին 7,8 մլրդ ռ., արդ. արտադրությունն աճեց ավելի քան երկու անգամ, ստեղծվեց մոտ 1500 արդ. պետ. խոշոր ձեռնարկություն, այդ թվում` Ուրալ–Կուզնեցկի և Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատները, Ստալինգրադի և Խարկովի տրակտորաշինական, Մոսկվայի և Գորկու ավտոգործարանները: Դնեպրոգէսի ու Ստալինգրադի, Չելյաբինսկի, Զուևի և այլ էլեկտրակայանների գործարկումը հնարավորություն տվեց կատարելու ԳՈԷԼՌՈ–ի պլանի հիմնական առաջադրանքները: ՀամԿ(բ)Կ XVII համագումարի (1934) առաջադրած երկրորդ հնգամյա պլանով (1933–37) կարևոր սոցիալ–տնտեսական խնդիրներ դրվեցին ժողտնտեսության բոլոր ճյուղերի տեխ. վերակառուցման և սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, տնտեսության մեջ մասնավոր կապիտալիստական տարրերի դուրս մղման և մարդու կողմից մարդու շահագործման պատճառների լրիվ վերացման մասին: Հնգամյակի կատարման շնորհիվ երկրում հիմնականում կառուցվեց սոցիալիստական հասարակարգ, ավարտվեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը, ստեղծվեց կոլտնտեսային կարգը: Սոցիալիստական սեփականության բաժինը կազմեց ժողտնտեսության հիմնական ֆոնդերի` 99, պետ.` 90–ը: Աշխատունակ բնակչության մոտ 95–ն ընդգրկվեց տնտեսության սոցիալիստական սեկտորի մեջ: Ազգային եկամուտը 1932–ի համեմատ աճեց 2,1, կապիտալ ներդրումները` 2,3, արդ. արտադրանքը` 2,2 անգամ: Շարք մտավ պետ. արդ. 4500 խոշոր ձեռնարկություն` ծանր մեքենաշինության Ուրալի և Կրամատորսկի, Ուրալի վագոնաշինական, Չելյաբինսկի տրակտորաշինական, «Ազովստալ», Տաշքենդի տեքստիլ և այլ գործարաններ: ՍՍՀՄ–ը վերածվեց ինդուստրիալ տերության: Երրորդ հնգամյա պլանը (1938–42) հաստատեց ՀամԿ(բ)Կ XVIII համագումարը (1939): Որոշվեց կարևոր քայլ կատարել սոցիալիստական հասարակարգի հիմնական տնտ. խնդրի` մեկ շնչրն ընկնող արդ. կարևորագույն արտադրատեսակների թողարկման ծավալով կապիտալիստական առաջավոր երկրներին հասնելու և անցնելու բնագավառում: Կարևորագույն առաջադրանքներից էր նաև երկրի ինդուստրիալ հզորության բարձրացումն ու պաշտպանունակության ամրապնդումը: Հնգամյակի առաջին երեք տարիներին գործարկվեց արդ. մոտ 3000 խոշոր ձեռնարկություն, արդ. արտադրանքի ծավալն աճեց 45–ով: Շարք մտան Ուգլիչի և Կոմսոմոլսկի ՀԷԿ–երը, Նովոտագիլի և Պետրովսկ–Զաբայկալսկի մետալուրգիական, Սրեդննուրալսկի և Բալխաշի պղնձաձուլական, Ուֆայի նավթամշակման գործարանները: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին արդ. արտադրության ծավալով ՍՍՀՄ–ը Եվրոպայում առաջինն էր, աշխարհում` երկրորդը: Պատերազմի տարիներին հիմնական ջանքերն ուղղվեցին արլ. շրջաններում, միջինասիական և անդրկովկասյան հանրապետությունների տերիտորիայում պաշտպանական նշանակության ձեռնարկությունների ստեղծման վրա: Գործարկվեց 3,5 հզ. նոր և վերականգնվեց արդ. մոտ 7,5 հզ. խոշոր և միջին ձեռնարկություն: 1946–ի մարտին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը հաստատեց չորրորդ հնգամյա պլանը (1946–50), որը միաժամանակ անվանվեց ժողտնտեսության վերականգնման և հետագա զարգացման պլան: Հիմնական խնդիրն էր` վերականգնել երկրի ավերված շրջանները, հասնել արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման մինչպատերազմյան մակարդակին, գերազանցել այն և, այդ հիմքի վրա, բարձրացնել սովետական ժողովրդի նյութական բարեկեցությունը: Պլանի առաջադրանքները կատարվեցին ժամկետից շուտ: 1940–ի համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալն աճեց 73, ազգային եկամուտը` 64–ով: Կապիտալ ներդրումները կազմեցին 48 մլրդ ռ.: Կառուցվեց և վերակառուցվեց արդ. 6200 խոշոր ձեռնարկություն` Անդրկովկասի մետալուրգիական, Կալուգայի տուրբինների, Կոլոմենսկի ծանր մեքենաշինության գործարանները, Ուստ–Կամենոգորսկի կապարի–ցինկի կոմբինատը ևն: Սկսվեց երկրում խոշորագույն հիդրոկայանների, գազամուղների, ոռոգման սիստեմների շինարարությունը, տափաստանային շրջաններում ստեղծվեցին դաշտապաշտպան անտառաշերտեր, բարձրացավ գյոլղատնտ. արտադրության արդյունավետությունը: Խոշոր կապիտալ ներդրումներ կատարվեցին բնակշինարարության մեջ, կուլտուրկենցաղային, լուսավորության, առողջապահության ու գիտության օբյեկտների կառուցման համար: 1947–ի դեկտեմբերին վերացվեց ժող. սպառման ապրանքների բաշխման քարտային սիստեմը: ՍՄԿԿ XIX համագումարի (1952) առաջադրած հինգերորդ հնգամյա պլանի (1951–55) գլխավոր խնդիրը երկրի ժողտնտեսության բոլոր ճյուղերի հետագա վերելքն էր` ծանր արդյունաբերության արագատեմպ զարգացման, հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացման, արտադրանքի տեսականու և որակի բարելավման հիման վրա: Նախատեսվում էր ժողովրդի բարեկեցության ու կուլտուր–տեխնիկական մակարդակի բարձրացման միջոցառումների լայն ծրագիր: Հնգամյակի ընթացքում զգալիորեն գերակատարվեց ժող. սպառման ապրանքների արտադրության առաջադրանքը, որի շնորհիվ մոտեցան արդյունաբերության «Ա» և «Բ» խմբերի արտադրանքի աճի տեմպերը: Պլանի կատարման շնորհիվ ազգային եկամուտն աճեց 71, արդ. արտադրանքը` 85, գյուղատնտ.` 21, կապիտալ ներդրումների ծավալը` 90 ով: Կառուցվեց արդ. 3200 նոր խոշոր ձեռնարկություն` Օրսկ–Խալիլովսկի մետալուրգիական, Բերեզնիկովսկի կալիական աղերի, Նովոկույբիշևսկի նավթամշակման կոմբինատները, Չերեպովեցկի մետալուրգիական գործարանը ևն: Շարք մտան Պրիդնեպրովսկի, Հարավ–Կուզբասյան, Հարավ–Ուրալյան ՋԷԿ–երը, Կամայի, Գորկու, Ցիմլյանսկի, Կախովկայի, Ուստ–Կամենոգորսկի, Մինգեչաուրի, Գյումուշի ՀԷԿ–երը, Վ. Ի. Լենինի անվ. Վոլգա–Դոն ջրանցքը: Ձեռնարկվեց խամ ու խոպան հողերի յուրացումը, որի շնորհիվ ցանքատարածություններն ավելացան 39,7 մլն հա–ով: Խոշոր աշխատանքներ ծավալվեցին սոցիալիստական պետությունների պլանների կոորդինացման, հատկապես ՏՓԽ անդամ–երկրների տնտ. համագործակցության բնագավառում: Վեցերորդ հնգամյա պլանի (1956–60) հիմնական տնտ. Խնդիրը ծանր արդյունաբերության առավել զարգացման, տեխ. առաջընթացի և հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ ժողտնտեսության հետագա աճի, առաջին հերթին` արդյունաբերության առաջադիմական ճյուղերի արագատեմպ զարգացման ապահովումն էր և, այդ հիմքի վրա, ժողովրդի նյութական բարեկեցության բարձրացումը: Հնգամյակի տարիներին ազգային եկամուտն աճեց 54, արդյունաբերության համախառն