ՀՍՀ/ՀՆԴԿԱՉԻՆ
ՀՆԴԿԱՉԻՆ, թերակղզի Հարավ–Արևելյան Ասիայում: Տարածությունը մոտ 2 մլն կմ² է: Ողողվում է Բենգալյան ծոցով, Անդամանյան ծովով, Մալակկայի նեղուցով, Հարավ–Չինական ծովով, Սիամի ու Բակբո ծոցերով: Հ–ում են գտնվում Թաիլանդ, ՎՍՀ, Կամպուչիա, Լաոս և մասամբ Մալայզիա, Բիրմա, Բանգլադեշ պետությունները: Լեռնաշղթաները ունեն առավելապես միջօրեականի ուղղություն: Արմ–ում բեկորածալքավոր Արականյան (Ռակհայն) լեռներն են, կենտրոնում` Շան բարձրավանղակը և Տանենտաունջի լեռնաշղթան, արլ–ում` Չիոնգշոն լեռնաշղթան, հվում` Կորատ սարահարթը, Իրավադիի, Մենամի և Կամպուչիական ալյուվիալ հարթավայրերը: Ամենաբարձր կետը` 3053 մ (Վիկտորիա): Կլիման մերձհասարակածային է, հվ–ում` հասարակածային: Տարեկան տեղումները 1000– 5000 մմ են, գոգհովիտներում` 700 մմ: Գլխավոր գետերն են Իրավադին, Սալուինը, Մենամ–Չաո–Պրայան, Մեկոնգը: Լճերը բազմաթիվ են, փոքր, ունեն տեկտոնական և մնացորդային ծագում: Բուսականությունը արևադարձային է, խոնավ մշտականաչ անտառներից մինչև չոր նոսր անտառները և սավաննաները: Հ–ում են անագի, վոլֆրամի խոշորագույն հանքավայրերն աշխարհում:
