Jump to content

ՀՍՀ/ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, լեզվի պատմական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխությունը: Տարբերում են երեք տեսակի Հ.` փոխազդեցական, դիրքային և ընդհանուր պատմական: Փոխազդեցական Հ. դրսևորվում է հարևան կամ ոչ հարևան (ոչ շատ հեռու) հնչյունների փոխազդեցությամբ և լինում է մի քանի տեսակ.

1. առնմանում (առնմանություն),

2. տարնմանում (տարնմանություն),

3. դրափոխություն,

4. հարմարեցում, երբ որևէ հնչյուն արտասանությամբ հարմարվում է մյուսին,

5. համաբանություն, երբ որևէ բառ, այլ բառերի նմանողությամբ, ընդունում է նրանց համապատասխան հնչյունական տեսք` հոկտոբեր–հոկտեմբեր, դեկեմբեր–դեկտեմբեր,

6. ամփոփում, երբ ա. երկու միանման վանկերից կամ հնչյունախմբերից մեկն ընկնում է` տավարարած–տավարած, հասարակակարգ–հասարակարգ, բ. երկու ձայնավոր հանդիպելիս` մեկն ընկնում է` թշնամիական–թշնամական, գ. երկու ձայնավոր հանդիպելիս` վերածվում են այլ ձայնավորի կամ դրանցից մեկը փոխարինվում է բաղաձայնով` տարիական–տարեկան, կատուի–կատվի, դ. երկու պարզ բաղաձայններ հանդիպելիս` վերածվում են բարդ բաղաձայնի (եթե վերջինս տվյալ դեպքում գոյություն ունի)` սեպուհական–սեպհական–սեփական, արտասունք–արտսունք–արցունք: Այս երևույթը կոչվում է հնչյունի բարդացում: Սրա հակառակ երևույթը հնչյունի պարզեցումն է (բարդ հնչյունը տարրալուծվում է պարզերի` ծածանել–սասանել և տատանել, վացուն–վաթսուն): Դիրքային Հ. պայմանավորված է բառի կազմում հնչյունի գրաված դիրքով (շեշտված կամ անշեշտ վանկ, բառասկիզբ և բառավերջ) և նույնպես լինում է մի քանի տեսակ.

1. ռեդուկցիա, երբ դիրքային կամ հնչյունական զանազան պատճառներով հնչյունը թուլանում է կամ լրիվ վերանում, սուր–սրել,

2. հավելում, երբ բառի մեջ մուտք են գործում նոր հնչյուններ, ծանր–ծանդր, քիթ–քինթ: Նշենք, որ յուրահատուկ հնչյունափոխական երևույթ է բաղաձայնների հերթագայությունը:

3. Հնչյունների կորուստ, երբ բառի արտասանությունը հեշտացնելու պատճառով նրա կազմից հնչյուններ են դուրս ընկնում` թմբրել–թմրել, սկեսուր–կեսուր: Ընդհանուր պատմական է այն Հ., որը, ծագելով լեզվի զարգացման ներքին գործոնների ազդեցությամբ, սահմանափակվում է ոչ թե մեկ կամ մի շարք դեպքերով, այլ տարածվում է տվյալ համակարգի կամ ենթահամակարգի բոլոր բառերի վրա: Այս Հ. արտացոլում է լեզվի հնչյունական կազմի պատմական զարգացումը: Շատ անգամ նրա առաջացման պատճառներն անհայտ են: Նրա տարածման և ընդհանրացման գործում կարևոր դեր է կատարում համաբանությունը: Ընդհանուր պատմական Հ–յան շատ օրինակներ է տալիս հայերենը. յօգուտ–հօգուտ, խաբել–խափել, դարձ–դարց ևն: Այսպիսի Հ–յան լավագույն օրինակ են հայ բարբառներում տարածված բաղաձայնների տեղաշարժերը, բերան–պերան, ջուր–ճուր:

Ս. Ղուկսայան