արտադրանքը` 64, գյուղատնտեսությանը` 32, կապիտալ ներդրումները` 87–ով: Ստեղծվեցին արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր և ենթաճյուղեր` սարքաշինություն, ռադիոտեխնիկական ու էլեկտրոնային արդյունաբերություն ևն: 1956–58–ին գործարկվեց արդ. 2690 ձեռնարկություն (Սերովի երկաթա–միահալվածքի, Նովոգորկովսկի և Վոլգոգրադի նավթամշակման գործարանները, Սարատովի քիմկոմբինատը ևն), Վոլգայի, Իրկուտսկի, Նովոսիբիրսկի, Տղիբուլիի և Արզնիի ՀԷԿ–երը: Ժողովրդատնտեսական մի շարք խոշոր պրոբլեմների (սոցիալ–կուլտուրական շինարարության համար լրացուցիչ ֆինանսական աղբյուրների որոնում, օգտակար հանածոների նոր, առավել արդյունավետ հանքավայրերի հայտնաբերում ևն) լուծման նպատակով անհրաժեշտ համարվեց վերանայել վեցերորդ հնգամյակի վերջին երկու տարիների ծրագիրը, կազմվեց յոթնամյա պլան: Յոթնամյա պլանի (1959–65) հիմնական տնտ. խնդիրներն առաջադրեց ՍՄԿԿ XXI համագումարը (1959). արտադրողական ուժերի, ժողտնտեսության բոլոր ճյուղերի համակողմանի զարգացում, երկրի տնտ. պոտենցիալի հզորացում և, այդ հիմքի վրա, ժողովրդի նյութական բարեկեցության աճ: Առանձնակի ուշադրություն դարձվեց քիմ., ոադիոէլեկտրոնային, սարքաշինական արդյունաբերության առաջանցիկ տեմպերով զարգացմանը, գյուղատնտ. արտադրության ինտենսիվացմանը, շինարարության մեջ ինդուստրիալ մեթոդների ներդրմանը Յոթնամյակում ազգային եկամուտն աճեց 53, արդ. արտադրանքի ծավալը` 84, գյուղատնտեսությանը` 15–ով: Ժողտնտեսության մեջ կապիտալ ներդրումները կազմեցին 281 մլրդ ռ.: Կառուցվեց արդ. 5470 խոշոր ձեռնարկություն: Գործարկվեցին Բրատսկի, Վոտկինսկի, Դնեպրոձերժինսկի, Բուխտարմայի, Կրեմենչուգի, Կիևի ՀԷԿ–երը, Արեմտա–Սիբիրյան և Կարագանդայի մետալուրգիական գործարանները, Կաչկանարի, Ուստ–Կամենոգորսկի, Բառնաուլի ու Շչեկինոյի կոմբինատները, Բուխարա–Ուրալ գազամուղը ևն: Խոշոր տեղաշարժեր կատարվեցին երկրի արտադրողական ուժերի տեղաբաշխման բնագավառում: Բարձրացվեց մի շարք մասնագիտությունների աշխատողների աշխատավարձը, կոլտնտեսականների համար սահմանվեց կենսաթոշակների համակարգ, խոշոր միջոցներ հատկացվեցին սպառման հասարակական ֆոնդերին: Ութերորդ հնգամյա պլանի (1965–70) հիմքում դրվեցին ՍՄԿԿ Կենտկոմի 1964–ի Հոկտեմբերյան, 1965–ի Մարտյան և Սեպտեմբերյան պլենումների, ՍՄԿԿ XXIII համագումարի (1966) որոշումները: Սկզբնավորվեց արտադրության կառավարման ու պլանավորման ժամանակակից համակարգը: Նախատեսվեց անցում կատարել ժողտնտեսության կառավարման ճյուղային սկզբունքին, լայնորեն կիրառել հասարակական արտադրության զարգացման տնտ. խթանները: Հնգամյակի հիմնական տնտ. խնդիրը` տեխ. առաջընթացի նվաճումների ներդրման, հասարակական արտադրությունն ինդուստրիալ մեթոդներով վարելու և նրա արդյունավետությունն ըստ ամենայնի բարձրացնելու ուղիով արդյունաբերության նշանակալի զարգացումը, գյուղատնտ. արտադրության կայուն, բարձր տեմպերով աճի ապահովումը և, այդ հիմքի վրա, սովետական ժողովրդի կենսամակարդակի էական բարձրացումն էր: Պլանը կարևորագույն ցուցանիշների գծով գերակատարվեց: Կառուցվեց արդ. 1900 խոշոր ձեռնարկություն (Մերձդնեպրյան