Jump to content

ՀՍՀ/ՀՆՉՈՒՆ ԿԻՆՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՆՉՈՒՆ ԿԻՆՈ, պատկերը խոսքով, երաժշտությամբ և ձայնային էֆեկտներով ուղեկցող կինոնկարների արտադրությունն ու ցուցադրումը: Հ. կ. ամենուրեք տարածվել է 1927–29–ին: Ժամանակակից բոլոր կինոնկարները հնչուն են: Կինոստուդիայում նկարահանող սարքի օգնությամբ օբյեկտը նկարահանվում է կինոժապավենի վրա, որի հետ սինխրոն շարժվող (456 մմ/վրկ) մագնիսական ժապավենի վրա միաժամանակ ձայնագրող սարքը ֆիքսում է ձայնը: Պատկերի և ֆոնոգրամի նեգատիվներից պատճենահանման ֆաբրիկաներում դրոշմվում է ֆիլմի պոզիտիվ պատճենը, որը կինոպրոյեկցիոն ապարատի միջոցով ցուցադրվում է էկրանին: Հ. կ–ում օգտագործվում է ձայնագրման չորս հիմնական տեսակ.

1. սինխրոն` ձայնի և պատկերի միաժամանակյա գրառում,

2. նախնական և հետագա հնչյունավորում` ձայնի և պատկերի ոչ միաժամանակյա գրառումով,

3. հնչուն կինոնկարների կրկնօրինակում,

4. ձայնագրման հատուկ տեսակներ, որոնք կիրառվում են գիտական նպատակներով և հատուկ էֆեկտների ստացման համար (արձագանք, հեռախոսային խոսակցություն ևն):