Jump to content

ՀՍՀ/ՀՆՉՈՒՅԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆՉՈՒՅԹ, լեզվի արտահայտության պլանի նվազագույն միավորը, ծառայում է լեզվի իմաստակիր միավորները (ձևույթները, բառերը) տարբերակելու համար: Խոսքի մեջ արտահայտվում է մի քանի հնչյուններով, որոնց որակը պայմանավորված է դիրքով, շեշտով ևն: Հ. ինքնինզուրկ է որևէ իմաստից և ազդանշում է իմաստի փոփոխման մասին` հակադրվելով այլ Հ–ների (առանձին վերցրած ա–ն ոչ մի իմաստ չունի, սակայն տար–տեր հակադրական զույգի մեջ ազդանշում է բառիմաստի փոփոխման մասին): Հ–ները լեզվի մեջ կազմում են կուռ համակարգ, որտեղ յուրաքանչյուր Հ. պայմանավորված է մյուսով, և որևէ մեկի փոփոխումը առաջ է բերում համակարգի խախտում: Հ–ները լեզվական վերլուծության միջոցով կարելի է տարրալուծել ավելի փոքր բաղադրիչների տարբերակիչ հատկանիշների, որոնք խոսքի մեջ ինքնուրույն գոյություն չունեն, հանդես են գալիս մյուս հատկանիշների հետ: Այսպես` պայտ–փայտ հակադրական զույգի մեջ շնչեղացումը դիտվում է որպես տարբերակիչ հատկանիշ, որը հանդես է գալիս մյուս հատկանիշների (հպականության, շրթնայնության, խլության) հետ միաձուլված: Յուրաքանչյուր լեզվի մեջ Հ. հանդես է գալիս տարբերակիչ հատկանիշների որոշակի ամբողջությամբ: Այս առումով ամերիկյան նկարագրական լեզվաբանության մեջ Հ. բնորոշվում է որպես «տարբերակիչ հատկանիշների փունջ» (տես նաև Հնչույթաբանություն):

Ա. Խաչատրյան