Jump to content

ՀՍՀ/ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ, երկրագնդի երրորդ մեծ օվկիանոսը: Գտնվում է Ասիայի, Աֆրիկայի, Ավստրալիայի և Անտարկտիդայի միջև: Միացած է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներին: Տարածությունը 74917 հզ. կմ² է, միջին խորությունը` 3897 մ, ծավալը` 291945 հզ. կմ³ (առանց ծովերի, համապատասխանաբար` 73442,7 հզ. կմ², 3963 մ, 291030 հզ. կմ³):

Ֆիզիկաաշխարհագրական ակնարկ: Մյուս օվկիանոսների համեմատությամբ ծովերն (Կարմիր, Անդամանյան, Արաբական, Արաֆուրյան, Թիմորի, Պարսից ծոց) ու կղզիները (Մադագասկար, Շրի Լանկա, Սոքոթրա, Մասկարենյան, Կրոզե, Արքայազն Էդուարդ, Մալդիվյան, Լաքադիվյան, Չագոս, Կոկոսյան ևն) քիչ են: Ափագիծը, բացառությամբ հս. մասի, թույլ է կտրտված: Ափերի երկայնքով ձգվող մայրցամաքային ծանծաղուտն ունի 50–200 մ խորություն, մայրցամաքի լանջը Ինդոս, Գանգես և այլ գետերի ստորջրյա հովիտներով կտրտված զառիվեր սանդղավանդ է: Հ. օ–ի հս–արլ. մասում է Զոնդյան կղզիների աղեղը և նրան ուղեկցող խորջրյա անդունդը (7209 մ առավելագույն խորությամբ): Օվկիանոսի հատակը լեռնաշղթաներով բաժանված է Արաբական, Արևմտա–Ավստրալիական, Աֆրիկա–Անտարկտիկական և այլ գոգավորությունների: Նշանավոր լեռնաշղթան (մոտ 5000 կմ երկարությամբ) Արևելա–Հնդկականն է, որը հվ–ում միանում է Արևմտա Ավստրալիական լեռնաշղթային: Հրաբուխները (Բարդինի, Շչերբակովի, Լենա ևն) Մադագասկարից հս. առաջացնում են խոշոր զանգվածներ, Կոկոսյան կղզիներից արլ.` լեռնաշղթաներ: Օվկիանոսի միջին մասում գտնվող լեռնային համակարգը, բաղկացած 400–800 կմ լայնության, 2–3 կմ բարձրության երեք ճյուղից, տարածվում է դեպի հս.` առաջացնելով Արաբա–Հնդկական լեռնաշղթան, հվ–արմ.` Արևմտյան Հնդկական և Աֆրիկա–Անտարկտիկական լեռնաշղթաները, և հվ–արլ.` Կենտրոնական Հնդկական լեռնաշղթան, Ավստրալա–Անտարկտիկական բարձրությունները: Հ. օ–ի նստվածքներն ունեն 3–4 կմ հզորություն: Առավել տարածված են ֆորամինիֆերային, դիատոմիտային, ռադիոլյարային և կորալային նստվածքները: Արմատական ապարների ելքերը հաճախ հանդիպում են մայրցամաքային լանջերին (նստվածքային, մետամորֆային ապարներ) և լեռներում (բազալտներ): Հ. օ–ին բնորոշ են տեկտոնական կառուցվածքների կայունությունը ինչպես հուներում (տալասսոկրատոններ), այնպես էլ ծայրամասերում (մայրցամաքային պլատֆորմներ): Ակտիվ զարգացող կառուցվածքները` ժամանակակից գեոսինկլինալները (Զոնդյան աղեղ) և գեոռիֆտոգենալները (միջին օվկիանոսային լեռնաշղթա), գրավում են փոքր տարածություններ և հանդիսանում են Հնդկաչինի ու Արևելյան Աֆրիկայի համապատասխան կառուցվածքների շարունակությունը: Այդ հիմնական խոշոր կառուցվածքները, խիստ տարբերվելով իրարից մորֆոլոգիայով, երկրակեղևի կառուցվածքով, սեյսմոակտիվությամբ և հրաբխականությամբ, բաժանվում են ավելի մանր կառուցվածքների` պլիտաների, իջվածքների, կոշտային և հրաբխային լեռների (տեղ–տեղ պսակված կորալային կղզիներով ու խրատներով` Չագոս, Մալդիվյան կղզիներ ևն), հունաբեկվածքների (Չագոս, Օբի ևն), հաճախ կապված կոշտային լեռնաշղթաների (Արևելա–Հնդկական, Արևմտա–Ավստրալիական, Մալդիվյան ևն) ստորոտների բեկվածքային զոնաների, տեկտոնական սանդղավանդների հետ ևն: Հ. օ–ի հունային կառուցվածքներում առանձնահատուկ տեղ է գրավում Մասկարենյան լեռնաշղթան, ըստ երևույթին, Գոնդվանա հին մայրցամաքի մասը հանդիսացող կառուցվածքը: Օգտակար հանածոներից կան նավթ և գազ (հատկապես Պարսից ծոցում), մոնացիտային ավազ (Հնդկաստանի հվ–արմ. մերձափնյա շրջանում), քրոմիտներ, երկաթ, մանգան (ռիֆտային զոնաներում), երկաթ–մանգանային կոնկրեցիաներ (օվկիանոսի հս–ում): Կլիման հս. մասում մուսսոնային է: Հս–ում ամռանը օդի միջին ջերմաստիճանը 25–27°C է, Աֆրիկայի ափերի մոտ` մինչև 23°C: Հվ–ում, հվ. լայնության 30–ի մոտ օդի ջերմաստիճանն ամռանը իջնում է մինչև 20– 25°C, հվ. Լայնության 60–ից հվ.` 0°C–ից ցածր: Ձմռանը օդի ջերմաստիճանը փոփոխվում է 27,5C–ից (հասարակածի մոտ) մինչև 20°C hu. մասում, մինչև 15°C հվ. լայնության 30–ի մոտ և 0°C–ից ցածր` հվ. լայնության 55–60–ից հվ., ընդ որում հվ. մերձարևադարձային լայնություններում շուրջ տարի օդի ջերմաստիճանը արմ–ում, Մադագասկարյան տաք հոսանքի ազդեցության տակ, 3°C– 6 ՞ С–ով բարձր է, քան արլ–ում, որտեղ գործում է Արևմտա–Ավստրալիական սառը հոսանքը: Տեղումներն առատ են ամռանը, որոնց տարեկան քանակը Արաբական ծովի արլ–ում և Բենգալյան ծոցում ավելի քան 3000 մմ է, հասարակածի շրջանում` 2000–3000 մմ, Արաբական ծովի արմ–ում` մինչև 100 մմ: Տեղումների տարեկան գումարը արլ. մերձարևադարձային մասերում 500 մմ է, արմ–ում` 1000 մմ, Անտարկտիդայի ափերի մոտ` 250 մմ:

