ՀՍՀ/ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ լրիվ անվանումը` Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ) հայ ազգային մանրբուրժուական սոցիալիստական կուսակցություն: Ստեղծվել է 1887–ին, Ժնևում: Հիմնադիր ղեկավարներն էին Ա. Նազարբեկը, Մ. Նազարբեկը, Գ. Կաֆյանը, Ռ. Խանազատը և ուրիշներ: Կենտրոնական օրգան «Հնչակ» անունով կոչվել է հնչակյան: Հ. կ–յան գաղափարախոսության ու գործելակերպի վրա ազդել են Ա. Գերցենն ու նրա «Կոլոկոլ»–ը (այստեղից էլ` «Հնչակ»–ի անվանումը) և ռուս. հեղափոխական նարոդնիկությունը: Հ. կ–յան սոցիալական բազան հիմնականում մանր բուրժուազիան էր: Հ. կ–յան ծրագիրն էր (հրապարակվել է 1888–ին) թուրք. լծ–ից ազատագրել Արնմտյան Հայաստանը և, միավորելով հայկ. հողերը, ստեղծել անկախ հայկ. պետություն («մոտավոր նպատակ»), հասնել սոցիալիստական հասարակարգի, որտեղ աշխատավորները կլինեին արտադրության բոլոր միջոցների տերը («հեռավոր նպատակ»): Հ. կյան գործունեության հիմնական ասպարեզը Արևմտյան Հայաստանն էր. մասնաճյուղերը գործում էին Ռուսաստանում (Կովկաս և Անդրկովկաս), Պարսկաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հունաստանում, ԱՄՆ–ում, Եգիպտոսում, գրեթե բոլոր հայկ. գաղթավայրերում: Թուրք. բռնակալության դեմ պայքարելու նպատակով հնչակյանները 1890–ական թթ. կազմակերպել են մի շարք զինված ելույթներ (Զեյթունում, Սասունում) ու ցույցեր (Գում–Գափուի ցույց 1890, Բաբ–Ալիի 1895–ի ցույցը), որոնք, սակայն, հաջողություն չեն ունեցել: Հնչակյանները իրենց համարել են սոցիալիստներ և, հայ իրականության մեջ առաջին անգամ թարգմանել ու տարածել են մարքսիստական գրականություն: Հնչակյանների գործունեության անհաջողությունը Թուրքիայում և նրանց գաղափարական հեղհեղուկությունը հանգեցրին կուսակցության պառակտմանը: Հնչակյանների մի մասը (աջեր) գտնում էր, որ կուսակցությունը պետք է զբաղվի միայն ազգային–ազատագրական պայքարով («արևմտահայ հարց»), մյուսը (ձախեր)` առաջ էր քաշում ազգային–ազատագրական պայքարը սոցիալականի հետ զուգակցելու անհրաժեշտությունը: 1896–ին (Լոնդոնում) աջերը անջատվեցին և հիմնեցին «Վերա–կազմյալ հնչակյաններ» կազմակերպությունը (կամ կուսակցությունը): Ռուսաստանի բանվորական, ս–դ. շարժման ազդեցությամբ Հ. կ. 1903–ին ընդունեց նաև «արևելահայ հարցը» (Հ. կ. մինչ այդ դեմ էր հեղափոխական շարժումներին արևելահայերի մասնակցությանը) և միացավ ցարական ինքնակայության դեմ պայքարին: 1905–07–ին ռուս. հեղափոխության ժամանակ հնչակյան որոշ կազմակերպություններ (Բաքու, Երևան, Բաթում) համագործակցեցին ՌՍԴԲԿ–ին` պահանջելով նաև միանալ նրա հետ կազմակերպչորեն: Հ. կ–յան ընդհանուր ժողովը (1905, Փարիզ) մերժեց այդ պահանջը: Այդ ժամանակ հեղափոխականորեն տրամադրված հնչակյաններն անջատվեցին և մտան ՌՍԴԲԿ շարքերը: 1909–ին կուսակցությունը պաշտոնապես վերանվանվեց «Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցություն»: 1914–18–ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հնչակյանները պաշտպանում էին Անտանտի պետություններին (դրանց հետ կապելով Արևմտահայաստանի ազատագրումը, թուրքական լծից) և մասնակցեցին հայ կամավորական խմբերի կազմակերպմանը: 1917–ի փետրվարյան հեղափոխությունից հետո Հ. կ. իր համերաշխությունը հայտնեց բուրժ. ժամանակավոր կառավարությանը, արտահայտվեց հօգուտ պատերազմը շարունակելու և մենշևիկների հետ դաշինքի: 1917–ի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Հ. կ. ընդունեց լռությամբ, բայց ողջունեց ժողկոմխորհի 1917–ի «Թուրքահայատասնի մասին» դեկրետը: 1918–ին Հ. կ–յան Ռուսաստանի կազմակերպությունները դատապարտեցին Անդրկովկասյան սեյմի հակահեղափոխական քաղաքականությունը, դեմ արտահայտվեցին դաշնակցականների գլխավորությամբ ստեղծված Հայաստանի բուրժ. հանրապետությանը (որը սփյուռքի հնչակյանները ընդունել էին գոհունակությամբ), քննադատեցին վրաց մենշևիկներին, 1920–ի Մայիսյան ապստամբության ժամանակ միացան բոլշևիկներին և ողջունեցին սովետական կարգերի հաստատումը Հայաստանում: Ենթարկվելով Հ. կ–յան վերաբերյալ Կոմինտերնի 1923–ի փետր. 5–ի որոշմանը` Ռուսաստանի հնչակյան կազմակերպությունները 1924–ին ինքնալիկվիդացվեցին, Հ. կ–յան առավել գիտակից մասը ընդունվեց ՌԿ(բ)Կ շարքերը: Հ. կ–յան արտասահմանյան կազմակերպությունները սկզբում անվստահությամբ վերաբերվեցին սովետական իշխանությանը, բայց Սովետական Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության ակնառու հաջողությունների ազդեցության տակ նրանք աստիճանաբար փոխեցին իրենց դիրքորոշումը: 1920–ի դեկտեմբերին հնչակյանները հանդես եկան Սովետական Հայաստանին օգնելու կոչով, դատապարտեցին դաշնակցականների 1921–ի փետրվարյան խռովությունը: 1924–ին Հ. կ. պաշտոնապես ընդունեց սովետական կողմնորոշում, որոշումներ կայացրեց Սովետական Հայաստանը ճանաչելու, III Ինտերնացիոնալին աջակցելու, հակասովետական կուսակցությունների հետ չհամագործակցելու մասին: Այդ ոգով էլ գործեց Հ. կ.: 1939–45–ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հնչակյանները պայքարեցին ֆաշիզմի դեմ, նյութական և բարոյական օգնություն ցույց տվին սովետական ժողովրդին: Այժմ Հ. կ. հանդես է գալիս ընդդեմ իմպերիալիստական պետությունների ագրեսիվ քաղաքականության, հօգուտ ընդհանուր զինաթափման ու խաղաղ գոյակցության, գաղութային ու կախյալ երկրների ազգային–ազատագրական շարժման, քննադատում է դաշնակցության ազգադավ քաղաքականությունը, սփյուռքահայ առաջադիմական ուժերի հետ պայքարում հանուն խաղաղության, դրվատում սովետական իշխանության տարիներին հայ ժողովրդի ձեռք բերած նվաճումները:
Գրկ. Լենին Վ. Ի., ՈՍԴԲՊ խորհուրդ. 1904 թ. մայիսի 31 (հունիսի 13) և հունիսի 5(18), Երկ., հ. 7: Շահումյան Ս. Գ., Երկ. լիակտ. ժող., հ. 1, Ե., 1975: Մյասնիկյան Ա., Կուսակցությունները գաղութահայության մեջ, Թ., 1924: Արզումանյան Մ. Վ., Բոլշևիկների գործունեությունը և ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1907–1917 թվականներին, Ե., 1959: Խուրշուդյան Է. Ա., Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Ե., 1964: Հովհաննիսյան Ա. Գ., Հնչակյանների կազմավորման գաղափարական արմատները, «ՊԲՀ», 1968, No 2: Սիմոնյան Հ., Սփյուռքահայությունը սոցիալ–քաղաքական պայքարի ուղիներում, Ե., 1968: Ավետիսյան Վ. Ա., Հայ հասարակական մտքի զարգացման մարքս–լենինյան Փուլի սկզբնավորումը, Ե., 1976: Хуршудян Р., К вопросу о программе партии «Гнчак», «ԼՀԳ», 1979, No 2.
