Jump to content

ՀՍՀ/ՀՈԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԲ, Հին կտակարանի համանուն գրքի գլխավոր գործող անձը: Ըստ աստվածաշնչյան ավանդության` Հուս երկրի նահապետն էր: Չնայած իր բարեպաշտությանն ու առաքինությանը, աստծո կամքով իբր ենթարկվել է ահավոր տառապանքների և փորձությունների (սնանկացում, զավակների մահ, բորոտություն): Ի վերջո, Հ. հաշտվել է հանիրավի պատժին, հավատարիմ մնացել աստծուն և արժանացել նրա ողորմածությանը: Հուդայականությունը և քրիստոնեական եկեղեցին Հ–ի կերպարն օգտագործել են ջատագովելու համբերությունն ու հավատի ուժը: Սակայն աստծուն ուղղված Հ–ի խոսքերում առկա է նաև բողոք անմիտ տառապանքի, երկնային անարդարության և չարի հովանավորման դեմ: Հ–ի ողբերգությունն ու վեհությունը փաստորեն բարձրացնում են մարդուն և նսեմացնում աստծուն: Հ. համարձակվում է վիճարկել աստծո վճիռը, կասկածի տակ առնել նրա բարությունն ու արդարությունը, հետևաբար` նաև գոյությունը: Շատ ուսումնասիրողներ գտնում են, որ Հ–ի գրքի նախնական բնագիրը (հատկապես վերջնամասը) ենթարկվել է փոփոխության, հարմարեցվել հուդայականության և քրիստոնեության գաղափարախոսությանը: Հ–ին քրիստոնեական եկեղեցին պատվել է Երանելի մականունով: Հ. դիտվում է որպես գեղարվեստական կերպար, նրա գիրքը` փիլիսոփայական պոեմ: Հ–ի գրքի ազդեցությունը նկատելի է Գյոթեի «Ֆաուստ»–ի և Բայրոնի «Մանֆրեդ»–ի նախերգանքներում:

Գրկ. Беленький М.С., Օ мифологии и философии Библии, М., 1977.