Ջրաբանական ռեժիմը: Հ. օ–ի հս. մասի մակերեսային ջրերի շրջանառությունն ունի մուսսոնային բնույթ` ամռանը` հս–արլ. և արլ., ձմռանը հվ–արմ. և արմ. հոսանքներ: Ձմռան ամիսներին հվ. լայնության 3–8-ի միջև զարգանում են միջպասսատային (հասարակածային) հակահոսանքներ: Օվկիանոսի հվ. մասում առաջանում է անտիցիկլոնային շրջապտայտ: Ջերմային հաշվեկշռում գերակշռում է դրականը: Մակերեսին ջրի ջերմությունը հս–ում հասնում է իր առավելագույնին (ավելի քան 29°C) մայիսին: Ամռանը Հս. կիսագնդում այն կազմում է 27–28°C և միայն Աֆրիկայի ափերի մոտ է նվագում մինչև 22–23°C: Հասարակածի մոտ ջրի ջերմաստիճանը 26–28°C է, հվ. լայնության 55–ից հվ.` –1 С–ից ցածր: Ձմռանը ջրի ջերմաստիճանը հս–ում 23– 25°C է, հասարակածում` 28°C, հվ. լայնության 60–ից հվ.` բացասական: Մերձարևադարձային լայնություններում շուրջ տարի ջրի ջերմաստիճանը արմ–ում³ C– 5°C–ով բարձր է, քան արլ–ում: Առավելագույն աղիություն նկատվում է Պարսից ծոցում (37–39), Կարմիր (41) և Արաբական (36,5 ծովերում: Ջրի առավելագույն խտությունը (1027 կգ/մ³) անտարկտիկական լայնություններում է: Ջրի գույնը հիմնականում կապույտ է: Մակընթացությունները` կեսօրյա, ալիքի բարձրությունը` 0,5–1,6 մ, բայց որոշ ծոցերում այն հասնում է 5–7 մ, Կամբեի ծոցում` 11,9 մ: Սառույցներն առաջանում են բարձր լայնություններում և այսբերգների ձևով տարածվում դեպի հս., մինչև հվ. լայնության 65–68–ը: Ջրերի խորքային շրջանառությունը և ուղղաձիգ կառուցվածքը ձևավորվում են մերձարևադարձային և անտարկտիկական զոնաներում` մերձմակերեսային, միջանկյալ սուզվող և խորքային ջրերով:

Օրգանական աշխարհը: Հ. օ–ի ջրատարածության արևադարձային ծանծաղ գոտուն բնորոշ են կորալներն ու կարմիր ջրիմուռները, որոնք առաջացնում են ատոլներ ու կղզիներ, ուր բնակություն են հաստատում անողնաշարավորներն ու կորալային ձկները: Ափերի մեծ մասը ծածկված է մանգրովային մացառուտներով: Բարեխառն գոտում կյանքը կղզիների ու ատոլների ափերին ավելի հարուստ է. աճում են կարմիր և գորշ ջրիմուռների խիտ թփուտներ, և մեծ տարածում ունեն անողնաշարավորները: Օվկիանոսի բաց տարածությունների, հատկապես մակերեսային ջրերի վերին շերտերի (մինչև 100 մ) համար նույնպես բնորոշ է հարուստ բուսականությունը (միաբջիջ պլանկտոնային ջրիմուռներ): Կենդանիների հիմնական զանգվածը կազմում են խեցգետինները (մոտ 100 տեսակ), ապա` թևոտանի փափկամորթները, մեդուզաները, սիֆոնոֆորները ևն: Միաբջիջներից բնորոշ են ռադիոլյարներն ու կաղամարները: Տարածված են թռչող ձկների մի քանի տեսակներ, զանազան շնաձկներ, ծովային թունավոր օձեր, կրիաներ և խոշոր կաթնասուններ (դյուգոններ, կետեր, մաշկոտանիներ ևն), թռչուններ (ջրխոթաններ, ճղլակներ, պինգվիններ): Հ. օ–ի հետազոտման պատմությունը բաժանվում է երեք ժամանակաշրջանի`

1. հին ծովագնացություններից մինչև 1772–ը: Բնութագրվում է Երկրագնդի այդ մասում ջրի և ցամաքի բաշխման ուսումնասիրությամբ:

2. 1772– 1873–ը հայտնի են խորջրյա ուսումնասիրություններով, և

3. 1873–ից մինչև մեր օրերը: Այդ ժամանակամիջոցում Հ. օ–ի ուսումնասիրության գործում մեծ աշխատանք են կատարել «Չելենջեր» (1873– 1874), «Վիտյազ» (1886), «Վալդիվիա» (1898–99), «Հաուս» (1901–03), «Դիսկովերի II» (1930–51), «Օբ» (1956–58) և այլ արշավախմբային նավեր: 1960– 1965–ին, ՅՈՒՆԵՍԿՕ–ին կից կազմակերպված արշավախումբը «Ա. Ի. Վոյեյկով», «Յու. Մ. Շոկալսկի», «Զարյա» (ՍՍՀՄ), «Նատալ» (ՀԱՀ), «Դիամանտինա» (Ավստրալիա), «Կիստնա» և «Վարունա» (Հնդկաստան), «Զուլֆիկվար» (Պակիստան) նավերով արժեքավոր նոր տվյալներ հավաքեց օվկիանոսի ջրագրության, ջրաքիմիայի, օդերևութաբանության, երկրաբանության, երկրաֆիզիկայի և կենսաբանության վերաբերյալ: Մեծ է Հ. օ–ի տնտ. նշանակությունը: Նրանով է կատարվում համաշխարհային բեռնաշրջանառության 10–ը: Նրա ավազանի երկրներից հիմնականում արտահանվում են հումք և պարեն, ներմուծվում` արդ. ապրանքներ: Հ. օ–ով է անցնում սովետական եվրոպական մասի ծովերը Հեռավոր Արևելքի ու Կամչատկայի հետ կապող ծովային մայրուղին: Գլխավոր նավահանգիստներն են Դուրբանը, Պորտ Էլիզաբեթը (ՀԱՀ), Լորենսու Մարկիշը (Մոզամբիկ), Դար էս Սալամը (Տանզանիա), Մոնբասան (Քենիա), Մոգադիշոն (Սոմալի), Ադենը (ԵԺԴՀ), Ռաս Տաննուրան (Սաուդյան Արաբիա), Մենա էլ Ահմադին (Քուվեյթ), Խոր էլ Ամայան (Իրաք), Խարքը (Իրան), Կարաչին (Պակիստան), Բոմբեյը, Մադրասը, Վիշակհապատնամը, Կալկաթան (Հնդկաստան), Կոլոմբոն (Շրի Լանկա), Չիտագոնգը (Բանգլադեշ), Ռանգունը (Բիրմա), Սինգապուրը, Ֆրիմանթլը (Ավստրալիա): Հ. օ–ի վրայով են անցնում միջազգային մի շարք օդային ուղիներ, որոնց հիմնական ցանցը հատում է օվկիանոսի հս. մասը Պարսից և Բենգալյան ծոցերի և Արաբական ծովի շրջանում: Օվկիանոսի ափերին ու կղզիներում կան ճյուղավորված ռադիոկայաններ: Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը իրար հետ կապված են Հ. օ. հատող կապի մի քանի զուգահեռ գծեր ունեցող կաբելով: Հ. օ–ի ավազանում ձկնորսությունը թույլ է զարգացած:

Գրկ. Зенкевич Л. А., Фауна и биологическая продуктивность моря, т. 1, М., 1951 Муромцев А. М., Основные черты гидрологии Индийского океана, Л., 1959 Надточий Г. Л., География морских путей, М., 1972.