Jump to content

ՀՍՀ/ՀՆԴԿԱՍՏԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԴԿԱՍՏԱՆ (հինդի լեզվով` Բհարաթ), պաշտոնական անվանումը` Հնդկաստանի Հանրապետություն

Ընդհանուր տեղեկություններ: Հ. պետություն է Հարավային Ասիայում, Հնդկական օվկիանոսի ավազանում, ծովային և օդային հաղորդակցության կարևոր ուղիների խաչմերուկում: Ձգվում է հս–ից ով. 3200 կմ, արլ–ից արմ. 2700 կմ: Հս–ից սահմանափակված է Հիմալայներով, արմ–ում ողողվում է Արաբական ծովի, արլ–ից` Բենգալյան ծոցի ջրերով: Հ–ի կազմի մեջ են մտնում Լաքադիվյան, Ամինդիվյան, Անդամանյան և Նիքոբարյան կղզիները: Սահմանակից է Պակիստանին, Աֆղանստանին, Չինաստանին, Նեպալին, Բութանին, Բիրմային և Բանգլադեշին: Ցամաքային սահմանը 15 հզ. կմ է, ծովայինը` ավելի քան 5,5 հզ. կմ: Տարածությունը 3287,59 հզ. կմ² է, բնակչությունը` ավելի քան 634 մլն մարդ (1978), մայրաքաղաքը` Դելի: Վարչականորեն բաժանվում է 22 նահանգի և 9 միութենական տերիտորիայի:

Պետական կարգը: Հ. ֆեդերատիվ հանրապետություն է (նահանգների և միութենական տերիտորիաների միություն): Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1950–ից: Պետության գլուխը պրեզիդենտն է, որին ընտրում են պառլամենտի և նահանգների օրենսդրական ժողովնհրի ընտրովի անդամները: Պրեզիդենտի լիազորություններն ընդարձակ են. նշանակում է պրեմիեր մինիստրին, նրա երաշխավորությամբ` կառավարության մյուս անդամներին, գերագույն դատարանի անդամներին, իրավասու է արձակելու պառլամենտի ժողովրդական պալատը, պառլամենտի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում հրապարակելու արտակարգ հրամանագրեր, մտցնելու արտակարգ դրություն ևն: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը պառլամենտն է` կազմված պրեզիդենտից և 2 պալատից (ժողովրդական պալատ և Նահանգների խորհուրդ): Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները: Կառավարությունը` մինիստրների խորհուրդը, չնայած օրենսդրությամբ զուտ խորհրդակցական մարմին է, իրականում ունի զգալի իշխանություն: Նահանգներում գործադիր իշխանության գլուխը նահանգապետն է (նշանակում է պրեզիդենտը), որի լիազորությունների մեծ մասը փստորեն իրականացնում է նահանգի կառավարությունը` մինիստրների խորհուրդը: Յուրաքանչյուր նահանգում գործում է օրենսդրական ժողով, որի կազմի մեջ մտնում են նրա մեկ կամ երկու պալատներն ու նահանգապետը: Միութենական տերիտորիաները կառավարում է պրեզիդենտը` անմիջականորեն կամ իրեն ենթակա գլխավոր կոմիսարների միջոցով: Դատական համակարգը կազմում են Գերագույն դատարանը (նաև սհմանադրական հսկողության մարմին է), նահանգների բարձրագույն դատարանները և օկրուգների մի շարք ստորին ատյանի դատարանները:

Հնդկաստանի վարչական բաժանումը
Նահանգներ Տարածությունը,
հզ. կմ²
Բնակչությունը,
մլն մարդ (1971)
Վարչական կենտրոնը
Անդհրա Պրադեշ 277 43,4 Հայդարաբադ
Ասսամ 100 14,9 Դիսպուր
Արևմտյան Բենգալ 88 44,4 Կալկաթա
Բիհար 174 56,3 Պատնա
Գուջարաթ 196 26,7 Գանդինագար
Կառնատակա 192 29,3 Բենգալուրու
Կերալա 39 21,3 Տիրուվանանտապուրամ
Հարյանա 44 10,0 Չանդիգարհ
Հիմաչալ Պրադեշ 56 3,4 Շիմլա
Մադհյա Պրադեշ 444 41,6 Բհոպալ
Մանիպուր 22,4 1,1 Իմփհալ
Մահարաշտրա 308 50,3 Բոմբեյ
Մեգհալայա 22 0,98 Շիլոնգ
Նագա Պրադեշ 17 0,5 Կոհիմա
Ջամմու և Քաշմիր 222 4,6 Սրինագար
Ռաջաստան 342 25,7 Ջայպուր
Սիկկիմ 7,3 208,6 Գանգտոկ
Տամիլնադ (մինչև 1969-ը՝ Մադրաս) 130 41,1 Մադրաս
Տրիպուրա 10,4 1,5 Ագարտալա
Ուտար Պրադեշ 294 88,4 Լակհնաու
Փենջաբ 50 13,5 Չանդիգարհ
Օրիսա 156 21,9 Բհուբանեշվար
Միութենական տերիտորիաներ
Անդամանյան և Նիքոբարյան կղզիներ 8,3 0,11 Պորտ Բլեր
Արունաչալ Պրադեշ 81,4 0,4 Իտանագար
Գոա, Դաման և Դիու 3,8 0,86 Պանաջի
Դադրա և Նագարհավելի 0,5 0,07 Սիլվասա
Դելի 1,5 4,0 Դելի
Լաքշադվիպ 0,03 0,03 Կավարատի
Միզորամ Աիջալ
Պոնդիշերի (Պուտտուչչերի) 0,5 0,5 Պոնդիշերի
Չանդիգարհ 0,1 0,26 Չանդիգարհ

Բնությունը: Հ–ի տարածքն ընդգրկում է Հնդստան թերակղզին, Հիմալայների և Կարակորումի մի մասը, Ինդոս–Գանգեսյան հարթավայրի արլ. մասը, Բենգալյան ծոցի և Արաբական ծովի կղզիների մի քանի խմբերը: Ափերը գերազանցապես ցածրադիր են, ավազոտ, թույլ կտրտված: Բնական նավահանգիստները քիչ են: Թերակղզու արմ. ափի հվ. մասը կոչվում է Մալաբարյան, արլ. ափի հվ. մասը` Կորոմանդելյան ափ: Հ–ի տարածքի մոտ 75 –ը հարթավայրեր ու սարահարթեր են: Թերակղզու մեծ մասը գրավում է Դեկանի սարահարթը, որը վարնետվածքներով կտրտված է ցածրադիր ու միջին բարձրության լեռների և ընդարձակ սարավանդների: Այն արմ–ում առաջացնում է Արևմտյան, արլ–ում` Արևելյան Գաթերը: Արևմտյան Գաթերի հվ. շարունակությունն են կազմում Նիլգիրի (բարձրությունը` մինչև 2636 մ) և Անայմալայ զանգվածներն ու Կարդամոնյան լեռները: Հս–արմ–ում տարածվում են Արավալի հին ծալքավոր լեռները (մինչև 1722 մ): Հս–ում Դեկանի սարահարթը սահմանափակված է Վինդհյա լեռներով (մինչև 881 մ): Սարահարթի հս. մասում Սատպուրա, Մահադեո և Մայկալ ժայռոտ լեռնաշղթաներն են, հս–արլում` Չհոտա Նագպուր սարավանդը (600 մ միջին բարձրությամբ): Հնդստան թերակղզուց հս. Ինդոս–Գանգեսյան հարթավայրն է, որի հս–ում բարձրանում են Հիմալայներն ու Կարակորումը (երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը): Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները: Հին Հնդկական (Հնդստանի) պլատֆորմի հիմքը կազմված է մինչքեմբրի ապարաշերտերի մի շարք կոմպլեքսներից` «թերակղզու գնեյսներ», Դարվարյան ծալքավոր համակարգ, բյուրեղային թերթաքարերի Սատպուրայի և Արավալիի համակարգեր ևն: Հիմքը տեղ–տեղ ծածկված է ավազաքարերով, դոլոմիտներով, կրաքարերով և այլ ապարներով: Պլատֆորմը հատված է խոր և նեղ լայնական գրաբենների համակարգով, որոնք լցված են նստվածքային, հիմնականում մայրցամաքային (Գոնդվանայի սերիա) ապարներով (սառցադաշտային, ածխաբեր և հրաբխային շերտախմբերով): Վերին յուրայի, կավճի և պալեոգենի ծովային նստվածքները կազմում են պլատֆորմի եզրային ծածկոցը: Կավճի–էոցենի բազալտների (արատների) հզոր շերտերը (ավելի քան 2000 մ հաստությամբ) առաջացնում են Դեկանի սարահարթը: Նեոգենի մեծ հզորության մայրցամաքային նստվածքներով են լցված Հիմալայների նախալեռնային խոր իջվածքները: Երկրաբանական կառուցվածքում մեծ դեր են խաղացել նաև խոշոր վրաշարժերը: Կան երկաթի (Բիհար, Օրիսա, Կառնատակա), քրոմիտի, մանգանի, պղնձի (Սինգհբհում), ոսկու (Կոլար), ասբեստի, փայլարի, հազվագյուտ և թանկարժեք քարերի, ալմաստի, քարածխի (Ռանիգանջ, Ջհարիա), բոքսիտների, նավթի ու գազի հանքավայրեր: Կլիման մերձհասարակածային մուսսոնային է, հս–ում` արևադարձային: Առանձնացվում են կլիմայական 3 սեզոններ`

1. շոգ, խոնավ, հվ–արմ. մուսսոնների գերակշռությամբ,

2. չորային, համեմատաբար զով, հս–արլ. պասսատների գերակշռությամբ,

3. խիստ շոգ, չորային, անցումնային: Խոնավ սեզոնին միջին հաշվով թափվում է տարեկան տեղումների 80-ը: Առավել խոնավ են Արևմտյան Գաթերի և Հիմալայների հողմակողմ լանջերը (տարեկան 5–6 h զ. մմ): Երկրագնդի առավել անձրևոտ շրջանը Շիլոնգ զանգվածի լանջերն են (մոտ 12 h զ. մմ): Հ–ի առավել չորային շրջաններն են Ինդոս–Գանգեսյան հարթավայրի հս–արմ. մասը (տեղ–տեղ` 100 մմ–ից էլ պակաս) և Հնդստան թերակղզու կենտրոնական մասը (300–500 մմ): Հունվարի միջին ջերմաստիճանը հս. հարթավայրում մոտ 15 С է, հվ–ում` մինչև 27°C, մայիսին` ամենուրեք 28– 35°C, երբեմն` մինչև 45–47°C: Խոնավ ժամանակաշրջանում Հ–ի տարածքի մեծ մասում ջերմաստիճանը 27–28 С է: Լեռներում, 1500 մ բարձրության վրա, հունվարին –1 С է, հուլիսին` 23°C, 3500 մ բարձրության վրա, համապատասխանաբար, – 8°C և 18°C: Հավերժական ձյունն (ձյան սահմանի միջին բարձրությունը` 4500–5300 մ) ու սառցադաշտերը զբաղեցնում են մոտ 40 հզ. կմ²: Սառցադաշտերի հիմնական կենտրոններն են Կարակորումը և Հիմալայների Զասկար լեռնաշղթայի հվ. լանջերը (խոշոր սառցադաշտերն են Սիաչենը` 75 կմ, Բալտորոն` 62 կմ, Հիսպարը` 53 կմ, Բիաֆոն` 68 կմ):

Ներքին ջրերը: Սնման բնույթով Հ–ի գետերը բաժանվում են` «հիմալայան» (ձնասառցադաշտային և անձրևային խառը սնումով, շուրջտարյա ջրառատությամբ) և «Դեկանի» (գերազանցապես անձրևային ու մուսսոնային սնումով, հոսքի տատանումներով, վարարումը` հունիս–հոկտեմբերին) տիպերի: Մեծ գետերն են Գանգեսը, Ինդոսը, Բրահմապուտրան, Գոդավարին, Կրիշնան, Նարմադան, Մահանադին, Կավերին: Գետերի մեծ մասն օգտագործվում է ոռոգման համար: Խոշոր լիճը Վուլարն է: Հողերն ու բուսականությունը: Հ–ում տարածված են 4 հիմնական տիպի հողեր. բյուրեղային ապարների վրա, շուրջտարյա թույլ խոնավության պայմաններում, զարգացել են կարմրահողերը, ամառային խիստ խոնավության և ձմեռային չորության հերթագայման պայմաններում` քարքարոտ, նվազ բերքատու լատերիտները, Դեկանի տրապների վրա` արևադարձային սևահողերը (ռեգուրները), Ինդոս–Գանգեսյան հարթավայրում և մերձծովյան դաշտավայրերում` ալյուվիալ հողերը: Հիմալայներում տիրապետում է ուղղաձիգ գոտիականությունը` գորշանտառային, պոդզոլային և լեռնամարգագետնային հողերով: Մարդու երկարատև գործունեության հետևանքով Հ–ի մեծ մասում բնական բուսականությունը խիստ փոփոխվել է, որոշ շրջաններում լրիվ ոչնչացել: Դեկանի սարահարթի ներքին չորային շրջաններում և Ինդոս–Գանգեսյան հարթավայրի արմ–ում բնական բուսածածկույթից պահպանվել են անտառներ, սավաննաներ և փշոտ մացառուտներ, Արևմտյան Գաթերի հողմակողմ լանջերին և Հիմալայների արլ. մասում մշտականաչ արևադարձային անտառներ են, Արևմտյան Գաթերի հողմատակ լանջերին, Հնդստան թերակղզու հս–արլ–ում և Ինդոս–Գանգեսյան հարթավայրում` մուսսոնային (տերևաթափ) անտառներ: Հիմալայների, Արևմտյան Գաթերի, Նիլգիրի, Պալին և Անայմալայ լեռների մինչև 1000 մ բարձրության լանջերին տարածված են արևադարձային և մերձարևադարձային խառն անտառներ, Հիմալայննրում և Կարակորումում, 1800–3200 մ բարձրությունների վրա` բարեխառն գոտու անտառներ, 3200– 3800 մ բարձրությունների վրա` ենթալպյան թփուտներ ու մարգագետիններ, 3800 մ–ից բարձր` ալպյան մարգագետիններ:

Կենդանական աշխարհը: Պատկանում է Հնդկա–մալայան կենդանա աշխարհագրական մարզին: Կաթնասուններից առավել բնորոշ են կապիկները, եղջերուները, ցուլերը, այծքաղը, հնդ. փիղը, վագրը, հովազը, հիմալայան արջը ևն: Համարյա ամբողջությամբ ոչնչացվել են առյուծը, ընձառյուծը և քաշմիրյան եղջերուն: Շատ են թռչունները, սողուններն ու ձկները: Հ–ում ստեղծվել են 47 արգելավայր և ազգային պարկ:

Բնակչությունը: Հ. աշխարհի ամենաբազմազգ երկրներից է: Բնակվում են տարբեր լեզուներով խոսող մի քանի հարյուր ազգեր, ժողովուրդներ և ցեղախմբեր (1951–ի մարդահամարի ժամանակ առանձնացվել են 845 լեզու և բարբառ): Երկրի հս–ում և կենտրոնական շրջաններում ապրում են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդները (ամբողջ բնակչության 72 –ը)` հնդստանցիներ, մարատհներ, բենգալացիներ, բիհարցիներ, գուջարաթցիներ և այլք, հվ–ում` դրավիդյան ժողովուրդները (24,6)` թելուգուներ (անդհրաներ), թամիլներ, կանարաներ (կաննադանեբ), մալայալիներ ևն: Լեռնային շրջաններում բնակվող ժոզովուոդներն ու ցեղերը պատկանում են հիմնականում մունդա և տիբեթա–բիրմայական լեզվաընտանիքին: Պետ. լեզուն հինդին է և անգլերենը (ժամանակավորապես): Հավատացյալների 83–ը դավանում է հնդուիզմ, 10 –ը` մահմեդականություն, մնացյալը` քրիստոնեություն, բուդդայականություն ևն: Գործում են Սակայի թվարկությամբ հնդ. ազգային և գրիգորյան տոմարները: Բնակչության միջին տարեկան աճը 2,5 է, միջին խտությունը 1 կմ² վրա` 192,8 մարդ (1978), տնտեսապես ակտիվ բնակչությունը` 33,5 քաղաքային բնակչությունը` 20,6 (1971): Խիտ են բնակեցված երկրի մերձափնյա դաշտավայրերն ու Ինդոս– Գանգեսյան հարթավայրը: 1971–ին Հ–ում հաշվվում էր 2900 քաղաք, որից 1900–ը` 20 հզ–ից պակաս և 142–`ը` 100 հզ–ից ավելի բնակչությամբ: Խոշոր քաղաքներն են Կալ–կաթան, Բոմբեյը, Դելին, Մադրասը, Հայդարաբադը, Բենգալուրուն, Կանպուրը, Պունան, Ահմադաբադը:

Պատմական ակնարկ: Հ–ի տարածքը բնակեցված է եղել դեռևս քարի դարում: Մ. թ. ա. III հազարամյակի 2–րդ կեսին – II հազարամյակի 1–ին կեսին Ինդոսի հովտում գոյություն է ունեցել հնագույն դասակարգային հասարակության, որի կենտրոններից էր Հարապպա քաղաքատեղին (տես Խարապպայի քաղաքակրթություն): Մ. թ. ա. II հազարամյակի 2–րդ կեսին հս–արմ–ից Հ. ներթափանցեցին արիները, որոնց կենցաղի վերաբերյալ տեղեկություններ կան վեդաներում: Մ. թ. ա. I հազարամյակի 1–ին կեսին Հյուսիսային Հ–ում առաջացել են ստրկատիրական պետություններ (Անգա, Մագադհա, Գանդհարա, Ավանտի, Կաշի, Կոշալա ևն), որոնց ազատ բնակչությունը բաժանված էր 4 դասի (վառնաների)` բրահմաններ և կշատրիներ (արտոնյալ), վայշինհր, շուդրաներ: Մ. թ. ա. VI–IV դդ. տնտ. առաջընթացը, հասարակության շերտավորումը և սոցիալական հակասությունների սրումը առաջ են բերել կրոնաաղանդավորական շարժում, որից առանձնացել են բուդդայականությունը և ջայնականությունը (տես Ջայնիզմ): Մ. թ. ա. VI դ. 2–րդ կեսին Ինդոսի հովտի մի մասը գրավեցին Աքեմենյանները: Մ. թ. ա. 327– 325–ին Հ. ներխուժեցին Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը: Հիշատակված հնդ. պետություններից ուժեղագույնը Մագադհան էր, որի տիրապետության տակ մ. թ. ա. IV դ. գտնվում էր Գանգեսի գրեթե ամբողջ հովիտը: Մագադհան առավել հզորացավ Մաուրյաների դինաստիայի (հիմնադիր` Չանդրագուպտա) ժամանակ (տես Մաուրյաների պետություն): Մ. թ. ա. II– մ. թ. I դդ. Հյուսիսային Հ–ի արմ. մասում տիրել են հունա–բակտրիացիների, պարթևների և սակերի բազմաթիվ դինաստիաներ: Մոտավորապես նույն ժամանակ Դեկանում սկսեց ուժեղանալ Սատավահանների պետությունը: Մ. թ. I դ. Հյուսիսային Հ–ի մեծ մասն ընկավ Քուշանական թագավորության տիրապետության տակ, որի տրոհումից հետո վերստին ուժեղացավ Մագադհան: Ենթադրվում է, որ II–IV դդ. ստրկատիրական կարգը սկսել է քայքայվել: Պետ. և մասնավոր ստրուկներն ստացել են հողակտորներ` հողատիրոջը վճարելով բերքի մի մասը: Գյուղական համայնքի անդամների մեջ ուժեղացել է շերտավորումը: Հ–ում աստիճանաբար սկսել են ձևավորվել ֆեոդալական հարաբերությունները: Մեծացել է կաստաների թիվը, որոնք դարձել են ֆեոդալական հասարակության հիերարխիկ կառուցվածքի հիմքը: VI– XII դդ Հ–ում եղել են բազմաթիվ պետություններ (Պալերի, Գուրջարա–Պրատիհարների են), որոնց միջև անընդհատ պատերազմներ են մղվել: VIII դ. սկզբին արաբները նվաճել են Մինդը (Ինդոսի հովտում): XI դ. սկզբին բազմիցս Հյուսիսային Հ. է արշավել Ղազնևիների պետության տիրակալ Մահմուդ Ղազնևին: XII դ. վերջին – XIII դ. սկզբին Ղորիների պետության (ժամանակակից Աֆղանստանի տարածքում) ղեկավար Մուհամմեդ Ղորին նվաճել է Հյուսիսային Հ.: Մուհամմեդի մահից (1206) հետո Հյուսիսային Հ–ի նրա փոխարքան Գանգեսի հովտում հիմնել է Դելիի սուլթանությունը: Այս ժամանակաշրջանից Հ–ում ուժեղացել է մահմեդականության տարածումը, որն իրագործում էին Մերձավոր և Միջին Արևելքի` Հ. նվաճող մահմեդական տիրակալները: Դելիի սուլթանության գոյության ընթացքում զարգացել են արտադրողական ուժերը, արհեստներն ու ներքին և արտաքին առևտուրը: Հողատիրության հիմնական ձևը իքտան էր, որը XIV դ. 2–րդ կեսին դարձել է ժառանգական: 1398–ին պարտվելով Լենկթեմուրից` սուլթանությունը անկում է ապրել: Լոդիների աֆղանական դինաստիայի ժամանակաշրջանում (1451–1526) սուլթանությանն է միացվել Գանգեսի հովտի մեծ մասը: XIV դ.–XVII դ. սկզբին, Դելիի սուլթանությանը զուգընթաց, գոյություն են ունեցել բազմաթիվ անկախ այլ պետություններ (Ռաջաստհան, Գուշարաթ, Բենգալիա, Բահմանյան սուլթանություն, Վիջայանագար ևն): XV դ. վերջից Հ–ում երևացել են առաջին գաղութարարները` պորտուգալացիները, որոնք XVI դ. 1–ին կեսին զավթել են առափնյա մի քանի շրջաններ (Գոան, Դամանը և Դիուն ևն), իրենց ձեռքը վերցրել Հ–ի ծովային առևտուրը: Մեծացել է Իրանի և Աֆղանստանի վրայով կատարվող առևտրի նշանակությունը: Առևտրական ուղիների անվտանգության ապահովումը, ներքին շուկայի զարգացման, կենտրոնացված ուժեղ պետություն ստեղծելու ձգտումը խնդիր դրեցին Հյուսիսային Հ–ում վերացնել քաղ. մասնատվածությունը և ֆեոդալական անարխիան: Հյուսիսային Հ–ի միավորումն իրականացրին Մեծ Մոդաները, որոնք XVI դ. սկզբին գրավեցին Հյուսիսային Հ.: 1540–45–ին Հյուսիսային Հ. ժամանակավորապես ենթարկվեց աֆղան կառավարիչ Շեր շահին: XVII դ. սկզբից Հ–ի հետ առևտրական աշխույժ հարաբերությունների մեջ մտան անգլ. Արևելա–հնդկական ընկերությունը, հոլանդական Արևելա–հնդկական միացյալ ընկերությունը, XVII դ. 2–րդ կեսից` ֆրանս. Արևելա–հնդկական ընկերությունը, որոնք հիմնեցին առևտրավաններ: Մեծ Մողոլների սոցիալական և ազգային ճնշումը առաջ բերեց ապստամբություններ, որոնցից ամենախոշորը մարատհների ապստամբությունն էր` Շիվաջիի (որը հիմնեց պետություն) գլխավորությամբ: Ներքին կռիվներից և արտաքին հարձակումներից (1739–ին Նադիր շահի, 1747–ից` Աֆղանստանի կառավարիչ Ահմադ շահ Դուռանիի արշավանքները) թուլացրին Մեծ Մողոլների կայսրությունը: 1761–ին աֆղանները պարտության մատնեցին մարատհներին, որոնց պետությունը վերածվեց մի շարք ինքնուրույն իշխանությունների կոնֆեդերացիայի: Հ–ի ներքին երկպառակությունից և անընդհատ պատերազմներից օգտվեցին անգլո–ֆրանսիական, արևելա–հնդկական ընկերությունները, որոնք առևտրական զավթումներից անցան ռազմականի: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միաժամանակ միմյանց դեմ պայքարում էին Հ–ում գերիշխանություն հաստատելու համար: 1746–63–ի ընթացքում անգլիացիները ջախջախեցին իրենց հակառակորդներին և գավթեցին Բենգալիան: Անգլո–մայսուրական (1767–99), անգլո–մարատհական (1775–1818) և անգլո–սիկհական (1845– 1849) պատերազմների հետևանքով Անգլիային անցան Հարավային Հ–ի, Գանգես և Ջամնա գետերի միջագետքի զգալի մասը, Դելին, Կենտրոնական Հ., Փենջաբը: Գաղութարարներն սկսեցին անխնա շահագործել Հ.` երկրից արտահանելով գյուղատնտ. և արհեստագործական արտադրանքը, բնական հարստությունները: Հ–ից ստացվող եկամուտը անգլ. կապիտալի նախասկզբնական կուտակման գլխավոր աղբյուրներից էր: Հ. ասաիճանաբար դարձավ Մեծ Բրիտանիայի հումքա–ագրարային կցորդը: XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին Հ–ում մտցվեցին զասինդարի, ոայատվարի և մահալվարի հողա–հարկային համակարգերը, որոնցով գյուղացիների ֆեոդալական շահագործումը հարմարեցվեց գաղութարարների պահանջներին: Անգլ. կապիտալի մուտքը Հ. նպաստեց կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը: Հ–ում աստիճանաբար ձևավորվեց հնդ. համաձայնողական առևտրական բուրժուազիան: 1850–ական թթ. հիմնվեցին արդ. առաջին ձեռնարկությունները: Անգլ. գաղութային քաղաքականությունը առաջ բերեց ժող. հուզումներ և ապստամբություններ, որոնցից խոշորագույնը 1857–59–ին էր (տես Հնդկական ժողովրդական ապստամբություն 1857–1859): 1858–ին վերացվեց անգլ. Արևելա–հնդկական ընկերությունը, և Հ. անցավ բրիտ. կառավարության անմիջական հսկողության տակ: 1860–80–ական թթ. Հ–ի տարբեր մասերում առաջացան բուրժուա–կալվածատիրական կազմակերպություններ, որոնք 1885–ին միավորվեցին Հնդկական ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մեջ: Գաղութային իշխանությունները ազգային շարժման դեմ պայքարում օգտագործում էին հնդիկների կրոնական (հինդուիզմ և մահմեդականություն) տարանջատվածությունը: Ազգային կապիտալիզմի աստիճանական զարգացումը ուժեղացնում էր հնդ. բուրժուազիայի և անգլ. իմպերիալիզմի հակասությունները: Հ–ի փոխարքա Զ. Քերզոնի կառավարման ժամանակ (1899–1905) ընդլայնվեցին անգլ. կապիտալի դիրքերը, սահմանափակվեցին հնդիկների քաղ. իրավունքները: 1905–ին Քերզոնը Բենգալիան բաժանեց Արևելյան (մահմեդական բնակչությամբ) և Արևմտյան (հինդուս բնակչությամբ) մասի: Այդ քաղաքականությունը առաջ բերեց ազգային–ազատագրական շարժման նոր վերելք, որի հիմնական նշանաբաններն էին «սվարաջը» («ինքնավարություն») և «սվադեշին» («սեփական արտադրություն»): Անգլ. գաղութարարները, փորձելով ճնշել ազատագրական շարժումը, միաժամանակ ձգտել են ընդլայնել իրենց սոցիալական հենարանը և թշնամություն հրահրել հինդուսների ու մահմեդականների միջև: Նրանց օժանդակությամբ 1906–ին Հ–ում ստեղծվեց մահմեդական հնդիկների համայնքային կազմակերպություն` Մահմեդական լիգա: Նույն թվականին, ի հակակշիռ դրան, ստեղծվեց հինդուսների կազմակերպությունը` Հինդու մահասաբհան («Հինդուսների մեծ միություն»): 1914–ին Հ. ներքաշվեց առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) մեջ` մետրոպոլիայի կողմում: Հ–ում պայքար սկսվեց հանուն ինքնավարության: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Հ–ում ծավալված զանգվածային ազատագրական պայքարին ՀԱԿ–ը ձգտել է տալ խաղաղ, այսպես կոչված, առանց բռնի դիմադրության (սատյագրահա) բնույթ: Այդօրինակ շարժման, որը համապատասխանում էր խոշոր և մանր բուրժուազիայի շահերին, գաղափարախոսը Մ. Կ. Գանդին էր: Նրա ուսմունքը (գանդիականություն) դարձավ ՀԱԿ–ի պաշտոնական գաղափարախոսությունը: 1919–ին գաղութային վարչակարգի ամրապնդման վերաբերյալ օրենքները և Ամրիթսարի կոտորածը ազատագրական շարժման բուռն վերելք առաջացրին Հ–ում: ՀԱԿ–ը որոշեց քաղաքացիական անհնազանդության պայքար սկսել: 1918– 1922–ին աճեց բանվոր դասակարգի և գյուղացիության ակտիվությունը: 1920–ին ստեղծվեց Արհմիությունների համահնդկական կոնգրեսը (ԱՀԿ), 1925–ին` Հնդկաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ): 1927–ին ՀԱԿ–ում ձևավորվեց ձախ թև, որը միավորեց հակաիմպերիալիստական պայքարն ակտիվացնելու կողմնակիցներին: Այդ թևը գլխավորեցին Ջ. Ներուն և Ս. Բոսը: 1930–ական թթ. ՀԱԿ–ը քաղաքացիական անհնազանդության նոր պայքար սկսեց: Ի պատասխան, 1935–ին անգլ. պառլամենտն ընդունեց Հ–ի կառավարման վերաբերյալ ակտ, որով ընդլայնվեցին նահանգների ինքնավարական իրավունքները, նրանցում ստեղծվեցին կառավարություններ: Ընդլայնվեց ընտրողների շրջանակը, բայց ընտրական կուրիաները կազմվում էին ըստ կրոնական դավանանքի: Սակայն ամբողջ իշխանությունը նախկինի պես մնում էր գաղութարարների ձեռքին: ՀԱԿ–ը, կոմունիստները և 1934–ին ՀԱԿ–ի ներսում առաջացած կոնգրես–սոցիալիստական կուսակցությունը պայքարում էին հակաիմպերիալիստական միասնական ճակատ ստեղծելու համար, որին, սակայն, խանգարում էր բուրժուազիայի պայքարը ՀԱԿ–ի ներսում և ձախ ուժերի դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939–45) Հ–ի մասնակցելը ծանր անդրադարձավ երկրի տնտեսության վրա: Ազգային բուրժուազիան պատերազմն օգտագործեց հարստանալու համար` դաշնակցելով անգլ. բուրժուազիայի հետ, միաժամանակ ձգտում էր, օգտվելով Մեծ Բրիտանիայի դժվարություններից, Հ–ում հաստատել ինքնավարություն: ՀԿԿ, որի գործունեությունը արգելվել էր 1934–ին և մինչև 1942–ը գտնվում էր ընդհատակում, խնդիր դրեց ռազմ. ճգնաժամն օգտագործել Հ–ի անկախությունը նվաճելու համար: Կալվածատերերն ու իշխանները պատերազմի ընթացքում աջակցում էին անգլիացիներին, իսկ Մահմեդական լիգան 1940–ին որոշում ընդունեց ստեղծել Պակիստան մահմեդական պետություն: 1946–ին հակաանգլիական զանգվածային ելույթներ տեղի ունեցան բանակում: 1946–ի գարնանը անգլ. կառավարությունը որոշում ընդունեց Հ–ին տալ դոմինիոնի ստատուս: Հ–ում չդադարող ազատագրական պայքարը Անգլիային հարկադրեց իրականացնել որոշումը: 1947–ի օգոստ. 15–ին Հ–ի տարածքում առաջացան երկու անկախ պետություններ` Հ. և Պակիստան դոմինիոնները: Անկախ Հ–ի պրեմիեր մինիստր դարձավ ՀԱԿ–ի առաջնորդ Ջ. Ներուն: Անկախ Հ–ի առջև ծառացան տնտ. դժվարին խնդիրներ` կապված երկրի բաժանման հետ: Դրությունը բարդացրեց Քաշմիրի համար Հ–ի և Պակիստանի ընդհարումը (1947–ի հոկտեմբեր–1949–ի հունվ. 1): Մինչև 1950–ի գարունը Հ–ի և Պակիստանի միջև մղվում էր նաև բացահայտ առևտրական պատերազմ: Գյուղացիական և բանվորական շարժման ազդեցության տակ մի քանի նահանգների կառավարություններ սկսեցին նախապատրաստել դեմոկրատական բարեփոխումների ծրագիր: 1949–ի սահմանադրությամբ (ուժի մեջ մտավ 1950–ի հունվարին) Հ. հռչակվեց հանրապետություն: Առաջին համընդհանուր ընտրություններում (1951–ի վերջ –1952–ի սկիզբ) պառլամենտում և նահանգների օրենսդրական ժոդովներում մեծամասնություն շահեց ՀԱԿ–ը, մանդատների թվով երկրորդը կոմկուսն էր: 1952–53–ին ձեռնարկվեցին ագրարային բարեփոխումներ, որոնց հետևանքով գյուղում ամրացան բուրժ. տարրերը, արագացավ գյուղացիության շերտավորումը: Հ–ի տնտեսության մեջ ձևավորվեց պետ. սեկտորը: Ընդունվեցին տնտ. զարգացման հնգամյա պլաններ: Կոմունիստների և նրանց աջակցող ուժերի ճնշման տակ ՀԱԿ–ը 1955–ին ընդունեց «սոցիալիստական ձևի հասարակարգ կառուցելու» ծրագիր, որը, սակայն, մասնավոր սեփականության վերացման խնդիր չէր դնում: Արտաքին քաղաքականության ասպարեզում Ջ. Ներուի կառավարությունը վարում էր ռազմ. խմբավորումներին չմիանալու կուրս, հանդես գալիս հանուն խաղաղության, ընդդեմ գաղութատիրության, ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամական, տնտ. և քաղ. հարաբերություններ հաստատելու օգտին: 1961–ին հնդ. զորքերը պորտուգ. տիրապետությունից ազատագրեցին Գոան, Դաման և Դիուն, ֆրանս. տիրապետությունից` Պոնդիշերին, Յանաոնը, Կարիկալը, Մահեն: 1962–ի հնդկա–չինական և 1965–ի հնդկա–պակիստանյան զինված ընդհարումները ծանրացրին երկրի տնտ. և քաղ. դրությունը: ՍՍՀՄ–ի նախաձեռնությամբ 1966–ին Տաշքենդում Հ–ի և Պակիստանի միջև ստորագրվեց դեկլարացիա` վիճելի հարցերը խաղաղ կարգավորելու վերաբերյալ: 1966–ին պրեմիեր մինիստր Լ. Բ. Շաստրիի մահից հետո պրեմիեր մինիստր դարձավ Ջ. Ներուի դուստր Ի. Գանդին, որը շարունակեց չեզոքության քաղաքականությունը: 1960–ական թթ. տեղի ունեցան դասակարգային, կրոնական, ազգային և կաստայական շարժումներ, ուժեղացավ ազգային փոքրամասնությունների պայքարն ինքնավարության համար: Այդ պայմաններում պառակտվեցին ՀԿԿ–ն (1964–ին առաջացավ Հ–ի զուգահեռ կոմկուսը) և ՀԱԿ–ը: 1969–ին կառավարությունն ազգայնացրեց 14 խոշոր բանկ, աջակցեց առաջադեմ ուժերի ներկայացուցիչ Վ. Գիրիի պրեզիդենտ ընտրվելուն, 1970–ին օրենք ընդունեց մոնոպոլիաների նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու վերաբերյալ: 1971–ի օգոստ. 9–ին ՍՍՀՄ–ի և Հ–ի միջև կնքվեց խաղաղության, բարեկամության և համագործակցության պայմանագիր (ՍՍՀՄի օգնությամբ Հ–ում կառուցվել ևկառուցվում են գործարաններ, էլեկտրակայաններ ևն): ՍՍՀՄ–ի տնտ. և տեխ. օգնությունը Հ–ին կարևոր ներդրում է տնտ. անկախության համար հնդիկ ժողովրդի մղած պայքարում: 1971–ին Պակիստանի իշխանությունների հալածանքը Արևելյան Պակիստանի բնակչության նկատմամբ և դրա հետևանքով փախստականների հոսքը Հ. սրեցին հնդկա–պակիստանյան հակասությունները: 1971–ի դեկտ. 3–ին Հ–ի վրա Պակիստանի ավիացիայի հարձակումով սկսվեց հնդկա–պակիստանյան պատերազմ, որի ընթացքում (երկու շաբաթ) հնդ. զինված ուժերը և բենգալացի պարտիզաններն ազատագրեցին Արևելյան Բենգալիայի տարածքը, որտեղ ստեղծվեց Բանգլադեշ պետությունը: 1969–71–ին Հ–ի կառավարության սոցիալ–տնտեսական քաղաքականությունը, հնդկա–պակիստանյան պատերազմում հաղթանակը բարձրացրին ՀԱԿ–ի և Ի. Գանդիի հեղինակությունը: Հետադիմականների ակտիվ գործողություններին հակահարված տալու նպատակով 1975–ի հունիսին երկրում մտցվեց արտակարգ դրություն: 1975–ին սկսեց իրագործվել Ի. Գանդիի հռչակած «20 կետի» ծրագիրը, որը նախատեսում էր աշխատավորական լայն զանգվածների դրության բարելավում: 1976–ին Հ–ի սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց, որով Հ. հռչակվեց «ինքնիշխան, սոցիալիստական, աշխարհիկ, դեմոկրատական հանրապետություն», թեև այդ ձևակերպումը չէր համապատասխանում երկրում տիրող հասարակական–տնտեսական կարգին: Հասարակական–տնտեսական վերափոխումների դանդաղ իրականացումը, արտակարգ դրության պայմաններում ծայրահեղ միջոցների կիրառումը, ՀԿԿ–ի դեմ պայքարը գցեցին ՀԱԿ–ի հեղինակությունը: 1977–ի մարտին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ տարավ Ջանաթա կուսակցությունը: Մարտի 22–ին Ի. Գանդին հրաժարական տվեց` նախօրոք վերացնելով արտակարգ դրությունը: Մարտի 24–ին Ջանաթա կուսակցության և պառլամենտի ժող. պալատի ֆրակցիայի առաջնորդ Մ. Դեսաին դարձավ պրեմիեր մինիստր: Հուլիսին պրեզիդենտ հռչակվեց Ն. Ռեդդին: Մ. Դեսաիի կառավարությունը հայտարարեց գյուղատնտեսությունը զարգացնելու քաղաքականություն: Արտաքին ասպարեզում նոր կառավարությունը վարեց չմիացման, բոլոր երկրների հետ իրավահավասար համագործակցության, հակագաղութատիրական քաղաքականություն: 1978–ի հունվարին ՀԱԿ–ը դարձյալ պառակտվեց, կազմվեց ՀԱԿ Ի (Ինդիրայի)Ի. Գանդիի գլխավորությամբ: 1979–ի հուլիսի 28–ին պրեմիեր մինիստր դարձավ Չ. Սինգհը: 1980–ի հունվարին ընտրություններում հաղթանակ տարած ՀԱԿ(Ի)–ի ղեկավար Ի. Գանդին դարձավ պրեմիեր մինիստր: Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպություններ: Հնդկական ազգային կոնգրես (Ի) ՀԱԿ(Ի)1980–ից կառավարող կուսակցություն, ստեղծվել է 1978–ի հունվարին ՀԱԿ–ի պառակտման հետևանքով, նախագահն է Ի. Գանդին: Ջանաթա կուսակցություն (ՋԿ). 1977– 1979–ին կառավարող կուսակցությունն էր, կազմավորվել է 1977–ի հունվար–մայիսին, մինչ այդ գոյություն է ունեցել (1957–ից) որպես օպոզիցիոն կուսակցությունների բլոկ: Հնդկական ազգային կոնգրես (ՀԱԿ), հիմնադրվել է 1885–ին (1947–77–ին` կառավարող կուսակցություն): Աննա դրավիդա մունետրա կազագամ (Տամիլնադ նահանգում) և Ակալիդալ (Փենջաբ նահանգում)` Հ–ի 17 ռեգիոնալ կուսակցություններից խոշորները: Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ), հիմնվել է 1925–ին, ունի 546 հզ. անդամ (1978–ի ապրիլ): Հնդկաստանի զուգահեռ կոմունիստական կուսակցություն (ՀԶԿԿ), ստեղծել են ՀԿԿի «ձախ» գործիչները 1964–ին: Արհմիությունների հնդկական ազգային կոնգրես, ստեղծվել է 1947–ին: Արհմիությունների համահնդկական կոնգրես (ԱՀԿ), ստեղծվել է 1920–ին, աշխատում է ՀԿԿ ղեկավարությամբ, մտնում է ԱՀՖ–ի մեջ: Հնդկական բանվորների միություն, ստեղծվել է 1948–ին, գտնվում է սոցիալիստների ազդեցության տակ, մտնում է ԱԱՄԿ–ի մեջ: Հնդկական արհմիությունների կենտրոն, ստեղծվել է 1970–ին, գտնվում է ՀԶԿԿ–ի ազդեցությանտակ: Միացյալ արհմիությունների կոնգրես, ստեղծվել է 1949–ին, գտնվում է մի շարք առաջադիմական կազմակերպությունների ազդեցության տակ: Աշխատանքի ազգային կազմակերպություն, հիմնվել է 1971–ին: Հնդկաստանի բանվորների միություն, ստեղծվել է 1954–ին: Խաղաղության և համերաշխության համահնդկական կազմակերպություն: Հնդկա–սովետական մշակութային ընկերություն: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Հ. ագրարային–ինդուստրիալ երկիր է: Անզլ. գաղութատիրության շրջանում, ի տարբերություն գաղութային մյուս երկօրների, Հ–ում կային ֆաբրիկա–գործարանային համեմատաբար զարգացած առանձին ճյուղեր (բամբակեղենի ու ջուտեղենի, շաքարի, թեյի, ծխախոտի արտադրություն, սննդի, լեռնահանքային արդյունաբերություն ևն), բայց խիստ կարիք էր զգացվում մետալուրգիայի, մեքենաշինության, քիմ. և նավթային արդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի: Արտադրության միջոցների ներմուծումը Հ–ին խիստ կախման մեջ էր դրել օտար երկրներից, գլխավորապես Մեծ Բրիտանիայից: Գյուղատնտեսության մեջ իշխում էին շահագործման ֆեոդալական և կապիտալիստական ձևերը: Ազգային եկամտի մակարդակը ծայր աստիճան ցածր էր: Հ–ի էկոնոմիկային բնորոշ էին տարբեր տնտեսաձևերն ու ազգային խոշոր կապիտալի առկայությունը: 1947–ին անկախություն ձեռք բերելուց հետո Հ–ի կառավարությունը ձեռնարկեց հասարակական արտադրության նոր ճյուղեր ստեղծելու, գյուղատնտեսությունը զարգացնելու և պարենի հարցը լուծելու, արտադրողական ուժերը ռացիոնալ կերպով տեղաբաշխելոլ միջոցառումներ: 1950–ական թթ. 2–րդ կեսից սկսվեց ծանր արդյունաբերության զարգացումը, որում մեծ դեր ունի պետ. սեկտորը: Այժմ պետությանն է պատկանում երկաթուղային և ավիացիոն տրանսպորտի, կապի, պաշտպանության ու ատոմային արդյունաբերության, ոսկու արդյունահանության, մարդատար վագոնների, շոգեքարշերի և էլեկտրաքարշերի, հեռագրական և հեռախոսային սարքավորումների արտադրության, նավաշինության մենաշնորհը: 1960–ական թթ. պետ. սեկտորին էր պատկանում էլեկտրակայանների հզորության 70–ը, նավթարդյունահանության 75-ը, պողպատի ձուլման 54–ը, ազոտային պարարտանյութերի արտադրության ավելի քան 80–ը ևն: Ներմուծման մոտ 70–ը իրականացնում են պետ. կազմակերպությունները: Ազգայնացվել են 14 խոշոր բանկեր: Միաժամանակ ընդլայնվում է մասնավոր կապիտալը: 1960–ական թթ. հնդ. և արտասահմանյան մոտ 125 խմբեր ու մոնոպոլիաներ վերահսկել են երկրի տնտեսության մի շարք առաշատար ճյուղերում գերիշխող դիրք գրաված մասնավոր բաժնետիրական ընկերությունների ընդհանուր ակտիվների 70–ը: Հնդ. մոնոպոլիստական կապիտալի դիրքերի ուժեղացումն ուղեկցվել է ծանր արդյունաբերության ոլորտում կապիտալի ներդրմամբ: Կանգնեցվել են տնտեսության մի շարք ոլորտներում 1976–ին տեղ գտած ճզնաժամային երևույթները: Պետ. սեկտորն արդյունաբերության մեջ ձեռք է բերել որոշակի հաջողություններ: 1977–ի հողային ռեֆորմը գյուղացիներին տվեց 250 հզ. հա հող և 7 մլն հողակտոր` բնակարաններ կառուցելու համար: Գյուղատնտեսության մեջ զբաղված է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 70-ը: Ազգային համախառն արտադրանքի արժեքում զյուղատնտեասթյան մասը կազմում է 40 (1976): Գյուղատնտեսությունը թույլ է մեքենայացված, հիմնական գործիքը դեռևս արորն է: Վերջին տարիներին զարկ է տրվում երկաթե գութանների ավելացմանն ու տրակտորային պարկի ընդլայնմանը: Մեծանում է հանքային պարարտանյութերի օգտագործումը (1977– 1978–ին` 4,3 մլն տ): 1960–ական թթ–ից արմատավորվում է հողամշակման բարելավված ձևը (այսպես կոչված կանաչ հեղափոխություն), ստեղծվում են պետ. իռիգացիոն հզոր համակարգեր: Գյուղատնտեսության հիմնական ուղղությունը հողագործությունն է: Մշակվում է երկրի ընդհանուր տարածության մոտ կեսը: Ցանքատարածությունների ավելի քան 20–ը ոռոգվում է: Հոդագործությամբ զբաղվում են ամբողջ տարին (բացի բարձր լեռնային շրջաններից): Գերակշռում է հացահատիկի մշակությունը: Հացահատիկային կուլտուրաները զբաղեցնում են ամբողջ ցանքատարածությունների 68-ը: Տալիս է բրնձի համաշխարհայհն բերքի մոտ 1 3 մասը: Տարածված է սորգոյի, ընդեղեն բույսերի, յուղատուների (գետնընկույզ, քունջութ ևն), մրգերի ու բանջարեղենի մշակությունը: Ընդլայնվում է տեխ. կուլտուրաների արտադրությունը (ջուտ, շաքարեղեգ, բամբակ): Ծխախոտի բերքահավաքով զիջում է ԱՄՆ–ին և ՉԺՀ–ին: Թեյը գլխավոր պլանտացիոն և արտահանվող կուլտուրան է (առաջին տեղը աշխարհում, 500 հզ. տ, 1976): Բնական կաուչուկ են տալիս հևեայի պլանտացիաները (տարեկան 92 հզ. տ, 1971): Հ. համաշխարհային շուկային համեմունքներ (սև ու կարմիր պղպեղ, հիլ, տաքկոճ, մեխակ ևն) մատակարարող երկիր է: Տնտ. մեծ նշանակություն ունի կոկոսյան արմավենին (տնկարկները` մոտ 900 հզ. հա): 1976–ին Հ–ում հաշվվում էր 180 մլն գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 61,5 մլն գոմեշ, 70 մլն այծ, 40 մլն ոչխար: Հ. բնական մետաքսի արտադրության երկիր է, մշակում են «մալբերի», «էրի», «մուգա», «տասար» ևն մետաքսատեսակներ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ (1976–ին ձկան որսը կազմել է ավելի քան 2 մլն տ), ծովային արդյունագործությամբ, անտառատնտեսությամբ:

