ՀՍՀ/ՀՆԷԱԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՆԷԱԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հնաբուսաբանություն, պալեոբոտանիկա (հուն. հին– բուսաբանություն), պալեոֆիտոլոգիա (հուն. հին –բույս …լոգիա), ուսումնասիրում է բրածո բույսերի մորֆոլոգիան, անատոմիան, ֆիլոգենիան և սիստեմատիկան` ըստ ապարներում պահպանված բուսական մնացորդների և դրոշմների: Հ. հնարավորություն է ընձեռում վերականգնել անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բուսական աշխարհի պատմությունը և, հենց դրանով, ըմբռնել ժամանակակից բույսերի ծագումը: Հ. հնէաբանության մի մասն է և կարևոր նշանակություն ունի մայրցամաքային, հատկապես ածխաբեր, նստվածքների շերտագրության մշակման համար, քանի որ բույսերի մնացորդների հետազոտության տվյալների հիման վրա որոշվում է շերտերի հասակը և կատարվում նրանց համադրումը տարբեր շրջաններում: Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների արդյունքները կիրառվում են նաև հնէակլիմայական և հնէաաշխարհագրական վերականգնումների ժամանակ: Հ–յան բաժանումը մի շարք ուղղությունների (մորֆոլոգիական Հ., սիստեմատիկ Հ., ֆլորիստիկ Հ., հնէաէկոլոգիա) պայմանավորված է ուսումնասիրվող բուսական մնացորդների պատկանելությամբ այս կամ այն օրգանին (տերևներ, պտուղներ ու սերմեր, բնափայտեր, բեղմնիկներ ու ծաղկափոշիներ) և բրածո վիճակում նրանց պահպանման ձևով (ֆիտոլեյմներ, քարացուկներ, դրոշմներ): Բրածո ջրիմուռների պլանկտոն ձևերի հետազոտությունը գնալով ձեռք է բերում ավելի մեծ շերտագրական արժեք: Օրգ. աշխարհի զարգացման վաղ փուլերի ըմբռնման համար խիստ կարևոր է հնագույն ջրիմուռների և մանրէների ուսումնասիրությունը:
Գրկ. Криштофович А. Н., История палеоботаники в СССР, Л., 1956 Նույնի, Палеозойские и мезозойские флоры Евразии и фитогеография этого времени. М., 1970 (Тр. Геологического института АН СССР, в. 208).
