Jump to content

ՀՍՀ/ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, պալեոնտոլոգիա (հուն. հին o(ov o)– գոյություն ունեցող, էակ …լոգիա գիտություն անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների օրգանիզմների մասին, որոնք պահպանվել են օրգանիզմների բրածո մնացորդների և նրանց կենսագործունեության հետքերի ձևով: Կենսաբանության մեջ Հ. նախորդում է նեոնտոլոգիային` ժամանակակից օրգ. աշխարհի մասին գիտությանը: Ըստ հետազոտման օբյեկտի Հ. կենսաբանական գիտություն է, սակայն ձևավորվել է երկրաբանության հետ սերտ կապի մեջ, որը լայնորեն օգտագործում է Հ–յան տվյալները և, դրա հետ մեկտեղ, գլխավոր աղբյուր ծառայում կյանքի միջավայրի մասին բազմազան ինֆորմացիայի համար: Հենց այդ կապն էլ Հ. դարձնում է ամբողջական գիտություն երկրաբանական անցյալի օրգ. աշխարհի զարգացման մասին, առանց որի հնարավոր չէ ըմբռնել կենսոլորտի երկրաբանական պատմությունը: Որպես գլխավոր ուղղություններ Հ–յան մեջ առանձնացվում են` հնէակենդանաբանությունը (ուսումնասիրում է բրածո կենդանիներ) և հնէաբուսաբանությունը (հետազոտում է բրածո բույսեր): Աոաջինը բաժանվում է անողնաշարավորների Հ–յան և ողնաշարավորների Հ–յան: Կենդանիների և բույսերի բրածո մնացորդների հետազոտությունը նպաստում է օրգանիզմների զարգացման պատճառների և պայմանների, մի շարք ձևերից մյուսների ծագման, նրանց մահացման, տարբեր երկրաբանական ժամանակաշրջանների օրգանիզմների միջև ազգակցական կապերի և այլ հարցերի լրիվ ու բազմակողմանի իմացությանը: Հ–յան տվյալների վրա են հիմնված ապարների հարաբերական հասակի որոշման մեթոդը և երկրաբանական պատմության պարբերացումը: Հնէաբանական նյութն անհրաժեշտ է նաև նստվածքների առաջացման ժամանակագրական կարգի բացահայտման, երկրակեղևի տարբեր հատվածներում տեղադրված շերտերի համադրման համար: Բացի դրանից, Հ–յան տվյալները կիրառվում են երկրաբանական անցյալ ժամանակաշրջանների ֆիզիկաաշխարհագրական պայմանների հետազոտման ընթացքում` նպաստելով օգտակար հանածոների ծագման պարզաբանմանը: Հ. սկզբնավորվել է XVIII և XIX դդ. Սահմանում (տերմինն առաջինը կիրառել է ֆրանսիացի գիտնական Դյուկրոտե դը Բլենվիլը` 1822–ին): Սկսած հին դարերից առանձին բնախույզներ և մտածողներ (Արիստոտել, Լեոնարդո դա Վինչի, Ֆրակաստորո, Պալիսի) ուշադրություն էին դարձնում բրածո մնացորդներին` երբեմն արտահայտելով ճիշտ հայացքներ նրանց բնույթի և ծագման մասին: Հ–յան ձևավորումը որպես գիտություն կապված է անգլիացի Ու. Սմիթի և ֆրանսիացիներ Ժ. Կյուվիեի (ողնաշարավորների Հ–յան հիմնադիր) ու Ժ. Լամարկի (անողնաշարավորների Հ–յան հիմնադիր) անունների հետ, որոնք գործել են XVIII դ. վերջում և XIX դ. սկզբում: Մինչև XlX դ. 60–ական թվականները (մինչդարվինյան ժամանակաշրջան) Հ. կուտակել էր բրածո օրգանիզմների վերաբերյալ հարուստ փաստական նյութ: Սակայն այդ ժամանակահատվածում Հ–յան մեջ իշխում էին տեսակների անփոփոխելիության մասին պատկերացումները: XIX դ. 60–ական թվականներից Հ–յան զարգացումն ընթանում է հաղթանակած դարվինիզմի գաղափարների ազդեցությամբ: Այսպես, անգլիացի կենսաբան Թ. Հեքսլին և ավստրիացի հնէաբան–երկրաբան Մ. Նեյմայրը իրենց հետազոտություններում հիմնավորում էին դարվինիզմը` օգտագործելով օրգանիզմների բրածո մնացորդների մասին տվյալներ: Նշանավոր ռուս գիտնական Վ. Օ. Կովալևսկին սկիզբ դրեց էվոլյուցիոն Հ–յանը (XIX դ. 70–ական թվականներ): Էվոլյուցիոն տեսության հիման վրա կարևոր հնէաբանական ընդհանրացումներ արեցին Կովալևսկու հետնորդները` բելգիացի Լ. Դոլոն, ամերիկացի Հ. Օսբոռնը: Հետագայում Հ. Ռուսաստանում, իսկ այնուհետև ՍՍՀՄ–ում զարգացրին Ա. Պ. Կարպինսկին, Ն. Ի. Անդրուսովը, Ա. Ն. Կրիշտոֆովիչը և այլք: Հ–յան բնագավառում գիտական հետազոտությունները հիմնականում տարվում են ազգային երկրաբանական ծառայությունների հիմնարկներում, գիտությունների ակադեմիաների երկրաբանական և կենսաբանական ինստ–ներում: ՀՍՍՀ–ում հնէաբանական ուսումնասիրություններ են կատարվում ԳԱ համակարգում, Երևանի պետական համալսարանի երկրաբանական և կենսաբանական ֆակուլտետներում:

Գրկ. Давиташвили Л. Ш., История эволюционной палеонтологии от Дарвина до наших дней, М,–Л., 1948 Палеонтология, М., 1972 Палеонтологический словарь, М., 1965.