Արդյունաբերությունը: 1976–ին արդ. արտադրանքի աճին օժանդակեցին գյուղատնտ. կուլտուրաների բարձր բերքատվությունը, արտադրության ծանրաբեռնվածության ավելացումը, տրանսպորտի աշխատանքների բարելավումը: 1969–1970–ին արդյունաբերության բաժինը ազգային համախառն արդյունքում կազմում էր 23,2: Կատարվում է արդյունաբերության կառուցվածքի որակական փոփոխություն: Վերստեղծվել են նավթային, քիմ., ալյումինի արդյունաբերությունը և մեքենաշինության ճյուղերի մեծ մասը, ավելացել սև մետաղների արտադրությունը: Ծանր արդյունաբերությունը տալիս է արդ. ամբողջ արտադրանքի մոտ 50–ը: Մեծ են Հ–ի հանքային և էներգետիկ ռեսուրսները: Արդյունահանվում է ածուխ (Դամոդարյան, Գոդովարիի հովիտներ ևն), որը կազմում է արդյունահանվող օգտակար հանածոների ընդհանուր արժեքի 70–ը: Նավթավերամշակման արդյունաբերության հզորությունների շուրջ 40–ը Հ. ապահովում է սեփական հումքով: Ասամի նավթի բազայի վրա գործում են Դիզբոյի, Նունմատիի և Բարաունիի նավթավերամշակման գործարանները, նավթը ստացվում է Նահորկատյա–Նունմատի– Բարաունի նավթամուղով (1150 կմ): 1965–ին ՍՍՀՄ–ի օգնությամբ կառուցվել է Կոյալիի նավթավերամշակման գործարանը, 1970–ին շարք են մտել Կոչինի և Մադրասի նավթավերամշակման զործարանները, կառուցվում են Հալդիի և Բոնգայգաոնի գործարանները: Արդյունահանվում է նաև երկաթի (Օրիսա, Բիհար, Մայսուր և, 1 2–ը արտահանվում է), ուրանի, մանգանի հանքաքար, փյլար, բոքսիտներ, ոսկի, ալմաստ: Կարևոր նշանակություն ունի նաև կերակրի աղի, կրաքարերի, հրակայուն կավերի, քրոմիտների արդյունահանությունը: Էլեկտրակայանների հզորությունը 1978–ին 23,5 մլն կվտ էր: Մշակող արդյունաբերության ճյուղերից արագորեն զարգանում է սև մետալուրգիան: 1950–ական թթ. Բհիլայում և Բոկարոյում (ՍՍՀՄ–ի օգնությամբ), Դուրգապուրում (Մեծ Բրիտանիայի տեխ. համագործակցությամբ) և Ռոուրկելայում (ԳՖՀ–ի տեխ. համագործակցությամբ) շարք մտան մետալուրգիական պետ. կոմբինատներ: Բացի պետ. կոմբինատներից գործում են մետալուրգիական մասնավոր կոմբինատներ (Զամշեդպուր, Ասանսոլ): Սև մետալուրգիան կենտրոնացվում է երկրի հս–արլ. մասում: Նոր կոմբինատներ են կառուցվում հվ–ում (Վիջայանագար, Վիշակհապատնամ և Սելամ քաղաքներում): 1970–ական թթ. սկզբին Հ. ներմուծման հաշվին ծածկում էր սև մետաղների իր պահանջարկի մոտ 10–ը և պողպատի հատուկ տեսակների մոտ 70–ը: Պղնձի և մյուս գունավոր մետաղների պահանջարկի 3 4–ը ներմուծվում է: Էժան հիդրոէներգիայով հարուստ շրջաններում զարգանում է ալյումինի արդյունաբերությունը (Հիրակուդ, Ռիհանդ, Սելամ, Կոյնա): ՍՍՀՄ–ի օգնությամբ Կորբեում 1972–ից կառուցվում է ալյումինի պետ. կոմբինատ: Զգալի հաջողությունների են հասել մետաղամշակումն ու մեքենաշինությունը: Արագորեն զարգանում է տրանսպորտային մեքենաշինությունը: Կառուցվել են լոկոմոտիվաշինական (Չիտարանջան), դիզելային լոկոմոտիվների (Վարանասի), վագոնաշինական (Պերամբուր), ավիացիոն (Բենգալուրու), ծանր մեքենաշինության, լեռնա–հանքահորային սարքավորումների (Ռանչի, Դուրգապուր, ՍՍՀՄ–ի օգնությամբ) և էներգասարքավորումների (Բհոպալ, Հայդարաբադ) պետ. գործարաններ: Զարգանում է հաստոցաշինությունն ու սարքաշինությունը: Հ–ի մեքենաշինության գլխավոր կենտրոններն են Բոմբեյը, Կալկաթան, Մադրասն ու Բենգալարուն: Քիմ. արդյունաբերությունն արտադրում է կալցիումացված և կաուստիկ սոդաներ, պարարտանյութեր (Մինորի, Նանգալ): Զարգանում է նավթաքիմիան, արհեստական և սինթետիկ մանրաթելերի, դեղորայքի, միջատասպան քիմիկատների, ցեմենտի արտադրությունը: Տեքստիլ ու սննդհամի արդյունաբերությունը Հ–ի էկոնոմիկայի ավանդական ճյուղերն են: Բամբակեղենի արդյունաբերությունն իր հզորությամբ գրավում է առաջին տեղերից մեկը արտասահմանյան երկրների շարքում: Նրա ավելի քան կեսը տալիս է Բոմբեյ–Ահմադաբադ արդ. շրջանը: Մայսուր, Սուրատ, Սրինագար քաղաքները բնական մետաքսի գործվածքների, Կամպուրն ու երկրի հս–արմ. շրջանները` բրդեղենի ավանդական կենտրոններն են: Կերալա նահանգը մասնագիտանում է կոկոսյան ընկույզից ստացված մանրաթելերի մշակման ուղղությամբ: Հ. աչքի է ընկնում ջուտե գործվածքների արտադրությամբ: Սննդարդյունաբերության առաջատար ճյուղը շաքարի արտադրությունն է (Ուտար Պրադեշ, Մահարաշտրա նահանգներ, Հ–ի հվ. մաս): Ամենուրեք գործում են ալրաղացներ ու ձիթհաններ: Արտահանության համար կարևոր նշանակություն ունի ծխախոտի արտադրությունը (Գունտուրու): Հ. աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը դաբաղած կաշու, մանր եղջերավոր անասունների մորթու և կոշիկի արտահանությամբ: Հ–ի կառավարությունն ամեն կերպ աջակցում է մանր և տնայնագործական արդյունաբերության զարգացմանը:

Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը մոտ 62 հզ. կմ է, որից 30 հզ. կմ` լայնաղուր, ավտոճանապարհներինը` 787 հզ. կմ, որից կոշտ ծածկով` 513 հզ. կմ (1978): Բեռնափոխադրումների 3 4–ը և ուղևորների փոխադրման մեծ մասը կատարվում է երկաթուղային տրանսպորտով: Աշխատանքներ են տարվում լայնաղուր երկաթուղիների կառուցման ուղղությամբ: Ծովային առևտրական նավատորմի ջրատարողությունը 5,57 մլն բրուտտո ռեգիստրային տ է: Նավարկելի գետուղիների երկարությունը կազմում է մոտ 14 հզ. կմ: Սեփական ծովային նավատորմը ապահովում է արտաքին առևտրի փոխադրումների միայն 20–ը: Գլխավոր նավահանգիստներ են Բոմբեյը, Կալկաթան, Մարմագանը, Վիշակհապատնամը, Մադրասը, Կոչինը, Կանդլան, Պարադիպը: Բոլոր կարևոր կենտրոնները միմյանց հետ կապված են ավիագծերով: Բոմբեյը, Կալկաթան, Դելին և Մադրասն ունեն միջազգային օդանավակայաններ:

Արտաքին առևտուրը: 1977 78–ին Հ–ի արտահանությունը կազմել է 53,7, ներմուծումը` 60,3 մլրդ ռուփի: Արտահանում է շաքար, ջուտեդեն ու բամբակեղեն, թեյ, երկաթահանք և կոնցենտրատներ, կաշի և կաշվե արտադրանք, տնայնագործական–գեղարվեստական իրեր, սուրճ ևն: Ներմուծում է նավթ և նավթամթերքներ, կենդանական ու բուսական յուղ, հացահատիկ, մեքենաներ ու սարքավորումներ, պարարտանյութ, սև և գունավոր մետաղներ ևն: 1976–ին Հ. առևտրական պայմանագիր է կնքել ՍՍՀՄ–ի հետ (1976– 1980 թթ.): Արտաքին առևտրի հիմնական գործընկերներն են ԱՄՆ, Ճապոնիան, Իրանը, ՍՍՀՄ, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կանադան, Ֆրանսիան: ՍՍՀՄ–ին և Եվրոպայի սոցիալիստական երկրներին բաժին է ընկնում Հ–ի արտաքին առևտրի շրջանառության 12,3 Վը (արտահանության 15–ը և ներմուծման 9,5-ը): Դրամական միավորը հնդ. ռուփին է: ՍՍՀՄ Պետական բանկի կուրսով 100 ռուփին 8,5 ռ. (1978):

Զինված ուժերը: Հ–ի զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից (913 հզ. մարդ, 1976), ռազմաօդային (մոտ 100 հզ. մարդ) և ռազմածովային (42,5 հզ. մարդ) ուժերից: Գերագույն գլխ. հրամանատարը պրեզիդենտն է, անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության մինիստրը: Զինված ուժերը համալրվում են կամավորներով: Ցամաքային ուժերի կազմում կան 15 հետևակային, 10 լեռնահետևակային, 2 զրահատանկային դիվիզիաներ, առանձին զրահատանկային 5 բրիգադ, առանձին հետևակային 6 բրիգադ, առանձին հրետանային 9 բրիգադ, զենիթային հրետանու մոտ 20 գունդ, կապի և ինժեներական զորամիավորումներ: Ռազմաօդային ուժերն ունեն 950 մարտական ինքնաթիռ, ավելի քան 60 էսկադրիլիա, ռազմածովային ուժերը` ավելի քան 70 նավ, ռազմածովային ավիացիան` մոտ 100-ինքնաթիռ և ուղղաթիռ: Կան նաև սահմանապահ զորքեր (մոտ 80 հզ. մարդ) և ռազմականացված կազմակերպություններ (մոտ 100 հզ. մարդ): Բժշկա–աշխարհագրական բնութագիրը: 1973-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 34,6, ընդհանուր մահացությունը` 15,7, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին` 122: 1966–70–ին տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 48.2 տարի էր, կանանցը` 46: Գերակշռում են աղիքային, ճիճվային (անկիլոստոմիդոզ, ասկարիդոգ) հիվանդությունները, տրախոման (որը կուրության դեպքերի 60– 80–ի պատճառ է դառնում), տուբերկուլոզը, մանկական վարակիչ հիվանդությունները ևն: Մոտ 245 մլն մարդ տառապում է բորով: Բնորոշ են խոլերայի համաճարակները (1975–ին` 21955 դեպք): 1976–ից ծաղիկ հիվանդության դեպք չի նկատվել: Հանդիպում են ճապոնական էնցեֆալիտը, ռիկետսիոզները, ավելի հաճախ` բերանի խոռոչի և քիթ–ըմպանի քաղցկեղը: Վարակիչ հիվանդությունների դեմ տարվող պլանային պայքարի շնորհիվ խիստ իջել է մալարիայով տառապողների թիվը: Բժշկ. կրթության, գիտահետազոտական հիմնարկների գործունեության հարցերով զբաղվում է առողջապահության և ընտանիքի պլանավորման մինիստրությունը: Ազգային առողջապահության ընդհանուր ուղղության միջոցառումներն ու պլանավորումն իրականացնում է Առողջապահության կենտրոնական խորհուրդը: 1969–ին Հ–ում գործել են 14,2 հզ. հիվանդանոց և բուժ. այլ հիմնարկներ` 331,6 հզ. ընդհանուր մահճակալով (1000 բնակչին` 0,6 մահճակալ), այդ թվում` 166 ծննդատուն (8,3 հզ. մահճակալով), մանկական 20 (1270 մահճակալով), տուբերկուլոզային 521 հիվանդանոց (35,2 հզ. մահճակալով): 1972–ին կար առողջապահական 5,2 հզ. կենտրոն: 1973–ին աշխատել են 138 հզ. բժիշկ (4,2 հզ. բնակչին` 1 բժիշկ), մոտ 9 հզ. ատամնաբույժ, 66 հզ. դեղագործ և 158 հզ. միջին բուժաշխատող: Բժշկ. կադրեր են պատրաստում 83 պետ., 16 մասնավոր բժշկ., ատամնաբույժներ` 15, դեղագործներ` 34, միջին բուժանձնակազմ` 680 դպրոց: 1969–74–ին առողջապահության միջին տարեկան ծախսերը կազմել են պետ. բյուջեի 7,27 –ը: Հ. հարուստ է ծծմբաջրածնային, ածխաթթվածծմբաջրածնային հանքային ջրերի աղբյուրներով և կլիմայական կայաններով (առողջարաններով): Հռչակված են Սիմլա (Հիմալայներում` 2100 մ բարձրության վրա), Ջարմապուրի (1500 մ), Հակրատոր (2100 մ), Ալմորա (1800 մ), Կոոնոր և Կոտագիրի (1800 մ), Օկալամունդ (2200 մ), Վալտեր, Պուրի կուրորտները (վերջին երկուսը` ծովափնյա):

Լուսավորությունը: Մինչև անգլ. գաղութատիրությունից ազատագրվելը Հ–ում միասնական կրթական համակարգ չի եղել: Անկախության հռչակումից (1947) հետո 1950–ի սահմանադրությամբ նախատեսվել է 1960–ից սահմանել մինչև 14 տարեկան երեխաների ձրի պարտադիր ուսուցում (որի իրականացումը, սակայն, հետաձգվել է մինչև 1985–ը): Կրթական գործը ղեկավարում են նահանգների լուսավորության մինիստրությունները: Հ–ի ժամանակակից կրթական համակարգի մեջ մտնում են նախադպրոցական հիմնարկները (3–6 տարեկանների համար), տարրական և ցածր «հիմնական» (6–11 տարեկան երեխաների), ոչ լրիվ միջնակարգ և բարձր «հիմնական» (11–14 տարեկան), լրիվ (բարձրագույն) միջնակարգ (11–17 տարեկան) դպրոցները: Պետ. տարրական դպրոցներում ուսուցումը ձրի է, դասավանդումը` մայրենի լեզվով: Մասնավոր տարրական դպրոցները և միջնակարգ դպրոցների մեծ մասը վճարովի են: Որակավորում ունեցող բանվորներ են պատրաստում ոչ լրիվ միջնակարգ կրթության բազայի վրա աշխատող պրոֆտեխնիկական դպրոցները (2– 3–ամյա): Կան նաև հնդ. երաժշտության և պարի, գեղեցիկ արվեստների, տնային տնտեսության ուսումնարաններ: Բարձրագույն կրթության համակարգը կազմում են համալսարանները, կոլեջները և ինստ–ները: Հ–ում կա (1972) 83 համալսարան, համալսարանին հավասար իրավունքով 9-ինստ., ազգային նշանակությամբ 9-ինստ.: Բարձրագույն կրթությունը վճարովի է (ուս. տևողությունը` 5–6 տարի): Բնագույն համալսարաններն են` Կալկաթայի, Բոմբեյի, Մադրասի (հիմնադրվել են 1857–ին): Տեխ. կրթությունը ղեկավարում է Տեխ. կրթության համահնդկական կոմիտեն: Տեխ. խոշոր ինստ–ներն են` Կհարագպուրայի, Բոմբեյի (կառուցվել է ՍՍՀՄ–ի օգնությամբ), Մադրասի, Կանպուրայի: Խոշորագույն գրադարաններն են` Ազգային (հիմն, է 1902–ին, Կալկաթա), հանրային (1951, Դելի), Կենտրոնական հանրային (1896, Մադրաս), Արևելյան գրականության (1924, Պատնա): Թանգարաններից հայտնի են` Հ–ի ազգային (1949, Դելի), Հնդկական (1814, Կալկաթա), Պետական (1851, Մադրաս), Ազգային գեղարվեստական պատկերասրահը (1951, Մադրաս), ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահը (1954, Դելի), Ջ. Ներուի հուշաթանգարան–գրադարանը, Մ. Գանդիի հուշաթանգարանը (Դելի): Գիտությունը և գիտական հիմնարկները: Բնական և տեխնիկական գիտությունները: Դեռևս հեռավոր անցյալում Ինդոս գետի ավազանի բնակչությունն ստեղծել է բարձր զարգացած մշակույթ, որը ոչ միայն չէր զիջում, այլև որոշ առումներով գերազանցում էր համաշխարհային քաղաքակրթության մյուս օջախների մշակույթը: Հնագիտական պեղումները (Հարապպա, Մոհենջո–Դարո) վկայում են քաղաքաշինության բարձր մակարդակը: Մ. թ. ա. III–II հազարամյակներում Հարապպայում բրոնզից և պղնձից պատրաստվել են արտադրության գործիքներ և զենք, հայտնի են եղել մետաղների հալումը, կռումը և ձուլումը: Մ. թ. ա. I հազարամյակում քրմերը կատարել են Արեգակի և Լուսնի շարժման կանոնավոր դիտումներ: Բժշկական արժեքավոր տեղեկություններ է պարունակում «Այուրվեդան» (մ. թ. ա. IX–III դդ.): Հայտնի բժիշկներ և վիրաբույժներ էին Ջիվական (մ. թ. ա. VI– V դդ.) և Չարական (մ. թ. I դ.): Հատկապես զարգացած է եղել վիրաբուժությունը, ստեղծվել են ավելի քան 200 վիրաբուժական գործիքներ, կիրառվել է ցավազրկումը: Մ. թ. I հազարամյակը հին հնդկ. հոգևոր մշակույթի ծաղկման շրջանն է: Մաթ. գիտելիքները հետևողականորեն շարադրվել են արդեն «Սիդդհանտա»–ում` մ. թ. սկզբի աստղագիտական երկերում: Ստեղծվել են հաշվարկման տասական համակարգը, սինուսների աղյուսակը: Մաթեմատիկոս և աստղագետ Արիաբհաթան (V–VI դդ.) արտահայտել է այն միտքը, որ Երկիրը գունդ է և պտտվում է իր առանցքի շուրջը: Արիաբհաթայի մաթ. դրույթները զարգացրել է Բրահմագուպտան (VII դ.): Մաթեմատիկայի և աստղագիտության զարգացման գործում զգալի ավանդ են ներդրել Վարահամիհիրան (VI դ.), Շրիդհարան (IX–Хвди), Բհասկարան (XII դ.): Բժշկագիտության բնագավառում հայտնի են Վագաբհաթայի, Սադհավակարայի, Բհասկարա Բհատտայի անունները: Բժշկագիտության զարգացման հետ են կապվել գիտելիքների կուտակումն ու համակարգումը բնագիտության մյուս բնագավառներում: V դ. են վերաբերում ալքիմիային նվիրված առաջին աշխատությունները, որոնք երևան են եկել չինական գիտության ազդեցությամբ: Բարձր մակարդակի է հասել մետալուրգիան, որի վկայությունն է ցայսօր չժանգոտված վիճակում պահպանված երկաթե սյունը Դելիում (V դ. սկիզբ): Հնդիկ վարպետները պատրաստում էին գունավոր մետաղների տարբեր համաձուլվածքներ, բազմազան ներկանյութեր: Տորոնի կարմիր և ինդիգոյի կապույտ ներկերն արտահանվում էին: Մեծ Մողոլների տիրապետության շրջանում Դելիում, Ջայպուրում և այլ քաղաքներում կառուցվել են աստղադիտարաններ: Անգլ. տիրապետության շրջանում (XVIII դ. 2–րդ կես –XX դ. I–ին կես) Հ–ում զարգացել են գիտելիքների զուտ այն բնագավառները, որոնք ծառայում էին գաղութային տնտեսությանը: Երկրի գիտության զարգացմանը էապես նպաստել են մի շարք անգլիացի գիտնականներ, որոնք ապրել և աշխատել են Հ–ում: 1784–ին ստեղծվել է Բենգալիայի ասիական միությունը (Կալկաթա), որի գործունեության մեջ մեծ է եղել արևելագետ Ու. Ջոնսի դերը: 1787–ին ստեղծվել է Կալկաթայի բուսաբանական այգին, 1792–ին` Մադրասի աստղադիտարանը: 1857–ին հիմնադրվել են առաջին համալսարանները (Կալկաթայում, Բոմբեյում և Մադրասում): Այդ շրջանում են կազմակերպվել Հ–ի երկրբ. և բուսաբանական, 1875–ին` օդերևութաբանական ծառայությունները: XIX–XX դդ. սահմանագծին ստեղծվել են բնագիտական և տեխ. ընկերությունները: Համաճարակների դեմ պայքարում մեծ վաստակ ունի ռուս բժիշկ Վ. Խավկինը. 1896–ին նրա ստեղծած հատուկ ինստ–ը (այժմ` Խավկինի ինստ., Բոմբեյ) դարձել է այտույցային ժանտախտի հետազոտությունների կենտրոնը Հ–ում: Չնայած գիտական հետազոտությունների սուղ միջոցներին, հնդիկ գիտնականներից շատերը (մաթեմատիկոս Ս. Ռամանուջանը, ֆիզիկոսներ Շ. Բոզեն, Հ. Բաբան, նոբելյան մրցանակի դափնեկիր Չ. Վ. Ռամանը և ուրիշներ) նշանակալի հետք են թողել համաշխարհային գիտության մեջ: Անկախություն ստանալուց (1947) հետո Հ–ում գիտական հետազոտությունները սերտորեն առնչվել են գործնական խնդիրներին: Ուսումնասիրվում են միջուկային ֆիզիկայի, պինդ մարմնի և տարրական մասնիկների ֆիզիկայի, բնական միացությունների քիմիայի, էլեկտրոնիկայի և այլ բնագավառների հիմնարար բնույթի պրոբլեմներ: Բուհերում և գիտական կենտրոններում կատարվող հետազոտությունները նպատակամղված են Հ–ի բնական հարստությունների արդյունավետ օգտագործմանը, տեղական ռեսուրսների հիման վրա նոր նյութերի և տնխնոլոգիական պրոցեսների մշակմանը: Գյուղատնտեսության բնագավառում գիտնականները ջանում են լուծել Հ–ի բնակչությունը մթերքով ապահովելու հետ կապված պրոբլեմները: Բնագիտական հետազոտություններով զբաղվում են հիմնականում համալսարաններում և գիտական կենտրոններում, որոնցից խոշորագույններն են Թաթի անվ. հիմնարար հետազոտությունների ինստ–ը Բոմբեյում, Բաբայի անվ. ատոմային հետազոտական կենտրոնը: 1970–ին Հ–ի հվ–ում շարք մտած եզակի ռադիոհեռադիտակը նպաստել է ռադիոաստղագիտության զարգացմանը: Երկրաֆիզիկական հետազոտությունները կատարվում են օդերևութաբանության դեպարտամենտի հիմնարկություններում և Երկրաֆիզիկական հետազոտությունների ազգային ինստ–ում (Հայդարաբադ): Աշխարհագրական 5 գիտական ընկերություններ մշակում են ռեգիոնալ, պատմական և տնտ. աշխարհագրության պրոբլեմներ: 1968–ին բացվել է Հիմալայների երկրաբանության ինստ–ը: Քիմիայի բնագավառի հետազոտությունները, որոնք ընդգրկում են արդի քիմիայի բոլոր ճյուղերը, կատարվում են Քիմիայի ազգային լաբորատորիայում (Պունա), ինչպես նաև համալսարանների լաբորատորիաներում: Հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում բնական միացությունների ուսումնասիրությանը: Բուսաբանական հետազոտությունները վերաբերում են բույսերի մորֆոլոգիային, էկոլոգիային, անատոմիային ևն) Կենսաբանության բնագավառի գիտական խոշոր կենտրոն է Բիրբալա Սանիի անվ. հնէաբուսաբանության ինստ–ը: Մաթ. վիճակագրության պրոբլեմներով զբաղվում է վիճակագրության ինստ–ը, որը Հ–ի կառավարության հանձնարարությամբ մասնակցել է նաև երկրի տնտ. զարգացման հնգամյա պլանների մշակմանը:

Հասարակական գիտությունները: Փիլիսոփայությունը: Փիլ. միտքը Հ–ում ծագել է մ. թ. ա. III–II հազարամյակներում, ինչի մասին վկայություններ հանդիպում են վեդաներում, ուր արտահայտվել է վեդայական կրոնական աշխարհայացքը` միախառնված աշխարհի, մարդու, բարոյական կյանքի փիլ. պատկերացումներին: Ռիգվեդայում (կրոնական հիմների ժողովածու) տեղ են գտել կեցության հիմքի, աշխարհի ծագման ու օրինաչափությունների, սոցիալական տարբերությունների պատճառների մասին խորհրդածությունները, արտահայտվել է իրականության պարզամիտ դիցաբանական բացատրությունների անբավարար լինելը: Փիլ. մտքի առավել բարձր մակարդակ են նշանավորում ուպանիշադները, ուր արտացոլվել են Փիլ. գիտակցության առաջին տարրերը, և սկսել են ձևավորվել առաջին փիլ. ուսմունքները: Այստեղ դիցաբանական–կրոնական աշխարհայացքը կորցնում է տիրապետող դիրքերը, ծագում են հասարակական գիտակցության այլ ձևեր (ժամանակագրություն, տրամաբանություն, քերականություն, աստղաբաշխություն ևն): Գիտելիքի հատուկ բաժին է դառնում փիլիսոփայությունը: Հին հնդ. փիլիսոփայության մեջ գերակշռում է բարոյահոգեբանական ուղղվածությունը, և այդ պատճառով դրսևորվում է փիլիսոփայության կախվածությունը կրոնաիդեալիստական և ուղղակի կրոնական մտքից: Ընդունվում է մարդու հոգեկանի բարդ կառուցվածքը, տարբերակվում են նրա զանազան բաղադրիչները (գիտակցություն, կամք, հիշողություն, զգայություններ ևն): Ուպանիշադներում հիշատակվում են մատերիալիզմին, աթեիզմին հակվող ուսմունքներ: Միաժամանակ փնտրվում է բնության երևույթների անվերջ բազմազանության միասնությունը: Այդպիսի նախահիմք էր համարվում կամ սնունդը, կամ կենդանի շունչը, կամ չորս (երբեմն հինգ), այլևս չտրոհվող տարրերի հաջորդականությունը` ջուր, հող, հուր, օդ և եթեր (ակաշա), կամ վերացական մատերիան (պրակրիտի): Ի վերջո, կեցության առավել ընդհանուր նախահիմքի և սկզբնապատճառի դերում հանդես է գալիս Բրահման–Ատմանը, որը հնդ. իդեալիզմի հիմքն է և օգտագործվել է մի շարք իդեալիստական փիլ. համակարգերում ու հինդուիզմում: Այդ հասկացությունը ստացել է տարբեր իմաստներ (նախատարր, ստեղծագործ ոգի ևն), ինչպես նաև Բրահմանը դարձել է վեդայական պանթեոնի գլխավոր աստվածությունը: Տարածված է եղել նաև «դհարմա» հասկացությունը, որը իմաստով մոտ է լոգոսին: Ուպանիշադներում թեև չկա զուտ տրամաբանական խնդիրների քննարկում, սակայն նկատելի է, որ մտածողներին հայտնի էին անալոգիայի, նպատակամղված գիտափորձի և այլ տրամաբանական հնարքներ: Սոցիալական հայացքները սուղ են, գլխավորը վառնային (կաստայական) բաժանման անխուսափելիության ընդունումն է: Ետվեդայական (կամ էպիկական) շրջանի (մինչև մ. թ. ա. III–II դդ.) փիլիսոփայության վերաբերյալ տեղեկություններ պարունակվում են «Մահաբհարաթա» և «Ռամայանա» էպոսները, ինչպես նաև կրհնա–իրավական և հասարակական–քաղաքական օրենսգրքերը (Մանուի օրենքներ, Արթաշաստրա): Այս շրջանը բնորոշվում է բրահմայականության տիրապետությամբ: «Մահաբհարաթայի» փիլ. գաղափարները հիմնականում Ուպանիշադներում գերիշխող հայացքների զարգացումն ու շարունակությունն են: Արթաշաստրայում հիմնական փիլ. ուղղություններ են հիշատակվում սանքհյան և յոգը, որոնք արտահայտում են աշխարհի կրոնաիդեալիստական բացատրությունը: Մատերիալիստական միտքը այդ շրջանի աղբյուրներում ներկայացված է բազմակողմանի, թեկուզ և ոչ ամբողջական, ինչպես իդեալիստականը: Փիլ. սուտրաների (ասույթներ, ասացվածներ) շրջանում (մինչև մ. թ. III–IV դդ.) հնդ. փիլիսոփայությունը հանդես է գալիս համակարգված փիլ. դպրոցների ձևով լոկայաթա (տես Չարվակա), ջայնիզմ, բհագավատա, վաղ սանքհյա, աջիկվա, բուդդայականություն: Հետագայում ձևավորվում են փիլ. վեց ուղղափառ համակարգերը (նյայա, վայշեշիկա, սանքհյա, յոգ, միմանսա, վեդանտա): Այդ դպրոցներից և համակարգերից յուրաքանչյուրը ձգտում է ընդգրկել փիլ. ողջ պրոբլեմատիկան, բայց միաժամանակ դրանց հատուկ է պրոբլեմների քննարկման խիստ որոշակի ուղղվածություն: Այսպես, չարվակները տարբերվում են ընդգծված մատերիալիստական բնույթով` ժխտվում է աստվածը և հոգին, կեցության վերջնական հիմքը չորս (կամ հինգ) հիմնատարրերն են: Բուդդայականության բոլոր դպրոցները մերժում են սուբստանցայնությունը, ընդգծում նրա փոփոխական բնույթը: Ջայնիզմը ամեն ինչի վերագրում է ոգի և այդ պատճառով պահանջում է պահպանել չգործելու սկզբունքը: Վայշեշիկայի դպրոցում կենտրոնականը աշխարհի ատոմիստական կառուցվածքի մասին ուսմունքն է: Նյայա ոպրոցը ուշադրություն է դարձնում տրամաբանության և իմացաբանության պրոբլեմներին: Սանքհյա դպրոցում հիմնական կատեգորիան մատերիան (պրակրիտի) է, որի հետ մեկտեղ ընդունվում է նրանից անկախ հոգիների բազմության գոյությունը: Յոգը մշակում է առավելապես «վերանալու» ուղիների և միջոցների մասին հոգեբանական խնդիրները: Միմանսայի նպատակն է արդարացնել և բացատրել վերացական ծիսակատարությունը, սակայն այդ առնչությամբ զարգացած փիլ. համակարգը ունի ռացիոնալ բնույթ: Վեդանտան հայտնի է որպես առավել ազդեցիկ օբյեկտիվ իդեալիզմի համակարգ: Հին հնդ. փիլիսոփայությունը զարգացել է որոշակի համակարգերի կամ դպրոցների շրջանակներում: Փիլիսոփայության զարգացման հետագա շրջանում բյուրեղանում են վեց համակարգերի հիմնական դրույթները, և իրենց տարբեր ուղղվածությամբ աչքի են ընկնում բուդդայականության փիլիսոփայության ուշ ձևերը: Հ–ի միջնադարյան փիլիսոփայության ամենանշանավոր ներկայացուցիչը Շանկարան է: XII–XVII դդ. հանդես է գալիս նավյանյայա դպրոցը, մշակվում է աշխարհում միակ (մինչև XX դ. սկիզբը) հարաբերությունների ինտենսիոնալ ձևական տրամաբանության ավարտուն համակարգը: XV–XVI դդ. հանդես են գալիս Կաբիրը և Նանակը, որոնք ձգտում էին ստեղծել սինթետիկական փիլիսոփայական–կրոնական համակարգեր: XVIII– XIX դդ. սկզբին փիլիսոփայության մեջ գերակշռում են լուսավորական գաղափարները, որոնք առնչվում են կրոնա–իդեալիստական ավանդույթների հետ (Վեմանա, Ռամմոհան Ռայ, Գ. Դերոզիա): XIX դ. 2–րդ կեսից փիլիսոփայության զարգացումը Հ–ում ընթացել է անգլ. տիրապետության դեմ հնդիկ ժողովրդի մղած ազգային–ազատագրական պայքարի դրոշի ներքո: Նոր փիլիսոփայության բնույթը պայմանավորված էր հնդ. բուրժուազիայի գաղափարախոսությամբ: Այդ շրջանի մտածողներն առաջնորդվել են ազգային, կրոնական ու փիլ. ավանդույթների վերածնման գաղափարով: Առաջ են եկել արդիականացված թեիզմը, պանթեիզմն ու իդեալիզմը, Ռ. Թագորի, Մ. Գանդիի, Ա. Գհոշի ուսմունքները: XX դ. գանդիականությունը (գանդիզմ) դառնում է ազգային–ազատագրական շարժման գաղափարախոսությունը: XIX–XX դդ. սահմանագծին փիլ. միտքը Հ–ում զարգանում է Ս. Վիվեկանանդայի ազդեցությամբ, որը ձգտում էր արթնացնել ժող. զանգվածները` ելնելով հինդուիզմից: XX դ. բուրժ. փիլիսոփայության ուշադրության կենտրոնում սոցիալ–բարոյական և ազգային պրոբլեմներն են: Անկախության նվաճումից հետո ազգային կրոնաիդեալիստական ավանդույթների հիման վրա ստեղծվում են այսպես կոչված ակադեմիական համակարգերը: Նրանց են հարում նաև մի շարք կրոնափիլիսոփայական ուսմունքներ: 1925–ին Ռ. Թագորի և Ս. Ռադհակրիշնանի նախաձեռնությամբ ստեղծվել է Հնդ. փիլ. կոնգրեսը, որի ամենամյա նստաշրջաններում քննարկվում են հնդկ. փիլիսոփայության զարգացման կարևոր պրոբլեմները: 1950–ական թթ. ձևավորվել է «փիլիսոփայության գիտության» դպրոցը: Բուրժ. փիլիսոփայության և սոցիոլոգիայի մեջ հատուկ տեղ է հատկացվում սոցիալական և հումանիստական պրոբլեմներին, որոնք մշակում են նաև ՀԱԿ կուսակցության գաղափարախոսները, մասնավորապես հիմնավորելու համար «սոցիալիստական տիպարի հասարակության» կոնցեպցիան: Մարքս–լենինյան աշխարհայացքի կրողն է ՀԿԿ: Հ–ի մարքսիստները վերլուծում են հնդ. մատերիալիզմի, բուդդայականության և փիլ. այլ համակարգերի էությունը: ՀԿԿ գործիչները մշակում են Հ–ի սոցիալ–տնտեսական և քաղ. զարգացման կարևորագույն պրոբլեմները: Հ–ում գործում են փիլիսոփայության ուսումնասիրության բազմաթիվ կենտրոններ (թվով մոտ 10), որոնք ունեն հրատարակչական օրգաններ:

Պատմագիտությունը: Պատմագիտությունը Հ–ում սկզբնավորվել է վաղ անցյալում: Հնագույն ժամանակագրությունը վերաբերում է XII դ.: XIII–XIV դդ. մահմեդական կառավարողների արքունիքներում կազմվել են ժամանակագրություններ: Հ–ի պատմագիտությունը կարևոր նվաճումների հասավ XIX–ХХ դդ.: Հին և միջնադարյան հնդ. պատմական հուշարձանների ուսումնասիրության գործում խոշոր ավանդ ունեն լուսավորիչ Ռ. Ռայը, սանսկրիտի, վեդայական և բուդդայական գրականության խոշոր գիտակ Ռ. Լ. Միտրան և ուրիշներ: XX դ. 20–ական թթ. Ռ. Դ. Բաներջին հայտնաբերեց Մոհենջո–Դարոյի և Հարապպայի մշակույթները: Հ–ի պատմագիտությունը զարգացավ անկախության նվաճումից (1947) հետո: Մեծ տեղ տրվեց ազգայհն–ազատագրական շարժման պատմության, Մ. Կ. Գանդիի գործունեության ուսումնասիրությանը: Հրատարակվել և հրատարակվում են Հ–ի ընդհանուր պատմության վերաբերյալ աշխատություններ, այդ թվում` «Հնդիկ ժողովրդի պատմությունը և մշակույթը» բազմահատորյակը: Հ–ի ժամանակակից պատմագիտությունը զարգանում է երեք հիմնական ուղղություններով: Օբյեկտիվիստական ուղղության ներկայացուցիչները մեծ տեղ են հատկացնում փաստագիտությանը, քաղ. պատմությանը, անհատների գործունեությանը: Երկրորդ խմբի պատմաբանները ջատագովում են ամենայն հինդուսականը, քննադատում գաղութային (նաև, ընդհանրապես, եվրոպական) ամեն բան, նսեմացնում ոչ հինդուս խմբերի ու կրոնական համայնքների, մասնավորապես` մահմեդականների դերը Հ–ի պատմության մեջ: Երրորդ ուղղության ներկայացուցիչները ձգտում են պատմության մատերիալիստական բացահայտմանը: Մասնավորապես Շ. Ա. Դանգեն փորձել է Հ–ում դասակարգային հասարակության առաջացմանը տալ մարքսիստական լուսաբանում: Ազգային–ազատագրական պայքարի մարքսիստական վերլուծությունն են տվել Ն. Կաբիրաջը, Լ. Նատարաջանան և ուրիշներ: Պատմության ուսումնասիրության կարևոր կենտրոններ կան Բոմբեյում, Դելիում, Կալկաթայում: Հրատարակվում են պարբերականներ:

Տնտեսագիտությունը: Հին և վաղ միջնադարյան հնդ. պետությունների տնտ. կառուցվածքի ու քաղաքականության, սեփականության ու դրա օտարման ձևերի, ազատ բնակչության (համայնքի անդամների) շահագործման, առևտրի, վաշխառության և այլ հարցերի մասին որոշակի տեղեկություններ են պարունակում հին հնդ. գրականության հուշարձանները` վեդաները, կրոնական օրհներգերի ժողովածուները, դհարմաշաստրաները (մասնավոր ու հասարակական կյանքի կանոնականացված նորմերի ժողովածուներ): Հին հնդ. տնտեսագիտական մտքի կարևորագույն տրակտատում` «Արթաշաստրայում» («Գիտություն օգուտի մասին», մ. թ. ա. IV դ.– մ. թ. II–III դդ.) թագավորական տնտ. քաղաքականության ծրագիրը համարվում է պետության կառավարման մասին գիտության բաղադրամասը: Այն բովանդակում է թագավորական տնտեսության կազմակերպման հանձնարարականներ, եկամտաբերության, առևտրական ծախքերի, տնտ. կյանքում փողի ու թանկարժեք քարերի դերի մասին հասկացության տարրեր: Ֆեոդալիզմի շրջանում (V–XVIII դդ. կեսեր) երևան եկան միայն «Արթաշաստրայի» և դհարմաշաստրաների մեկնաբանություններ, վարչա–հարկային համակարգին, հողատիրության ձևերին վերաբերող տեղեկություններ: XIX դ. վերջերից, բուրժուա–ազգայնական շարժման ուժեղացման պայմաններում, սկսեց ձևավորվել բուրժ. տնտեսագետների հնդ. ազգային դպրոցը, որի հիմնադիրներն են համարվում Դ. Նաորոջին, Մ. Ռանադեն: Նաորոջին Հ–ի տնտ. հետամնացության պատճառները դիտում էր գաղութային շահագործման համակարգի մեջ, փորձում որոշել երկրի ազգային եկամտի ու գաղութային տնտեսության չափերը: Ռանադեն հիմնականում զբաղվում էր ագրարային պրոբլեմներով և հանդես էր գալիս հողի պետ. գաղութային սեփականությունը բուրժ. սեփականությամբ փոխարինելու օգտին: Անկախություն ձեռք բերելուց (1947) հետո երևան եկան անկախ ազգային էկոնոմիկայի կազմավորման ու զարգացման հարցերին նվիրված նոր հետազոտություններ: Դրանցից հիմնականներն են` պլանավորման ու կարգավորման տեսական ու մեթոդաբանական հիմունքների մշակումը, տնտ. քաղաքականությունը, ազգաբնակչության ու զբաղվածության պրոբլեմները, ագրարային հարցը: Էական առաջընթաց է ձեռք բերվել պլանավորման ուսումնասիրման, տնտ. մոդելների ու միջճյուղային հաշվեկշիռների գործնական օգտագործման բնագավառներում (Ա. Չակրավարտի, Ա. Սեն, Պ. Մահալանոբիս և ուրիշներ): Մեծ ուշադրություն է հատկացվում նաև սոցիալ–տնտեսական ընդհանուր հետազոտություններին, արտադրության և կապիտալի համակենտրոնացման ու կենտրոնացման, օտարերկրյա կապիտալի օգտագործման հարցերին, պետ. սեկտորի դրությանն ու զարգացման հեռանկարներին: Մարքսիստական տնտեսագիտական միտքն ուղղված է Հ–ի սոցիալ–տնտեսական պրոբլեմների ու տնտ. քաղաքականության մշակմանը (Ա. Գհոշ, Մ. Սեն): Տնտեսագիտական հետազոտություններն իրականացվում են տնտեսագիտական ու վիճակագրական ինստ–ներում, ԳՀԻ–ներում, համալսարանների տնտեսագիտության ֆակուլտետներում, գիտ. կենտրոններում ևն:

Իրավագիտությունը: Հ–ում սկզբնավորվել է մ. թ. ա. II–I դարերում: Մոտավորապես այդ շրջանին է վերագրվում Մանուի օրենքների կազմումը: Նախագաղութատիրության շրջանում Հ–ի իրավաբանները հիմնականում մեկնաբանում էին ավանդական իրավունքի (սկզբում` հինդուիստական, ապա նաև մահմեդական) նորմերը: Գաղութատիրության շրջանում Հ–ում հիմնականում տարածվում էին անգլ. իրավունքի ինստ–ները: Անկախության հռչակումը (1947) և իրավունքի սեփական համակարգի ստեղծումը պայմանավորեցին իրավագիտության վերելքը Հ–ում, որն արտացոլվեց նախ իրավունքի մեկնաբանություններում, իսկ 1960–ական թթ. սկսած` նաև տեսական ինքնուրույն աշխատություններում: Հ–ի իրավագիտությունն ունի բարդ կառուցվածք` պայմանավորված պետության ֆեդերատիվ կառուցվածքով ու կրոնական տարբեր համայնքներում կիրառվող ավանդական համակարգի պահպանմամբ: Օգտագործելով համեմատական իրավագիտության մեթոդը` իրավագետները ստեղծեցին քաղ. գիտության և միջազգային իրավունքի արդի խնդիրներին վերաբերող աշխատություններ: Սահմանադրական իրավունքի բնագավառում աչքի են ընկնում Մ. Գուպտան, Ա. Նանդիշը, Բ. Շարման, Ի. Շարման, քրեական և քրեական–դատավարական իրավունքի բնագավառում` Ս. Բագգան, Բ. Բաներջին, Բուպ Չանդը, քաղաքացիական իրավունքի բնագավառում` Դ. Կիրտալը, 0. Ահարվալը և ուրիշներ: Աշխատություններ են նվիրվել վարչական, առևտրական, հողային, պայմանագրային, ընտանեկան և ֆինանսական իրավունքին, ընդհանուր իրավունքին, հինդուիստական իրավունքին: Իրավաբանությունը դասավանդվում է համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում և մասնագիտացված կենտրոններում (Բոմբեյ, Պատնա, Նյու Դելի, Հայդարաբադ ևն): Հրատարակվում են շուրջ 30 կենտրոնական և տեղական իրավաբանական հանդեսներ:

Գիտական հիմնարկները: Հ–ում գիտական հետազոտությունները ղեկավարող կառավարական հիմնարկներն են` Գիտական և արդյունաբերական հետազոտությունների խորհուրդը (հիմնադրվել է 1942–ին, պրեզիդենտն է Հ–ի պրեմիեր մինիստրը), Ատոմային էներգիայի հանձնաժողովը, Գյուղատնտեսական հետազոտությունների հնդկական խորհուրդը (1929), Բժշկական հետազոտությունների հնդկական խորհուրդը, Հ–ի պաշտպանության մինիստրությանն առընթեր Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (1958), Համալսարաններին դրամավորող հանձնաժողովը: Հ–ում կան բազմաթիվ գիտական ընկերություններ, ինչպես նաև մի քանի գիտությունների ակադեմիա: Առավել խոշոր հասարակական գիտական կազմակերպությունը հնդկական ազգային ԳԱ–ն է (մինչև 1970–ը` Հ–ի գիտությունների ազգային ինստիտուտ, հիմն. 1935–ին): Ամենամասսայական գիտական ընկերությունը Հնդկական գիտական կոնգրեսն է (1914): Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը: 1971–ին Հ–ում հրատարակվում էր շուրջ 11 հզ. պարբերական, այդ թվում 650 օրաթերթ` 49 լեզվով: Առավել հայտնի են. «Նաշընըլ հերալդ» («National Herald», 1938–ից, անգլ.), «Ամրիտա բազար Պատրիկա» (1868–ից, անգլ., բենգալերեն և հինդի լեզվով), «Ֆրի փրես ջորնըլ» («Free Press Journal», 1930–ից, անգլ.), «Հինդու» («The Hindu», 1878–ից, անգլ.), «Հինդուստան թայմս», («Hindustan Times», 1923–ից, անգլ.), «Հինդուստան» (1933–ից, հինդի լեզվով), «Ինդիան էքսպրես» («Indian Express», 1932–ից, անգլ.), «Թայմս օֆ Ինդիա» («The Times of India», 1838-ից, անգլ.), «Նավ Բհարաթ թայմս» (հինդի լեզվով), «Սթեյթսմեն» («Statesman», 1875-ից, անգլ.) և «Օրգանայզեր» («Organiser», 1947–ից, անգլ.) օրաթերթերը: Կոմունիստական մամուլը ներկայացնում են կոմկուսի կենտրոնական օրգան «Նյու էյջ»(«New Age», 1953–ից, անգլ.), զուգահեռ, կոմկուսի կենտրոնական օրգան «Փիփլզ դեմոքրասի («Peoples Democracy», անգլ.) ևն թերթերը: Խոշորագույն ինֆորմացիոն գործակալությունն է փրեսթրսատ օֆ Ինդիան (հիմն. 1949–ին): Առաջին ռադիոկայանն սկսել է գործել 1927–ին, Բոմբեյում: 1932–ին հիմնվել է Հնդկական պետական ծառայությունը` Համահնդկական ռադիոն (А ll–India Radio): Հեռուստատեսությունը գործում է 1959–ից:

Գրականությունը: Ավելի քան երեք հազարամյա ավանդույթներ ունեցող հնդ. գրականությունն սկսվում է վեդաներով (մ. թ. ա. II հազարամյակի վերջ –I հազարամյակի 1–ին կես): Մոտ մ. թ. ա. VI–V դդ. բանավոր կազմավորվել է «Մահաբհարաթա» և «Ռամայանա» էպիկական պոեմների միջուկը: Մ. թ. ա. I հազարամյակի 2–րդ կեսին պալի և պրակրիտ լեզուներով (տես Պալիական գրականություն, Պրակրիտ գրականություն) ստեղծվել է բուդդայական գրականությունը: Մ. թ. ա. IV–III դդ. երկրի դրավիդյան հվ–ում ծնունդ է առել հին թամիլական ինքնատիպ գրականությունը (տես Թամիլական գրականություն), որի վաղ շրջանի հուշարձաններն առավելապես աշխարհիկ բնույթ են կրում: Սանսկրիտերեն գրառված «Փանչատանտրա» ժող. հեքիաթների ժողովածուով (մ. թ. III–IV դդ.) սկզբնավորվել է «շրջանակված» պատմվածքի ժանրը (միջնադարյան գրական ժանր, որի համար բնորոշ է տարբեր տեսակի պատմվածքների միավորումը` կապող պատմողական «շրջանակի» միջոցով): Նոր դարաշրջանի սահմանագծում նկատվում է անցում դեպի անհատական–ստեղծագործությունը, ձևավորվում են ինքնուրույն գրական տեսակներ ու ձևեր` Հալայի (մոտ IV դ.) պրակրիտյան քնարերգությունը, Աշվագհոշի (մոտ II դ.), Բհասայի (IV դ.) սանսկրիտերեն դրամաները ևն: Կալիդասայի (մոտ V դ.) և Դանդինի (VI– VII դդ.) սանսկրիտերեն ստեղծագործություններում դիցաբանական սյուժեները, գրեթե ամբողջությամբ կորցնելով կրոնական երանգը, դարձել են հումանիստական գաղափարների արտահայտչամիջոց: Հին թամիլական գրականության գլուխգործոցը Տիրուվալուվարի (IV–V դդ.) «Տիրուկուրալ» ասացվածների գիրքն է: Մոտ VII դարից սկսվում է միջնադարյան գրականության պատմությունը: Սանսկրիտերեն և թամիլերեն գրականությունների կողքին առաջանում են այլ լեզուներով գրականություններ` դրավիդյան (կաննադա, մալայալիական, թելուգու գրականություն) և նոր հնդարիական (ասամական, բենգալական, հուջարաթական, մարաթական, օրիական, փենջաբի, հինդի գրականություն): Ավելի ուշ ուրվագծվում են Քաշմիրի և Սինդհի, ինչպես նաև փուշտու լեզվով հնդ. գրականությունները: XIII դ. սկզբնավորվեց հնդ. պարսկալեզու գրականությունը Ամիր Խոսրով Դեհլևի (1253–1325), Միրզա Բեդիլ (1644–1721) ևն: Հակաֆեոդալական ժող. շարժումը` բհաքթին, նպաստեց զարգացած ֆեոդալիզմի (XV–XVII դդ.) գրականության ծաղկմանը կաննադա բանաստեղծ Պուրանդարադասա (մոտ 1480–1564), բենգալացի Չոնդիդաշ (XIV–XV դդ.), հինդի բանաստեղծներ Քաբիր (XV–XVI դդ.), Սուրդաս (մոտ 1483–1563) ևն: Մողոլների տիրապետության դեմ ուղղված ժող. ապստամբությունները (XVII դ.) ոգևորել են ազատության երգիչներ մարաթիներ Թուկարամին (1608–49) և Ռամդասին (1608–81), փենջաբցի Գովինդ Սինգհին (1666–1708): XVIII դ., երբ Մեծ Բրիտանիան նվաճեց Հ., և ֆեոդալական հարաբերությունները պահպանվեցին, հնդ. գրականությունը անկում ապրեց: Բայց արդեն XIX դ. Հ–ի մի շարք գրականություններում երևան եկան լուսավորական գաղափարներ: Լուսավորական ռեալիզմը նպաստեց սոցիալ–կենցաղային վեպի զարգացմանը բենգալացի գրողՊերիչանդ Միտրոյի (1814–83) «Հարուստ տան սիրելին» Տարածվեց ռոմանտիզմը բենգալացի գրող Բ. Չոտտոպադհայի (1838–94) վեպերը: Հակագաղութատիրական պաթոսով է տոգորված բենգալ դրամատուրգ Դ. Միտրոյի (1829–74) «Ինդիգո հայելին» (1860) պիեսը: XX դ. 20–ական թթ. հնդ. գրականության կենտրոնական թեման դարձավ ազգային անկախության համար պայքարը: 30–ական թթ. կեսերին սկսվեց առաջադեմ գրողների շարժումը, որի նպատակն էր գրականության հետևողական դեմոկրատացումը: 1936–ին Պրեմչանդի (1880– 1936), Մ. Ռ. Անանդի (ծն. 1905) և Սաջադ Զահիրի (ծն. 1905) նախաձեռնությամբ ստեղծվեց Հ–ի առաջադեմ գրողների ընկերությունը: Գրականության վրա մեծ ազդեցություն գործեց գանդիականությունը: Ձևավորվեց հեղափոխական–ռոմանտիկական ուղղությունը (ուրդու բանաստեղծ Ջոշ Մալիհաբադի, ծն. 1898): Քննադատական ռեալիզմի զարգացման բարձրագույն աստիճանը Պրեմչանդի և Ռ. Թագորի (1861–1941, նոբելյան մրցանակ, 1913) ստեղծագործությունն է: Սոցիալիստական ռեալիզմի գրականության ազդեցությամբ Հ–ում ծնունդ առավ խոսքի սոցիալիստական արվեստը ուրդու բանաստեղծ է. Հ. Ա. Վաֆա (1900–36), բենգալացի վիպագիր Գ. Հալդար (ծն. 1902), հինդի գրող–հրապարակախոս Յաշպալ (ծն. 1903) Նորացան բանաստեղծական ձևերը, զարգացավ արձակը: Միաժամանակ երևան եկան դեկադենտական ուղղություններ: Հ–ի պետ. անկախության նվաճումը (1947) նպաստեց առաջադիմական գրականության աճին, առաջին պլան մղեց սոցիալական թեմատիկան: Ուժեղացավ աշխատանքի մարդկանց, սոցիալական անարդարության դեմ պայքարողներին պատկերելու ձգտումը կաննադա արձակագիր Նիրանջանա (ծն. 1923), մալայալամ Թակաժի Շ. Պիլայ (ծն. 1914) Հ–ում ստեղծագործում են նաև կրոնական–շովինիստական ուղղության գրողներ (հինդի գրող Գուրուդատ): Գեղարվեստական նոր արտահայտչաձևերի ու միջոցների որոնումները շատ գրողների համար ինքնանպատակ են հինդի բանաստեղծ Դ. Բհարաթի (ծն. 1926), մարաթի բանաստեղծներ Բ. Ս. Մարդհեքարա (1907–56) և Մուքթիբոդհա (ծն. 1921) Ազգային լեզուներով գրականությունների կողքին Հ–ում զարգանում է անգլերեն հնդ. գրականությունը: Անգլերեն գրող առաջին բանաստեղծներից են Գ. Լ. Վ. Դերոզիոն (1809–31), Կ. Գհոշը (1809–73), Թ. Դաթը (1856–77): XIX դ. վերջին – XX դ. սկզբներին աչքի է ընկել Աուրոբինդո Գհոշի (1872–1950), Ս. Նայդուի (1879–1949), Հ. Չատտոպադհայի (ծն. 1898) պոեզիան: XX դ. 30–ական թթ. ստեղծվել է անգլերեն արձակը, որի խոշորագույն ներկայացուցիչներն են Մ. Ռ. Անանդը, Ռ. Կ. Նարայանը (ծն. 1906), Հ. Չատտոպադհայը և ուրիշներ: Գրականագիտությունը ինքնուրույն նշանակություն է ստացել մ. թ. I հազարամյակի 2–րդ կեսին: XV–XVII դդ. առավելապես կրել է սխոլաստիկ բնույթ: XIX գ. կեսերից նկատվում է առանձին ազգային գրականությունները (հատկապես բենգալական ու հինդի) որպես ինքնուրույն գրական ընդհանրություն իմաստավորելու միտում: XX դ. 30–40–ական թթ. հնդիկ գրականագետները մոտենում են գրական պրոցեսի սոցիալական ու պատմական դետերմինացվածության գիտակցմանը, իսկ ոմանք` նաև մարքսիստական ըմբռնմանը: Արդի հնդ. գրականագիտության մեջ աչքի են ընկնում Հ. Դվիվեդին, Վ. Ռագհավանը, Ն. Սինգհը, Բ. Ուպադհյայը, Կ. Մ. Ջորջը, Կ. Չայտանյան, Գ. Հալդարը, Նագենդրան, Կ. Ն. Սուբրահմանյամը, Ա. Բոսը, Պ. Մաչվեն, Պ. Պադմարաջուն, Չ. Դ. Նարասիմհայան:

Ճարտարապետությունը և կերպարվեստը: Հ–ի (նաև Պակիստանի) գեղարվեստական մշակույթի ակունքները հարում են Ինդոս և Գանգես գետերի հովիտներում առաջացած հնագույն քաղաքակրթություններին: Հարապպայի զարգացած քաղաքակրթության (մ. թ. ա. մոտ 2500–1500) ժամանակաշրջանին են վերաբերում Սանգհոլ (Պատիալայի շրջանում) և Լոտհալ (Կատհիյավար թերակղզու վրա) քաղաքները, որոնք ունեցել են կանոնավոր հատակագրծ, ջրամատակարարման ու կոյուղու կարգավորված համակարգ, հասարակական լոգարաններ, կառուցապատվել թրծված աղյուսե բազմահարկ շենքերով: Այստեղ հայտնաբերվել են նկարազարդ խեցեղեն, քարից և թրծակավից պատրաստված արձանիկներ, կենդանիների պատկերներ և գրանշաններ ունեցող կնիք–հմայիլներ: Մ. թ. ա. XV– V դդ. Հյուսիսային Հ–ի մշակույթի մասին պատկերացում են տալիս գրական աղբյուրները (վեդաներ ևն), ինչպես նաև ավելի ուշ ժամանակների քանդակներն ու գեղանկարչությունը: Կառույցների ձևերը և տիպերը (բոլորաձև հատակագծով, կիսագնդաձև կամ կոնաձև ծածկով տունը, դահլիճ տիպի, փայտյա թաղածածկ հասարակական ժողովատունը ևն) հետագա դարերի քարակերտ տաճարների և այլ շինությունների ճարտ–յան հիմքն են եղել: Մ. թ. ա. I հազարամյակի կեսին կազմավորված ստրկատիրական պետությունների կենտրոններից էին կանոնավոր հատակագծված Մատհարան, Պատալիպուտրան (Մագադհայի մայրաքաղաքը): Հ–ի արվեստը ծաղկման է հասել մ. թ. ա. IV– II դդ., Մաուրյանների ստրկատիրական պետության (Մագադհա) օրոք` ենթարկվելով միջերկրածովյան երկրների և Պարսկաստանի մշակույթի ազդեցությանը: Քաղաքներում կառուցվել են ամրոցային, պալատային խոշոր համալիրներ (Աշոկա թագավորի պալատը Պատալիպուտրայում, մ. թ. ա. III դ.): Բուդդայականության տարածման հետ էր կապված նոր տիպի պաշտամունքային կառույցների ստեղծումը, որոնցից էին չայտյան, «վիհարա» վանական հանրակացարանը (խցերով շրջապատված քառակուսի հատակագծով դահլիճ), «ստամբհա» հուշասյունը, ստուպան: Այդ շրջանի քանդակագործության բնորոշ հուշարձաններից են Աշոկա թագավորի ստամբհայի առյուծազարդ խոյակը (մ. թ. ա. 243, Սարնաթհա) և պտղաբերության աստվածուհու արձանը (հավանաբար` մ. թ. ա. II դ., Դիդարհանջ): Մ. թ. ա. II–I դդ. Հ–ի արվեստը բարձրագույն ծաղկման հասավ Անդհրա և Շունգա ստրկատիրական պետություններում: Այս շրջանին են պատկանում Բհաջիի, Նասիկայի, Կառլիի և այլ մենաստանային վիմափոր համալիրները` հարուստ քանդակազարդված ինտերիերներով: Մ. թ. I դ. Հի հս–ար–մում քուշանների թագավորության ժամանակ է գործել Մատհուրային դպրոցը, ուր ստեղծվել է Բուդդայի առաջին մարդակերպ պատկերներից մեկը: Հ–ի հս. և կենտրոնական մասերում Գուպտաների դինաստիայի տիրակալության (IV–VI դդ.) շրջանում ստրկատիրության դարաշրջանի արվեստը վերջին ծաղկումն է ապրել: Ծավալվել է պալատների, մենաստանների, տաճարների շինարարությունը: Պահպանված հուշարձաններից են սրբատաշ քարից կառուցված տաճարները Սանչիում և այլուր, որոնց կորիզը խորանարդաձև, պորտիկավոր սրբարանն է: Կանոնիկ, ավարտուն ձև է ստացել Բուդդայի պատկերը: Գուպտաների մշակութային ժառանգությունն իր հետագա զարգացումն է ապրել Հ–ի հս., հվ. և Դեկանի վաղ միջնադարյան ֆեոդալական պետություններում (VI– XII դդ.): Շարունակվել են կառուցվել ստուպաներ, վիմափոր տաճարներ և մենաստաններ, սակայն հինդուիզմի գաղափարների ազդեցությամբ վերաիմաստավորվել են դրանց ավանդական ձևերը: Չայտյա տիպը հետզհետե վերացել է, իսկ վիհարան վանական հանրակացարանից վերածվել էր տաճարի: Մոտ VI դ. երևան են եկել բրահմայական և ջայնական վիմափոր, ձևով բուդդայականից չտարբերվող տաճարները: Այդ շրջանի առավել նշանավոր, վիմափոր կառույցները գտնվում սն Աջանտայում և Էլլորայում: Վերջինի տաճարային համալիրները (VI– X դդ.) հայտնի են իրենց քանդակներով, որոնք սկսած վաղ միջնադարից իշխող տեղ են գրավել տաճարների հարդարանքում: VI–VII դդ. կազմավորվել են վերգետնյա տաճարների 2 տիպ` հս. (հնդարիական) և հվ. (դրավիդյան): Հվ. տիպի տաճարներն ավարտվում էին սրբարանի վերևում բարձրացող շիկհարայով (կեղծ գմբեթով աստիճանավոր բրգաձև ծավալ): Հս. տիպի շիկհարան ուներ պարաբոլիկ ուրվապատկեր և ավարտվում էր «ամալակա»–սկավառակով: Հվ. Հ–ի տաճարային ճարտ. սկզբունքները մարմնավորվել են Մահաբալիպուրամի և Կանչիպուրամի տաճարներում: Մահաբալիպուրամում պահպանվել են մեծ գլաքարերից միաձույլ «ռատհա»–տաճարներ, ինչպես նաև «Գանգեսի գահավիժումը» հսկայական բազմաֆիգուր ռելիեֆը (VII դ.)` հվ–հնդ. քանդակագործության գլուխգործոցը: Կանչիպուրայի տաճարային համալիրը (Կայլասանատհա, VIII դ. 1–ին կես) հիմք է հանդիսացել հվ–հնդկական տաճարի կոմպոզիցիայի զարգացման համար: Նրա ուղղանկյուն բակը, ներքուստ պարագծով գոտեվորված խորշերով, ուր դրված էին աստվածությունների քանդակներ, բաղկացած էր շիկհարայով շեշտված գլխավոր սրբարանից և բազմասյուն աղոթասրահից` մանտապամից: Էլլորայի` նույն կոմպոզիցիայով կառուցված (VIII դ. կես) համանուն տաճարային վիմափոր համալիրում (իր բազմասյուն դահլիճներով, սրահներով, մոնումենտալ արձաններով և սուր դրամատիզմով ու դինամիկ ռելիեֆներով) վաղ միջնադարի պլաստիկայի արվեստը հասել է բարձրունքի: X– XI դարերից սկսած, ֆեոդալական կարգերի ամրապնդմանը զուգընթաց, արագորեն աճել են քաղաքները, ծավալվել տաճարային շինարարությունը: Քաղաքաշինությունն ու ճարտ. զարգանում էին հիմնականում «Շիլպաշաստրայի» (շինարարական գործի և կիրառական արվեստի միասնական կանոնագիրք, առաջին գրավոր օրինակը ստեղծվել է մ. թ. ա. I դ., VI դ. արդեն գոյություն ունեին հատուկ տրակտատներ) սկզբունքների համաձայն: Քանդակը, անխզելիորեն միաձուլվելով ճարտարապետությանը, դեկորատիվ բնույթ է ստացել: X– Х III դդ. Հ–ի տարբեր պետությունների մայրաքաղաքներում ստեղծվել են տեղական ճարտ. դպրոցների յուրահատկություններն արտացոլող մի շարք տաճարներ (Լինգարաջան` Բհուբանեշվարում, Կանդարյա Մահադեոն` Կհաջուրահոյում ևն): Հի հվ–ում X– XII դդ. տարածվում է բրոնզի պլաստիկան (Շիվա աստծո պատկերը պարի աստծո` բազմաթև Նատարաջանի տեսքով): Հ–ում իսլամի տարածմամբ (XII դ. վերջ– XIII դ. սկիզբ) ճարտ–յան մեջ սկսել են կիրառվել կառուցվածքային այլ տարրեր (կամար, գմբեթ, թաղ), առաջ են եկել կառույցների նոր տիպեր (մզկիթ, մինարե, մեդրեսե, դամբարան), մեծ չափերի է հասել պալատաամրոցային անսամբլների շինարարությունը: Միաժամանակ, իսլամի դոգմատիկ արգելքների պատճառով (կենդանի էակների պատկերում ևն), մեծապես խոչընդոտվել է քանդակագործության և գեղանկարչության զարգացումը: Դեկորատիվ–կիրառական արվեստում սկսել է զարգանալ բուսական և երկրաչափական զարդանախշը: XVI–XVII դդ., Մեծ Մողոլների կայսրության շրջանում, Հ–ի արվեստը նոր վերելք է ապրել` բարձրագույն ծաղկման հասնելով Աքբարի տիրակալության օրոք (1556–1605): Ստեղծվել են քաղաքաշինության եև ամրոցաշինության նշանավոր տիպարներ (ամրոց Ագրայում, Ֆաթիհ–պուր–Սիկրի քաղաք–ամրոցը, 1569–84, ամրույթներ` Աշմերում, 1579 և Ալլահաբադում): Կազմավորվել է կանոնավոր այգիով շրջապատված դամբարանի կենտրոնագմբեթ տիպը (Հումայունի դամբարանը Դելիում, 1565): Դամբարանի ավանդական ձևերը կատարելության են հասցվել Ագրայի Թաչ Մահալում: Բարձր մակարդակով էր շարունակում զարգանալ Ռաջաստանի արվեստը: Նրա կանոնավոր հատակագծված մայրաքաղաքը` Ջայպուրը (հիմնադրվել է 1728–ին), համաշխարհային քաղաքաշինության քաղաք–անսամբլի լավագույն նմուշներից է: Միջնադարում Հ–ում զարգացել է մանրանկարչությունը: Նշանավոր էր Գուջարաթի դպրոցը (XI–XVI դդ.), որի մանրանկարներին հատուկ էր մարդկային ֆիգուրների հարթ, ոճավորված պատկերումը: XVI դ. առաջացել է Մողոլյան դպրոցը, որը ձգտելով պատկերման ստուգությանը, հակադրվել է ավանդական ոճին` հարթա պատկերայնությանը և դեկորատիվությանը: XVI դ. կեսից զարգացել է Ռաջաստանի, իսկ ավելի ուշ` Պահարի մանրանկարչական դպրոցը, որոնց կրոնադիցաբանական թեմատիկայով մանրանկարները աչքի են ընկնում հնչեղ կոլորիտով, գծերի նրբագեղ ռիթմով և քնարականությամբ: Անգլ. գաղութատիրության ժամանակաշրջանում (XVIII դ.–1947) Հ. է ներթափանցել եվրոպական արվեստի ազդեցությունը: Էկլեկտիկ ոճով կառուցապատվել և արագորեն աճել են նավահանգստային քաղաքները` Կալկաթան, Մադրասը, Բոմբեյը, կառուցվել են նորերը: Գաղութատիրության շրջանում խոր ճգնաժամ է ապրել կերպարվեստը` հետզհետե կորցնելով իր ազգային ավանդույթները: Նոր պրոֆեսիոնալ արվեստի կազմավորմանը նպաստել են 1850–ական թթ. հիմնադրված գեղարվեստական մի քանի դպրոցներ` ուսուցման եվրոպական համակարգով: XIX դ. 2–րդ կեսի նկարիչներից հայտնի է Ռ. Վարման, որն իր ժանրային, արևմտաեվրոպական ակադեմիզմի ոգով ստեղծած կտավներում պատկերել է հնդիկ ժողովրդի կյանքը: XIX դ. վերջին – XX դ. սկզբին, ազգային–ազատագրական զարթոնքի պայմաններում, Հ–ի ճարտ. մեջ տարածվել է ոճավորված ազգային ավանդական ձևերի կիրառումը (Հայդարաբադի համալսարանը, 1918): XIX–XX դդ. սահմանագծին մի խումբ նկարիչներ Ա. Թագորի և արվեստագետ Է. Բ. Հավելլի գլխավորությամբ սկզբնավորել են «Բենգալյան վերածնունդ» նոր ուղղությունը, որի նպատակն էր հին հնդ. որմնանկարչության ու մանրանկարչության (գլխավորապես` Մողոլյան դպրոցի), նաև չինական ու ճապոնական գեղանկարչության ավանդույթների հիման վրա ստեղծել նոր ազգային արվեստ: Դպրոցն աշխուժացրեց Հ–ի գեղարվեստական կյանքը, մեծ նշանակություն ունեցավ հնդ. արվեստի հետագա զարգացման համար: 1920–ական թթ. արվեստի նոր ուղղության օջախ դարձավ Շանտինիկետոնի (Կալկաթայի մոտ) գեղարվեստական դպրոցը (Դ. Թագոր և ուրիշներ), որը միահյուսում էր հնդ. ավանդական արվեստը և արմ. նորագույն ուղղությունների առանձին նվաճումները: 1930–40–ական թթ. հանդես եկան նկարչուհի Ա. Շեր–Գիլը, Ջ. Ռոյը, ինչպես նաև ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներ գեղանկարիչ Ա. Բոսը, քանդակագործ և գեղանկարիչ Դ. Պ. Ռոյ Չոուդհուրին, քանդակագործ Վ. Պ. Կարմարկարը, որոնց ստեղծագործությունը նոր ուժով դրսևորվեց 1950–ական թթ.: Անկախության նվաճման (1947) հետ Հ–ում ծավալվեց գլխավորապես երկրի ինդուստրացման հետ կապված հսկայական մասշտաբի շինարարություն: Արտադրական ձեռնարկությունների խոշոր համալիրների շուրջը ծագում էին նոր քաղաքներ և ավաններ: 1950–60–ական թթ. աճել են մոտ 500 նոր քաղաքներ` կանոնավոր հատակագծերով, ներքին բակերով ու պարտեզներով, ցածրահարկ տներով (Գանդիդամ, 1948–ից, ճարտ.` Օ. Քյոնիգսբերգեր, Չանդիգարհ, 1951–56, հնդիկ և օտարերկրյա ճարտ–ների խումբ Լե Կորբյուզիեի գլխավորությամբ): Խոշոր քաղաքներում բնակելի և հասարակական շենքերը կառուցվում են էկլեկտիկ ոգով, ժամանակակից արևմտա–եվրոպական, ինչպես նաև ավանդական և ժամանակակից շինանյութերի, տեխնիկական հնարքների ու ծավալատարածական լուծումները միահյուսող ոճով (Գանդիի թանգարանը, 1960–63, ճարտ.` Չ. Կոռեա, Հնդկաբանության ինստ., 1960–63, ճարտ.` Բ. Դոշի և ուրիշներ, երկուսն էլ Ահմադաբադում, Կանպուրի տեխնոլոգիական ինստ–ը, 1963, ճարտ.` Ա. Կանվինդե): Հ–ի բոլոր շրջանների բնակարանի համար տիպական է շինությունների դասավորությունը ներքին, անծածկ բակի շուրջը: Անկախ Հ–ի կերպարվեստում գոյություն ունեն բազմաթիվ ուղղություններ և դպրոցներ: «Բենգալյան վերածննդի» ավանդույթները շարունակում են Բ. Ուկիլը և ուրիշներ, ռեալիստական ուղղության ներկայացուցիչներն են քանդակագործ և նկարիչ Ս. Կհաստգիրը, գրաֆիկ Հ. Դասը և այլք: Ազգային ավանդույթների և XX դ. եվրոպական արվեստի զուգակցման սկզբունքին են հետևում նկարիչներ և գրաֆիկներ Կ. Հեբբարը, Շ. Չավդան, Ս. Մուկերջին, Ս. Գուջրալը, քանդակագործներ Չ. Կարը, Պ. Գուպտան և ուրիշներ: 1950– 1960–ական թթ. Հ–ում ուժեղացել են մոդեռնիստական ուղղությունները: Ժամանակակից Հ–ի դեկորատիվ–կիրառական արվեստում բուռն զարգանում են տնայնագործության հնագույն ձևերը` ջուլհակությունը, փայտի, ոսկրի, քարի փորագրությունը, մետաղամշակումը, լաքերի պատրաստումը, բրուտագործությունը:

Երաժշտությունը: Հ–ի ժողովուրդների հնագույն, ինքնատիպ երաժշտական մշակույթի ակունքները ժող. և պաշտամունքային ծիսակատարությունների մեջ են: Հ–ում երաժշտության ծագումը ավանդաբար կապում են «Սամավեդա» («Մեղեդիների վեդա», մ. թ. ա. II հազարամյակ) գրական հնագույն հուշարձանի հետ, որտեղ ընդգրկված հիմները կատարել են զոհաբերության ծեսերի ժամանակ: Թատրոնին, երաժշտությանը և պարին նվիրված «Նատյաշաստրա» տրակտատը (մ. թ. I դ.) հիմք է տալիս կարծելու, որ մինչև նրա ստեղծումը հնդիկներն ունեցել են բարձր զարգացած, ինքնատիպ երաժշտական համակարգ: Հնդ. երաժշտությանը բնորոշ է իմպրովիզացիան: Ցանկացած (ինչպես գործիքային, այնպես էլ վոկալ) երկ իմպրովիզացիայի է ենթարկվում որևէ ավանդական լադառիթմական կառուցվածքի (ռագա) հիման վրա: Ռագան հնդ. երաժշտական գեղագիտության ամենահիմնական հասկացություններից է, կրում է որոշակի գեղարվեստական կերպար: Ռագա–վասանտան, օրինակ, խորհրդանշում է գարուն, ռագա–կամալան` լոտոս, ռագա–մեգհան` անձրևաբեր ամպ ևն: Ռագայի կատարումը հարմարեցվում է տարվա որոշակի եղանակների կամ օրվա որոշակի ժամերի (առավոտվա, երեկոյի, կեսօրյա մեղեդիներ): Դասական երաժշտության կոմպոզիցիան եռմասանի է: Այն սկսվում է ալապայով` թեմայի դանդաղ, հուզիչ շարադրանքով, ապա նրան փոխարինում են հարվածային գործիքների նվագակցությամբ ուղեկցվող մեղեդիական–ռիթմական բարդ վարիացիաները և ավարտվում գատայով` թեմայի բարդ, նրբահնչյուն մեղեդիական տարբերակներով: Այսպիսի կոմպոզիցիայով ստեղծված երկի կատարումը տևում է ժամեր: Հնդ. երաժշտությունը միաձայն է, նրա առավել ցայտուն տարրերից է ռիթմը, ուստի և այն հատուկ կարևորություն ունի երաժշտական կերպարի ստեղծման և զարգացման համար: Հ–ում մահմեդականների հաստատմանը (XIII դարից) զուգընթաց հնդ. երաժշտական մշակույթը սկսել է սերտորեն հաղորդակցվել մահմեդական Արևելքի երաժշտական ժառանգությանը: Առաջացել է երաժշտական նոր ոճ, որում միահյուսվել է հինդուսների և մահմեդականների ավանդական արվեստը: Վոկալ ոճերից առավել ճանաչված են դհուրուպադը (սկզբնավորվել է հին տաճարային երգեցողությունից) և կհիյալը (ծագել է ավելի ուշ, դհուրուպադի և պարսկ. երաժշտության միահյուսումից): Լայնորեն տարածված է նաև թհումրին` երկրային սերը գովերգող նրբագեղ քնարական երգը ևն: Թեև պրոֆեսիոնալ երաժշտության ակունքները բխում են բանահյուսությունից, դասական և ժող. երաժշտության ժանրերը էապես տարբերվում են (վերջինն ունի տեղային առանձնահատկություններ): XX դ. սկզբներից, ազգային–ազատագրական պայքարի ազդեցությամբ, հնդիկ երաժիշտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ազգային բանահյուսության նկատմամբ, որն առավել դրսևորվել է Ռ. Թագորի արվեստում: Հ–ի անկախությունից (1947) հետո նոր հնարավորություններ ստեղծվեցին երաժշտական մշակույթի զարգացման համար: Հիմնադրվեցին Երաժշտության, պարի և դրամայի ակադեմիան («Սանգիտ նատակ ակադեմիա 1953), Համահնդկաստանյան ռադիոյի ազգային նվագախումբը (1952), Դելիի, Բոմբեյի և այլ քաղաքների ռադիոկենտրոններին կից երգչախմբային կոլեկտիվներ, 1954–ից անց են կացվում հնդ. երգի կոնֆերանսներ («Սանգիտ սամելյան»): Հնդ. կինոյի երաժշտությունը ժամանակակից Հ–ի երաժշտական մշակույթի նորագույն երևույթներից է (կոմպոզիտորներից են Ա. Բիսվասը, Ն. Ալին): Հնդ. երաժշտական թատրոնը, որը գոյություն ունի հնագույն ժամանակներից, ներկայանում է սինթետիկ բնույթի այլազան ձևերով (ջատրա, թամաշա, յակշագանա ևն) և ընդգրկում է, բացի երաժշտական արտահայտչամիջոցներից, պարը, մնջախաղը և խոսքը: 1950–70–ական թթ. փորձեր են արվել գտնելու ազգային երաժշտական թատրոնի նոր ձևեր: Նրա երկացանկը համալրվել է կոմպոզիտորներ U. Բիսվասի, Շ. Վատսի, Ռ. Շանկարի և այլոց նոր ստեղծագործություններով:

Թատրոնը: Հ–ի` խոր անցյալում ծնունդ առած ժող. թատերական ներկայացումների բազմաթիվ ձևեր հասել են մինչև մեր ժամանակները: Դրանց մեծ մասի հիմքը «Ռամայանա» և «Մահաբհարատա» էպիկական պոեմների բեմական մարմնավորումն է: Ավանդական թատրոնի ամենավառ արտահայտչամիջոցներից են պարի բազմաթիվ ոճերը և տեղական տարատեսակները, որոնք ձևավորել են ազգային խորեոգրաֆիայի դասական դպրոցները (բհարատ–նատյամ, կատհակալի` երկրի հվ–ում, կատհակ, մանիպուրի` հս–ում): Չնայած յուրաքանչյուր դասական դպրոցի ոճի, կառուցվածքի առանձնահատկության տարբերություններին, հնդ. խորեոգրաֆիային հատուկ է պարի ու երգի զուգակցումը, բարձր տեխնիկայով կատարվող մնջախաղը, զարգացած դրամատիկական արվեստը: Ժող. թատրոնի ձևերը մեծապես ազդել են հնդ. դասական թատրոնի վրա, որը ձևավորվել է մ. թ. ա. V–I դդ.: «Նատյաշաստրա» հին հնդ. տրակտատում (մ. թ. I դ.) մանրամասնորեն մշակված են դրամատուրգիայի, դերասանական արվեստի, թատերական շենքերի ճարտ–յան հարցերը: Դասական թատրոնի գեղագիտության հիմքը ուսմունքն է հույզի (ռասա) և նրա բեմական մարմնավորման (բհավա) մասին: Դասական դրամայի բովանդակությունը կապված է ժող. դիցաբանի գանձարանին: IV–VI դդ. հնդ. դասական դրամայի և թատրոնի զարգացումը պայմանավորված է Բհասայի, Կալիդասայի, Շուդրակի ստեղծագործությամբ: Մահմեդական դինաստիաների տիրակալության (XIII դարից) շրջանում հնդ. թատերական արվեստի ավանդույթները շարունակել են զարգանալ ժող. ստեղծագործության մեջ: XIX դ. 2–րդ կեսին ազգային–ազատագրական շարժումը կյանքի է կոչել թատրոնի եվրոպական տեսակը: Առաջիններից էր բենգալացի արտիստների թատերախումբը (ստեղծել է ռուս գիտնական Գ. Ս. Լեբեդևը 1795–ին, Կալկաթայում): 1872–ին բենգալացի դրամատուրգ Գ. Գհոշը հիմնադրել է Ազգային թատրոնը: XX դ. 40–ական թթ. Հ–ի թատերական կյանքը զգալիորեն աշխուժացել է, հանդես են եկել սիրողական և պրոֆեսիոնալ թատերախմբեր: 1950–ական թթ. սկզբին մեծ ճանաչում ուներ պարող և խորեոգրաֆ Ու. Շանկարի «Փոքր բալետ» թատերախումբը (կազմակերպել է Շ. Բարդհանը, 1952–ին): Անկախություն ձեռք բերելուց հետո Հ–ում վերածնվել է ազգային մշակույթը, այդ թվում և թատերարվեստը: Երկրի առավել հայտնի թատրոնները («Բաուհրուպի», «Միներվա», «Աթար», «Ռանգմահալ» ևն), ինչպես և Թատերական կենտրոնը գտնվում են Կալկաթայում: Մշտական թատրոններ կան նաև Դելիում, Իլլահաբադում, Մադրասում և այլուր: 1960–ական թթ. Հ–ում գործել է 30–ից ավելի պրոֆեսիոնալ թատերախումբ: 1970–ական թթ. թատերարվեստին բնորոշ է ավանդական ժող. և արևմտա–եվրոպական թատրոնների ձևերի և մեթոդների համադրումը, ինչպես և նոր պրոֆեսիոնալ թատերախմբերի ստեղծումը: Նոր ստեղծված թատրոններից են` Նոր թատրոնը (Դելի), «Տարուն օպերա» (Կալկաթա), «Դրամատիկ Վինտ» (Բոմբեյ) ևն: Հ–ի տիկնիկային թատրոնը թատերական ներկայացման ամենահին տեսակներից է: Լայն մասսայականություն են վայելում ստվերների, ձեռնոցավոր տիկնիկների թատրոնները:

Կինոն: Հ–ում կինոարտադրությունն սկսվել է 1913–ին: 1931–ին նկարահանվել է առաջին «Ալամ Արա» (ռեժիսոր` Ա. Իրանի) հնչուն ֆիլմը: 1930–ական թթ. թողարկվել են սոցիալական առաջադեմ միտումներ արտացոլող ֆիլմեր` «Դևդաս» (1935, ռեժիսոր` Պ. Ս. Բարուա), «Հարևաններ» (1939, ռեժիսոր` Վ. Շանտարամ) ևն: Անկախություն ձեռք բերելուց (1947) հետո Հ. հնարավորություն է ստացել ստեղծելու իր ազգային կինեմատոգրաֆիան: Երևան են եկել ժողովրդի կյանքը պատկերող` «Հողի զավակները» (1946, ռեժիսոր` Հ. U. Աբբաս), «Ընչազուրկները» (1949, ռեժիսոր` Ն. Գհոշ), սոցիալական հարցեր շոշափող` «Երկու բիգհ հող» (1953, ռեժիսոր` Ռ. Բոյ), «Թափառաշրջիկը» (1951, ռեժիսոր` Ռ. Կապար) և այլ ռեալիստական ֆիլմեր: 1959–ին թողարկվել է առաջին պանորամային ֆիլմը` «Թղթե ծաղիկներ» (ռեժիսոր` Գ. Դատ): Սոցիալական տարբեր հարցեր են շոշափել 1960– 1970–ական թթ. թողարկված ֆիլմերը` «Չեմմին» (1966, ռեժիսոր` Ռ. Կորիատ), «Կանկու» (1969, ռեժիսոր` Կ. Ռատոդ), «Սագինա Մահատո» (1970, ռեժիսոր` Տ. Սինհ) ևն: Հ–ի կինոարտադրությունում մեծ տեղ ունեն երաժշտական ֆիլմերը: Թողարկվում են վավերագրական ֆիլմեր: 1960–ին Պունայում բացվել է Կինեմատոգրաֆիայի ինստ., 1964–ին ստեղծվել է ազգային կինոարխիվ: Տարեկան թողարկվում է ավելի քան 400 ֆիլմ (1971): Ճանաչված կինոդերասաններից են` Ռ. Սահնին, Դ. Անանդը, Դ. Կումարը, Ռ. Կապուրը, Նարգիսը, Բ. Ռանը, Վ. Ռահմանը և ուրիշներ:

Հայերը Հնդկաստանում: Հայ–հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան դեռևս Քսենոփոնի (մ. թ. ա. V–IV դդ.), Զենոբ Գլակի (մ. թ. IV դ.), Մովսես Խորենացոլ (V դ.), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ.) և այլոց երկերում: Սակայն Հ–ում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դ., բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետ. և զինվորական ծառայողներ: Հնդկահայ համայնքները ստվարացել են XVII–XVIII դդ. (շուրջ 20–25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր (հատկապես Նոր Ջուղայից) բնակություն են հաստատել Հ–ում: Հայերը բնակվում էին Հ–ի շուրջ 20 քաղաքներում ու առևտրակայաններում (Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Մեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր, Դելի, Կոչին ևն): Բարգավաճ էին հատկապես Ագրայի, Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի համայնքները: Հնդկահայ համայնքները կազմակերպչորեն ազգային–եկեղեցական էին և ենթարկվում էին Ամենայն Հայոց կաթողիկոսությանը: Առաջինը մադրասահայերն են կազմել (1783) համայնքային կանոնադրություն` «Տետրակ, որ կոչի նշավակ…», ըստ որի համայնքի բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն էր (գումարվում էր ամեն տարի), գործադիր մարմինը` 3 կառավարիչները: Հ–ի հայ համայնքները կազմված էին սոցիալական տարբեր խմբերից` վաճառականներ, արհեստավորներ (ոսկերիչներ, դերձակներ, ասեղնագործներ, դարբիններ, զինագործներ), մանր գործավորներ, կային նաև պետ. պաշտոնյաներ ու մտավորականներ: Հ–ի կյանքում առավել նշանակալից դեր են ունեցել խոշոր վաճառականները, որոնք իրականացնում էին Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վենետիկի հետ կատարվող առևտուրը: Հ. թափանցած հոլանդական, անգլ. և ֆրանս. առևտրական ընկերությունները սկզբնական շրջանում առավելագույնս օգտվում էին հնդկահայ վաճառականների ծառայություններից: 1686–ին Արևելահնդկական ընկերության հետ կնքված պայմանագրով հայ վաճառականները անգլ. ազդեցության տակ գտնվող բոլոր երկրներում ստացան ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու իրավունք: Այդ պայմանագրով միառժամանակ ամրապնդվեց հայ վաճառականների դիրքը, սակայն հետագայում նրանք աստիճանաբար կորցրին իրենց ինքնուրույնությունը և սկսեցին դուրս մղվել ուժեղ մրցակցի կողմից: Հնդկահայերը, ընդհանուր շահերով կապված լինելով հնդիկ ժողովրդի հետ, գործուն մասնակցություն են ունեցել նրա ազատագրական պայքարին: 1662–ին Մալաբարի հայերը հնդիկների կողքին կռվել են պորտուգ. նվաճողների դեմ: Հաղթանակից հետո հնդ. իշխանությունները Մալաբարի կառավարիչ են նշանակել հայազգի Մարկոսին: 1760–64–ին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդ. զորքի հրամանատարն էր Գորգին խանը (տես Հարությունյան Գրիգոր): Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուրիշներ: Հայերը մասնակցել են նաև XIX դ. 1–ին կեսին ծագած հակաբրիտանական գրեթե բոլոր ապստամբություններին: Հնդ. տարեգրություններում դրվատանքով են հիշվում Հակոբ Պետրոսյանը, Հովհաննես Մկրտիչը և այլ հայ սպաներ, որոնք գլխավորել են հայ–հնդկական զինված ջոկատներ: Հնդկահայերին զբաղեցրել է նաև հայրենիքի` Հայասաանի ազատագրության խնդիրը: Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր կատարեցին հայ ժողովրդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում: 1772–ին Մադրասում լույս տեսավ Մ. Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքը, որը կոչում էր հայ երիտասարդությանը սթափվել և զենքի դիմել Հայաստանն օտարի լծից ազատագրելու համար, 1773–ին` «Որոգայթ փառացը», որը ապագա հանրապետական Հայասաանի պետ. կազմակերպության մի ծրագիր էր (տես նաև Մադրասի խմբակ): 1806–ին Մադրասի ազգային ժողովը հարց հարուցեց Հայասաանի ազատագրության համար դիմել Ռուսաստանի օգնությանը: Հնդկահայ գործիչները հայ ազատագրական պայքարի հաջողության նախադրյալ էին համարում ազգային մշակույթի զարգացումը: Խոջա Չաքիկենցի ծախքով 1771–ին Էջմիածնում հիմնվեց առաջին տպարանը, Էդվարդ Ռափայելի և Սամվել Մուրատի միջոցներով Եվրոպայում հիմնադրվեցին Մուրատ–Ռափայելյան վարժարանը, Խոջա Յոհանջան Գերաքյանի միջոցներով` Նոր Նախիջևանի դպրոցը, իսկ Մասեհ Բաբաջանը իր ունեցվածքից տոկոսներ է կտակել նույն դպրոցին: XVIII դ. վերջին և XIX դ. դպրոցներ կային հնդկահայ համարյա բոլոր համայնքներում: 1821–ին բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, 1846–ին` «Ս. Սանդխտյան» դպրոցը (հիմնադիր` Մ. Թաղիադյան): Հիմնվեցին տպարաններ (Մադրասում, Կալկաթայում): 1794–ին Մադրասում լույս տեսավ հայ մամուլի առաջնեկը` «Ազդարարը», և այնուհետև շուրջ 10 պարբերական (հայերեն և անգլ.) Կալկաթայում: Գործում էին մշակութային ընկերություններ` «Օճանասփյուռ ժողովը» (հիմն, է 1815–ին) Բոմբեյում, «Իմաստախնդրական միաբանությունը» (1821), «Արարատյան ընկերությունը» (1845) Կալկաթայում ևն: Հ–ի հայ գաղթավայրերի կյանքում խոշոր իրադարձություն էր 1860–ին Մ. Նալբանդյանի այցելությունը: XX դ. սկզբին Հ–ում բնակվում էր շուրջ 2 հզ. հայ: Գործում էին «Հայկազյան մշակութային ընկերությունը» (1920–68), «Հայ կանանց բարեգործական ընկերությունը» (1915– 1918), ՀԲԸՄ Հ–ի մասնաճյուղը (1916–ից) ևն: 1980–ին Հ–ում կա մոտ 450 հայ. կենտրոնացած են Կալկաթայում և Բոմբեյում, հիմնականում զբաղվում են արհեստագործությամբ և առևտրով: Կալկաթայում գործում են Ս. Նազարեթ և Ս. Գրիգոր եկեղեցիները, մարդասիրական ճեմարանը և Դավթյան իգական դպրոցը (1922–ից), «Հայկական գեղարվեստասիրաց միությունը» (1930–ից), «Հայկական ընկերությունը» (1960–ից), ինչպես նաև մարզական միություն, ակումբ ևն: Եկեղեցիներ են գործում նաև Մադրասում (Ս. Աստվածածին) և Բոմբեյում (Ս. Պետրոս):

Հ. Թոփուզյան

Գրկ. Маркс К., Формы, предшествующие капиталистическому производству, Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 46, ч. 1, с. 461–508 Նույնի, Британское владычество в Индии, նույն տեղում, т. 9 Լենին Վ. Ի., Դյուրավառ նյութը համաշխարհային քաղաքականության մեջ, Երկ., հ. 15: Նույնի, Իրադարձությունները Բալկաններում և Պարսկաստանում, նույն տեղում: Խոջամալյան Թ., Պատմություն Հնդկաց, Կալկաթա, մաս 1 – 2, 1848–49: Հակոբյան Տ., Հին Հնդկաստանը և Չինաստանը, Ե., 1940: Գուշակյան Թ. Պ., Ամբողջ երկեր, հ. 6, Երուսաղեմ, 1941: Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 3, Կահիրե, 1961: Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964–67: Кришнан М.С., Геология Индии и Бирмы, пер. с англ., М., 1954 Народы Южной Азии, М., 1963 Проблемы экономического и социального развития независимой Индии, М., 1967 Синха Н. К. и Банерджи А.Ч., История Индии, пер. с англ., М., 1954 Новейшая история Индии, М., 1959 Новая история Индии, М., 1961 Ашрафян К.З., Аграрный строй Северной Индии (XIII–середина XVIII в.), М., 1965 Бонгард–Л евин Г. М.,Ильин Г. Ф., Древняя Индия. Исторический очерк, М., 1969 Мюллер М., Шесть систем индийской философии, М., 1901 Чаттерджи С. и Датта Д., Введение в индийскую философию, пер. с англ., М., 1955 Радхакришнан С., Индийская философия, пер. с англ., т. 1–2, М., 1956– 1957 Пятигорский A.M., Материалы по истории индийской философии, М., 1962 Аникеев Н. П., О материалистических традициях в индийской философии, М., 1965 Чаттопадхьяя Д.П., История индийской философии, пер. с англ., М., 1966 Ермашкин Н., Сучков И., Печать, радио, телевидение республики Индии, М., 1971 Литературы Индии, М., 1958 История индийских литератур, пер. с англ., М., 1964 Рабинович И. С, Сорок веков индийской литературы, М., 1969 Гусева Н. Р., Современное декоративно–прикладное искусство Индии, М., 1964 Короцкая А. А., Архитектура, в сб.: Культура современной Индии, М., 1966 Тюляев С. И., Искусство Индии, М., 1968 Синявер Л., Музыка Индии, М., 1958 Драматургия и театр Индии, сб. ст., М., 1961 Гарга Б.Д., Гарги Б., Кино Индии, пер. с англ., М., 1956 Абрамян Р. А., Армянские источники XVIII в. об Индии, Е., 1968 Nikolanta Sastri, History of India, v. 1–3, Madras, 1950 Dutt R. С., The Economic History of India, v. 1–2, Delhi, I 960 Seth M. J., Armenians in India, Calcutta, 1937 Basil A., Armenian Settlements in India, Calcutta, 1969.