Jump to content

ՀՍՀ/ՀՆԴԿԱՑԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԴԿԱՑԻՆԵՐ, Ամերիկայի բնիկների ընդհանուր անվանումը (բացի էսկիմոսներից և ալեութներից): Անվանումն առաջացել է եվրոպական առաջին ծովագնացների (Քրիստափոր Կոլումբոս և ուրիշներ, XV դ. վերջ) սխալ պատկերացման հետևանքով, հայտնագործված անդրատլանտյան տարածությունները համարել են Հնդկաստան: Ընդհանուր թիվը Ամերիկայում` մոտ 30 մլն (1960–ական թթ.): Պատկանում են ամերիկյան ռասային: Լեզուները բազմազան են: Նրանց մեջ անցյալում տիրապետել են տոհմացեղային զանազան պաշտամունքներ (շամանականություն, ոգեպաշտության վերապրուկներ ևն), որոնք այժմ պահպանվում են միայն Ամերիկայի հեռավոր և քիչ մատչելի շրջաններում (Ամազոն գետի ավազան ևն) ապրող Հ–ի մեջ: Հ–ի մեծ մասն ընդունել է քրիստոնեություն (Հարավային Ամերիկայում` գլխավորապես կաթոլիկություն, Հյուսիսայինում` բողոքականություն): Ենթադրվում է, որ Հ–ի և էսկիմոսների նախնիները Ամերիկա են անցել 30–20 հզ. տարի առաջ Հյուսիս–Արևելյան Ասիայից` Բերինգի ծովով և նեղուցով: Նախքան եվրոպական գաղութարարությունը (XVI դ.) Ամերիկայի ցեղերի մեծ մասը ապրում էր մայրիշխանական (իրոկեզներ, մուսկոգներ, Ամազոն գետի ավազանի մի շարք ցեղեր) և հայրիշխանական տոհմային կարգերով (Հյուսիս–Արևմտյան, Հարավ–Արևմտյան, Հյուսիսային Ամերիկայի ցեղերը. Հարավային Ամերիկայի մի շարք ցեղեր): Հ–ի մի մասը գտնվում էր դասակարգային հասարակարգի անցման զանազան աստիճանների վրա (ացտեկներ, մայա, ինկեր ևն): Եվրոպական գաղութարարությունն ընդհատեց Հ–ի բնականոն զարգացումը. Հյուսիսային Ամերիկայի Հ–ի մեծ մասը ոչնչացվեց, մնացած ցեղերը բնակեցվեցին ԱՄՆ–ի և Կանադայի ռեզերվացիաներում: Միայն Ամերիկայի ծայր հս–ում Հ. շարունակում են վարել կիսավաչկատուն կենցաղ (զբաղվում են գազանորսությամբ): Հ–ի զգալի մասը ձուլվում է ամերիկացիներին: Լատինական Ամերիկայում ևս (Վեստ Ինդիա, Ուրուգվայ, Արգենտինա) Հ–ի շատ ցեղեր ոչնչացվեցին: Հ–ի միայն որոշ մասն է պահպանել մշակութա–կենցաղային կենսաձևը (Ամազոնկայի խուլ շրջաններում): Լատինական Ամերիկայի շատ երկրներում Հ. կարևոր տարր հանդիսացան ժամանակակից ազգերի (մեքսիկացիներ, գվատեմալացիներ, պարագվայցիներ, պերուացիներ ևն) ձևավորման գործում: Որոշ երկրներում իսպաներենին զուգահեռ գործածվում են նաև Հ–ի լեզուները (կեչուան` Պերուում, Բոլիվիայամ, Էկվադորում, գուարանին` Պարագվայում ևն): Հ. կարևոր ներդրում ունեն համաշխարհային մշակույթի մեջ. աշխարհի ժողովուրդները նրանցից են սովորել եգիպտացորենի, կարտոֆիլի, մանիոկի, արևածաղկի, կակաոյի, բամբակի, ծխախոտի և այլ կուլտուրաների մշակումը: Հ–ի արվեստը սերտ կապված է եղել կենցաղի և նյութական արտադրության հետ, արտահայտել նրանց դիցաբանական պատկերացումները: Փայտի փորագրությունը, որ հատկապես ճոխ է Հյուսիսային Ամերիկայի հս–արմ. ափին (իրական և երևակայական պատկերների համադրությամբ տոտեմական և դամբարանային բազմագույն կոթողներ), հանդիպում է նաև հարավամերիկյան մի շարք ցեղերի մեջ: Հ. զբաղվել են հատկապես հյուսմամբ, ջուլհակությամբ, ասեղնագործությամբ, փետրազարդեր, խեցեղեն պիտույքներ ու արձանիկներ պատրաստելով: Հայտնի են երևակայական պատկերներով, երկրաչափական նախշերով, որսի և ռազմի տեսարաններով զարդանկարները` վահանների, բիզոնների մորթիների ևնի վրա: Մի շարք երկրներում (Կանադա, ԱՄՆ, Արգենտինա, Ուրուգվայ ևն) Հ–ի մշակույթը ոչնչացվեց, իսկ այլ երկրներում (Մեքսիկա, Բոլիվիա, Գվատեմալա, Պերու, Էկվադոր ևն) դարձավ ժող. արվեստի հիմքը: