ՀՍՀ/ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԿԿ), ստեղծվել է 1925–ին` Հնդկաստանի առանձին նահանգներում գործող կոմունիստական խմբերի միավորումով: Մինչև 1942–ը, փաստորեն, գործել է ընդհատակում: Բոմբեյում, Բենգալիայում, Փենջաբում, Մադրասում ՀԿԿ հրատարակել է շաբաթաթերթեր և օրաթերթեր («Մազդուր քիսան», «Քրանթի» են), պրոպագանդել է մարքսիզմի գաղափարները, կազմակերպել բանվորական, արհմիութենական և գյուղացիական շարժումներ: ՀԿԿ մեծ դեր է խաղացել ազգային անկախության համար և անգլ. գաղութատիրության դեմ հնդ. ժող. Լայն զանգվածների պայքարը համախմբելու գործում: Երկրի անկախության ձեռք բերումից (1947) հետո ՀԿԿ իր համահնդկական կոնֆերանսում (1951) ընդունեց կուսակցության ծրագիր, ուր նշված էր, որ չնայած ՀԿԿ նպատակն է երկրում կառուցել սոցիալիստական հասարակարգ, սակայն տվյալ փուլում նա չի պահանջում Հնդկաստանում ստեղծել սոցիալիստական կարգեր` «տնտ. զարգացման հետամնացության, բանվորների, գյուղացիների, աշխատավոր ինտելիգենցիայի մասսայական կազմակերպությունների թուլության պատճառով»: 1951–ին ՀԿԿ գլխավոր քարտուղար ընտրվեց Ա. Գհոչը: Հնդկաստանի առաջին համընդհանուր ընտրություններում (1951–52) կոմունիստները ստացան 27 տեղ` պառլամենտի ներքին պալատում, ավելի քան 180 տեղ` նահանգների օրենսդրական ժողովներում: ՀԿԿ IV համագումարը (1956) կոչ արեց հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու համար ստեղծել միասնական ազգային ճակատ: 1957–ին, երկրորդ համընդհանուր ընտրություններում, կոմունիստները ստացան 29 տեղ` պառլամենտի ներքին պալատում և ավելի քան 200 տեղ` նահանգների օրենսդրական ժողովներում: Ընտրությունների ժամանակ Քերալա նահանգում կոմունիստները ձայների մեծամասնություն ստացան և անկախների հետ կազմեցին կառավարություն: Նահանգում և նահանգից դուրս բոլոր հետադիմական ուժերը համախմբվեցին այդ կառավարության դեմ պայքարելու համար: 1959–ին Հնդկաստանի պրեզիդենտի հրամանագրով կառավարությունը ցրվեց, այն պատճառաբանությամբ, թե իբր կոմունիստները «կորցրել են» ժողովրդի վստահությունը: ՀԿԿ V համագումարը (1958) ընդունեց նոր կանոնադրություն, որտեղ նշված էր խաղաղ ճանապարհով Հնդկաստանում լիակատար դեմոկրատիայի և սոցիալիզմի հասնելու հնարավորության մասին: ՀԿԿ VI համագումարը (1961) շեշտեց, որ անկախություն ձեռք բերելուց հետո իշխանության գլուխ անցած ազգ. բուրժուազիան չկարողացավ իրականացնել արմատական սոցիալ–տնտեսական վերափոխություններ, բարելավել աշխատավորական լայն զանգվածների կյանքի պայմանները: Կրկին խնդիր դրվեց ստեղծել լայն ազգային ճակատ` ռեակցիայի դեմ պայքարելու, երկիրր զարգացման առաջադիմական ուղի հանելու համար: 1962–ի աշնանը չին–հնդկական սահմանային կոնֆլիկտի սրման պատճառով ՀԿԿ ղեկավարության մեջ տարաձայնություններ առաջացան: 1964–ին ՀԿԿ ղեկավար գործիչների մի խումբ` Չինաստանի կոմկուսակցության ղեկավարության աջակցությամբ դուրս եկավ ՀԿԿ–ից և հայտարարեց Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն (մարքսիստական) ստեղծելու մասին: ՀԿԿ պառակտումը մեծ վնաս հասցրեց երկրի ձախ և դեմոկրատական շարժմանը: ՀԿԿ VII համագումարը (1964) ընդունեց նոր ծրագիր, որտեղ տրվում են Հնդկաստանի սոցիալ–տնտեսական զարգացման վերլուծությունն ու կուսակցության խնդիրները (Ազգային–դեմոկրատական ճակատի և ազգային–դեմոկրատական պետության` որպես սոցիալիզմի անցման փուլի, ստեղծում): Հիմնվելով նոր ծրագրի դրույթների, ինչպես նաև ՀԿԿ VIII (1968), IX (1971), X (1975) և XI (1978) համագումարների որոշումների վրա` ՀԿԿ ձգտում է համախմբել բոլոր ձախ և դեմոկրատական ուժերը խաղաղության, դեմոկրատիայի ու սոցիալական առաջադիմության ուղիով Հնդկաստանի զարգացման համար մղվող պայքարում: ՀԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, 1969, Մոսկվա) խորհրդակցություններին և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին: ՀԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով: Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում` Ազգային խորհուրդը: Կուսակցության նախագահն է Շ. Ա. Դանգեն, գլխավոր քարտուղարը` Չ. Ռ. Ռաոն: ՀԿԿ կենտրոնական օրգանն է «Նյու էյջ» («New Age») թերթը:
Գրկ. Гхош А., Статьи и речи, пер. с англ., М., 1962 Проблемы коммунистического движения в Индии, М., 1971 VI съезд Коммунистической партии Индии, М., 1962.
