Jump to content

ՀՍՀ/ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ցեղակից լեզուների ամենամեծ ընտանիքը: Հ. լ–ի կազմի մեջ մտնում են հետևյալ լեզվաճյուղերը և լեզուները.

1. հնդ. (հնդարիական) լեզուներ, տարբերակում են հին, միջին և նոր հնդ. լեզուներ: Հին հնդ. լեզուներն են վեդայական հնդկերենը, էպիկական հնդկերենը և դասական սանսկրիտը: Միջին հնդ. լեզուներն են պալին, պրակրիտները, ապաբհրանշան, շաուրասենին, մագադհին, մահարաշտրան: Նոր հնդ. լեզուներն են հինդուստանին (երկու տարբերակով` հինդի և ուրդու), բենգալին, փենջաբին, սինդհին, ռաջաստանին, հուջարաթին, մարաթին, քաշմիրին, նեպալին ևն:

2. Իրանական լեզվախմբում տարբերակում են հին, միջին և նոր իրանական լեզուներ: Հին իրանական լեզուներն են հին պարսկերենը, «Ավեստա»–ի լեզուն, միդիերենը (էլամերենը) և սկյութերենը: Միջին իրանական լեզուների շրջանից սկսած տարբերակում են արմ. և արլ. իրանական լեզուներ, արմ.` միջին պարսկերեն (հին կամ պարթևական և նոր կամ սասանյան պահլավերեն տարբերակներով), արլ.` սոգդիերեն, խորեզմերեն, սակերեն: Նոր շրջանի արմ. իրանական լեզուներ` նոր պարսկերեն կամ ֆարսի, տաջիկերեն, թաթերեն, թալիշերեն, գիլաներեն. արլ. իրանական նոր լեզուներ` աֆղաներեն կամ փուշտու, օսերեն, յադնոբերեն, բելուջերեն. պամիրյան` շուգնաներեն, ռուշաներեն, բարտանգերեն, սարիքուլի, յազգուլամերեն, վախաներեն, իշկաշիմերեն ևն:

3. Բալթիական լեզուներն են հին պրուսերենը (մեռած XVII դ.), լիտվերենը, լատվերենը, լատհալերենը (ոմանք համարում են լատվերենի բարբառ):

4. Սլավոնական լեզուները բաժանվում են արլ., արմ. և հվ. ենթախմբերի. արլ.` ռուս., ուկր., բելոռուս., արմ.` չեխերեն, սլովակերեն, լեհերեն, կաշուբերեն, սերբալուժիերեն (այլ անվամբ` սորաբերեն, վենդերեն)` վերին և ստորին տարբերակներով, պոլաբերեն (մեռած XVIII դ.), հվ.` բուլղ., սերբա–հորվաթերեն, սլովեներեն, մակեդոներեն, հին սլավ, կամ եկեղեցասլավոներեն (ավանդված IX դարից):

5. Հայերեն, առանձին ճյուղ, բաժանվում է մի քանի շրջանի, որոնցից առավել տարածված է հետևյալ բաժանումը` հին կամ գրաբար, միջին և ժամանակակից` երկու (արլ. և արմ.) գրական տարբերակներով:

6. Ալբաներեն, ունի երկու հիմնական բարբառ:

7. Հունարեն, բաժանվում է երեք շրջանի` հին հուն., միջին կամ բյուզանդական և ժամանակակից հուն.:

8. Թրակերեն, ավանդված է առանձին արձանագրություններով, հատուկ անուններով` մ. թ. ա. VI դ.–մ. թ. I–IV դդ.: Հավանաբար հայերենի հետ ունեցել է սերտ առնչակցություններ:

9. Իտալ. լեզուներ, բաժանվում են երկու խմբի` օսկ–ումբրյան և լատ.: Օսկ–ումբրյան լեզուներն են օսկերենը, ումբրերենը և սաբելյան լեզուները (բոլորն էլ` մեռած): Լատ. խմբի մեջ մտնում են հին լատ. և ժող. լատ.:

10. ժող. լատ–ից առաջացած ռոմանական լեզուներ` իտալ., ֆրանս., իսպաներեն, պորտուգալերեն, ռումիներեն ևն:

