Jump to content

ՀՍՀ/ՀՆՉՅՈՒՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆՉՅՈՒՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄ, հեռախոսության, ռադիոընդունման, հնչյունային ֆիլմերի ցուցադրման ժամանակ ստացվող մեխանիկական տատանումների և էլեկտրական հոսանքների փոխակերպումը ձայնի: Հայտնի են Հ–ման միաանցուղի, բազմանցուղի, ստերեոֆոնիկ և պսևդոստերեոֆոնիկ համակարգեր: Առավել տարածված միաանցուղի համակարգում ձայնային ազդանշանը հաղորդման մի գծով (բազմանցուղի համակարգում` միաժամանակ աշխատող մի քանի անցուղիով) ընդունիչից անցնում է բարձրախոս, որպես ձայնային հաճախականության մի գումարային հոսանք: Հ–ման ստերեոֆոնիկ համակարգում բինաուրալ էֆեկտը պահպանելու համար օգտվում են միաժամանակ աշխատող մի քանի (2–ից 5) անկախ անցուղիներից: Ստերեոֆոնիկ Հ–ման դեպքում բարձրախոսները տեղադրվում են այնպես, որ ստեղծված ձայնական դաշտը լինի նույնը, ինչպիսին միկրոֆոնով ընդունման տեղում է: Պսևդոստերեոֆոնիկ համակարգում ձայնի բարձրության մակարդակը և փուլերի տեղաշարժը փոփոխող հարմարանքները կիրառվում են մի քանի բարձրախոսներում, որոնք աշխատում են ձայնահաղորդման միևնույն անցուղուց. ունկնդիրներն այն տպավորությունն են ստանում, թե Հ. իրագործվել է ստերեոֆոնիկ հարմարանքներով: Ստերեոֆոնիկ և պսևդոստհրեոֆոնիկ համակարգերը կիրառվում են լայնէկրան կինոյում, ստերեոկինոյում և ձայնի ուժեղացման սարքերում: