Jump to content

ՀՍՀ/ՀՆՁԱՆ ԿԱՌՈՒՅՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆՁԱՆ, մզարան, առագաստ, խաղողը ճզմելու և հյութը զատելու համար հատկացված կառույց: Մեծ մասամբ նկուղում, երբեմն` այգում ցեմենտով կամ քարուկրով պատրաստված թեք հատակով ավազան, ուր բոբիկ ոտքերով տրորվում է խաղողը, անջատված քաղցուն խողովակով հոսում է Հ–ին կից տակառաձև հորի (տաքար, գուբ) մեջ: Երբեմն Հ. ունենամ է 2 տաքար, որոնցից առաջինի հատակը փոսորակով է` դիրտը հավաքելու համար: Այնուհետև զատված քաղցուն խողովակով անցնում է երկրորդ տաքարի մեջ: Փոքրածավալ Հ–ի տաքարին փոխարինում է քարե գուռը: Մեծ Հ–ներին զուգահեռ օգտագործվում են նաև քարե և փայտե շարժական Հ–ներ (խաղողի տաշտ, նով): Հաճախ Հ. ծառայում է նաև որպես գինու մառան: Հայաստանում Հ. առաջին անգամ հիշում է Ագաթանգեդոսը` III դ. վերջի և IV դ. սկզբի դեպքերի առնչությամբ: 1958–ին Գառնիի պալատական շենքերի պեղումների ժամանակ հայտնաբերված Հ. եղել է ստորին հարկում: Հ. գտնվել է նաև Զվարթնոցում (VII դ.), Աղթամարում (X դ.), Հաղպատում (XIII դ.), Դադիվանքում (XIII դ.), Մրենում (XIII–XIV դդ.) և այլուր: Մանրանկարչությունից հայտնի է, որ դեռևս միջնադարում գոյության են ունեցել նաև տակառաձև, շարժական Հ–ներ:

Գրկ. Խալփախչյան Հ. Խ., Հայաստանի արտադրական կառուցվածքները, Ե.,1961: Վ. Բդոյան