ՊՇԷԿ–ը, Վոլգայի տուրբինների գործարանը, Դոնեցկի մանածագործական, Վոլգոգրադի, Շախտյորսկի, Լենինոգորսկի տրիկոտաժի ֆաբրիկաները ևն), ձևավորվեց ՍՍՀՄ եվրոպական մասի և ստեղծվեց Կենտրոնական Սիբիրի միասնական էներգահամակարգերը: Ազգային եկամուտն աճեց 41,5 (որի ավելի քան 2 3–ը ստացվեց աշխատանքի արտադրողականության բարձրացման հաշվին), արդ. արտադրության ծավալը` 50,5-ով, գյուղատնտ. արտադրության միջին տարեկան աճը կազմեց 21: Բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամուտներն աճեցին մոտ 33–ով: Իններորդ հնգամյա պլանը (1971–75) մշակվեց ՍՄԿԿ XXIV համագումարի (1971) դիրեկտիվների հիման վրա: Հնգամյակի գլխավոր խնդիրը սոցիալիստական արտադրության բարձր տեմպերով զարգացման, դրա արդյունավետության բարձրացման և հասարակական աշխատանքի արտադրողականության անշեղ աճի հիման վրա ժողովրդի նյութական ու կուլտուրական կենսամակարդակի զգալի բարձրացման ապահովումն էր: Հնգամյակի ընթացքում լայն թափ ստացավ արտադրական, գիտաարտադրական միավորումների և ագրոարդյունաբերական համալիրների կազմակերպումը: Հարց դրվեց բազմաստիճան համակարգից անցնել երկօղակ և եռօղակ կառավարման` ստեղծելով արտադրական միավորումներ ու ձեռնարկություններ ընդգրկող արդ. միավորումներ: Հնգամյակի տարիներին ազգային եկամուտն աճեց 28–ով, որի մոտ 4 5–ը ստացվեց հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացման հաշվին: Կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը կազմեց 500 մլրդ ռ.: Հիմնական արտադրական ֆոնդերն աճեցին 1,5 անգամ, աշխատանքի արտադրողականությունն արդյունաբերության մեջ աճեց 34, գյուղատնտեսության մեջ` 22, շինարարությունում` 29–ով: Արդ. արտադրանքն աճեց 43, գյուղատնտեսությանը` 13–ով: Գործարկվեց արդ. մոտ 2000 խոշոր ձեռնարկություն, այդ թվում` Կրասնոյարսկի ՀԷԿ–ը, Վոլգայի ավտոգործարանը, Լենինգրադի ատոմային էլեկտրակայանը, Կրիվոյ ռոգի մետալուրգիական գործարանի դոմնային վառարանը, Բրատսկի ալյումինի գործարանը ևն: Բանվոր–ծառայողների աշխատավարձը բարձրացվեց միջին հաշվով 20, կոլտնտեսականների վարձատրությունը` 25–ով, ապրանքաշրջանառությունն աճեց 36–ով: Կառուցվեցին 544 մլն մ² մակերեսով բնակելի շենքեր: Տասներորդ հնգամյա պլանի (1976–80) հիմնական ուղղությունները մշակեց ՍՄԿԿ XXV համագումարը, պլանը հաստատեց ՍՍՀՄ IX գումարման Գերագույն սովետի հինգերորդ նստաշրջանը: Հնգամյակի գլխավոր խնդիրը հասարակական արտադրության դինամիկ ու համամասն զարգացման և նրա արդյունավետության բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, ժողտնտեսության բոլոր օղակներում աշխատանքի որակի ըստ ամենայնի բարելավման հիման վրա ժողովրդի կյանքի նյութական ու կուլտուրական մակարդակը բարձրացնելու` կոմունիստական կուսակցության կուրսի հետևողական իրականացումն է: Պլանավորված է արդ. արտադրանքի ծավալն ավելացնել 36, այդ թվում արտադրության միջոցների արտադրությանը` 38, իսկ սպառման առարկաների արտադրությունը` 32–ով: Հնգամյակում հատուկ ուշադրություն է դարձվում արդյունաբերության առաջադիմական ճյուղերի` էլեկտրաէներգիայի, մեքենաշինության, քիմ. և նավթաքիմիական արդյունաբերության զարգացմանը: Գործող և կառուցվող էլեկտրակայաններում կգործարկվեն 71 մլն կվտ կարողություններ: Նավթի և գազի արդյունահանումը հիմնականում կաճի արևելյան շրջանների նոր հանքավայրերի շահագործման հաշվին: Գյուղատնտեսության արտադրանքի տարեկան միջին ծավալը կավելանա 17–ով: Հավելաճը հիմնականում ձեռք կբերվի գյուղատնտ. արտադրության ինտենսիվացման ուղիով: Շահագործման կհանձնվեն 4 մլն հա ոռոգելի հողատարածություն, կցամաքեցվի 4,7 մլն հա ճահճային հող, կիսաանապատային և լեռնային շրջաններում կջրարբիացվի մոտ 38 մլն հա արոտավայր: Տրանսպորտի բոլոր տեսակների բեռնաշրջանառությունը կաճի 30, ուղեորաշրջանառությունը` 23–ով: Կզարգանան տրանսպորտի խնայողաբեր միջոցների` կոնվեյերային, խողովակաշարային և ճոպանուղային տեսակները: Կապիտալ ներդրումները ժողտնտեսության մեջ կաճեն 24–26–ով: Շինարարության մեջ լայնորեն կկիրառվեն նոր տեսակի, տեխ. առավել բարձր հատկություններ ունեցող շինանյութեր: Նյութական արտադրության մեջ հասարակական աշխատանքի արտադրողականությունը կաճի 25–ով, դրա հետևանքով կենդանի աշխատանքի պայմանական տնտեսումը կկազմի 25 մլն մարդ (իններորդ հնգամյակում` 20 մլն): Արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականությունը կաճի 30,6–ով, որի հաշվին ձեռք կբերվի արտադրանքի հավելաճի մոտ 90: Կարևոր ուշադրություն կդարձվի նաև նյութական ծախսումների տնտեսմանը, հումքա–էներգետիկ ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը: Հնգամյակում ազգային եկամուտը կաճի 28, բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամուտները` 22–ով: Սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման գործում կբարձրանա սպառման հանրային ֆոնդերի դերը: ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման հնգամյա պլանները հաջողությամբ իրագործելու շնորհիվ իրականացվել է երկրի ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը և կուլտուրական հեղափոխությունը, կառուցվել զարգացած սոցիալիստական հասարակարգ, ստեղծվում է կոմունիզմի նյութատեխնիկական բազան: Հսկայական չափերով աճել է երկրի տնտ. պոտենցիալը, ազգային հարստությունը 1979–ի սկզբին գնահատվում էր 2400 մլրդ ռ. չափով: Բոլոր հնգամյակներում բարձր տեմպերով աճել է կարևորագույն արտադրատեսակների թողարկումը, անշեղորեն բարձրացել է սովետական ժողովրդի նյութական բարեկեցությունն ու կուլտուրական մակարդակը: Հնգամյա պլանների մշակման և իրագործման ՍՍՀՄ փորձը հաջողությամբ կիրառում են սոցիալիստական երկրներում, իսկ ՏՓԽ անդամ–երկրներն իրենց հնգամյա պլանները փոխադարձաբար կոորդինացնում են:
Գրկ. Լենին Վ. Ի., Սովետական իշխանության հերթական խնդիրները, Երկ., հ– 27: Նույնի, Գիտա–տէխնիկական աշխատանքների պլանի ուրվագիր, նույն տեղում: Նույնի, Միասնական տնտեսական պլանի մասին, նույն տեղում, հ. 32: Методологические указания к разработке государственных планов развития народного хозяйства СССР, М., 1979 Народное хозяйство СССР в 1978 г..Стат. ежегодник, М., 1979 Решения партиии правительства по хозяйственным вопросам,т. 1–11, М., 1967–77. Ա. Ավանեսյան