11. Կելտական լեզուներ, բաժանվում են երեք խմբի` գալլյան, զաելյան և բրիտական: Գալլյան խմբի լեզուներն են գալլերենը և նրա տարբերակները (բոլորն էլ` մեռած IV–V դարերից), գաելյան լեզուներն են իռլանդերենը, շոտլանդերենը (սկովտերեն), մեներենը. բրիտական լեզուներն են բրետոներենը, վալլիերենը կամ կիմրերենը (այլ անվամբ` ուելսերեն) և կոռներենը` մեռած XVIII դ.: Որոշ լեզվաբաններ գաելյան և բրիտական լեզուները կոչում են կղզիների, իսկ գալլյան լեզուները` մայրցամաքային:

12. Գերմ. լեզուներ, բաժանվում են երեք խմբի` արլ., արմ. և հս. կամ սկանդինավյան, արլ.` գոթերեն, վանդալերեն, բուրգունդերեն (երեքն էլ` մեռած), արմ.` անգլ., ֆրիզերեն, հոլանդերեն, ֆլամանդերեն (հոլանդերենի տարբերակն է), գերմ., իդիշ, բուրերեն (աֆրիկաանս կամ աֆրիկաներեն). հս. կամ սկանդինավյան` իսլանդերեն, նորվ., շվեդ., դանիերեն, ֆարերեն (ֆարյորերեն կամ ֆերյորերեն):

13. Խեթա–լուվիական կամ հին անատոլիական լեզուներ (բոլորն էլ` մեռած), սեպագիր խեթերեն կամ նեսիտերեն, լուվիերեն, պալայերեն, լիկիերեն, լիդիերեն:

14. Թոխարական լեզուներ, տարբերակում են թոխարերեն Ա կամ կարաշարերեն, տուրֆաներեն և թոխարերեն Բ կամ քուչերեն: Հ. լ. են համարվում նաև փռյուգերենը, իլլիրական լեզուները, վենետերենը, պելասգերենը: Նշված լեզուների մեկ լեզվաընտանիքի մեջ մտնելը պայմանավորված է դրանց էական հատկանիշների ընդհանրությամբ, որոնցով առանձնանում են այլ լեզվաընտանիքների լեզուներից: Հ. լի ընդհանրությունները` և նյութական, և կառուցվածքային, ի հայտ են գալիս լեզվական բոլոր մակարդակներում, այդ լեզուների բառապաշարի հիմնական բառաֆոնդի նշանակալի մասը` ազգակցություն ցույց տվող բառերը, դերանունները, թվականները ևն, ծագումնաբանական ընդհանրություններ են: Ընդհանրությունները դրսևորվում են նաև Հ. լ–ի քերականական կառուցվածքի մեջ. հին Հ. լ–ի քերականական կառուցվածքի բնորոշ գծերից մեկը թեքականությունն էր: Ձևաբանական կարևոր դեր են կատարել վերջավորությունները, որոնք սերտորեն կապված են եղել հիմքի հետ, ինչպես նաև արմատի և հիմքի ձայնավորների ու բաղաձայնների հերթագայությունը, վերջինս ունեցել է նաև բառակազմական նշանակություն: Հ. լ–ի ընդհանրությունների առկայությունը հանգեցնում է հայտնի Հ. լ–ի համար մեկ ընդհանուր աղբյուրի (հնդեվրոպական նախալեզու, հիմք–լեզու, հնդեվրոպական հնագույն բարբառներ) կանխադրման գաղափարին: Հ. լ–ի տվյալների համեմատության և համադրման միջոցով վերականգնում են, իհարկե, ընդհանուր գծերով միայն, հնդեվրոպական նախալեզուն, որից հետագայում առաջացել են նշված Հ. լ.: Հնդեվրոպական ցեղերի նախահայրենիքը մինչև վերջերս համարվել է Հարավ–Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպան, մինչդեռ նորագույն ուսումնասիրություններում այն տեղադրվում է Հայկական լեռնաշխարհում, նրան հարակից Հյուսիսային Միջագետքում, Փոքր Ասիայի արլ. և Իրանական բարձրավանդակի հս–արմ. մասերում:

Գրկ. Աղայան Է. Բ., Լեզվաբանության ներածություն, Ե., 1967: Реформатский А. А., Введение в языковедение, М., 1967.

Ն. Սիմոնյան