ՀՍՀ/ՀՆԷԱԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՆԷԱԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հնաաշխարհագրություն, պատմական երկրագիտություն, ֆիզիկաաշխարհագրական գիտության ուղղություն: Ուսումնասիրում է ժամանակակից միասնական աշխարհագրական թաղանթի և լանդշաֆտների զարգացման պատմության օրինաչափությունները: Երկրագնդի այժմյան աշխարհագրական միջավայրում ամենից լավ պահպանվել են անթրոպոգենի հետքերը (սառցապատումներ, հրաբխականություն ևն): Այդ դարաշրջանի Հ. առավել զարգացած է և ունի կարևոր նշանակություն: Հ. միաժամանակ երկրաբանական գիտություն է, հանդիսանում է պատմական երկրաբանության մասը և ուսումնասիրում է երկրի մակերևույթի ֆիզիկաաշխարհագրական պայմանները: Պատմա–երկրաբանական տեսանկյունից Հ. ուսումնասիրում է այն երևույթները, որոնք անմիջականորեն արտահայտվում են երկրաբանական տարեգրության մեջ: Հ. կապված է ֆիզիկաաշխարհագրական և երկրաբանական գիտությունների, ինչպես նաև ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, կենսաբանության և այլ գիտությունների հետ, որոնց վրա հենվելով մշակել է ուսումնասիրությունների իր մեթոդները` ժամանակի և ջերմաստիճանների իզոտոպային որոշման, հնէամագնիսական, փոշեհատիկային վերլուծության, մատրիցաների, ինչպես նաև հնէալիթոլոգիական և հնէակենսաբանական մի շարք մեթոդներ: Հ. ձևավորվել է XIX դ. կեսերին: Հ–յան զարգացման գործում մեծ ներդրում ունեն Ա. Պ. Կարպինսկին, Ա. Պ. Կրոպոտկինը, Ս. Ա. Գրիգորևը, Ն. Մ. Ստրախովը, Դ. Վ. Նալիվկինը, Լ. Բ. Ռուխինը, Բ. Պ. Ժիժչենկոն, Կ. Կ. Մարկովը և ուրիշներ: Սովետական Հայաստանում Հ. գտնվում է զարգացման սկզբնական փուլում, ուսումնասիրված են Հ–յան առանձին հարցեր (սառցապատումներ, հրաբխականություն ևն), կան նախնական հնէաաշխարհագրական ամփոփումներ և առանձին հենակայանային կտրվածքների ուսումնասիրություններ:
Գրկ. Марков К. К., Палеогеография, 2 изд., перераб., М., 1960 Рухин Л. Б., Основы общей палеогеографии, 2 изд., Л.,1962.
Գ. Աբրահամյան
