ՀՍՀ/ՀՈԳԱՐԹ
ՀՈԳԱՐԹ (Hogarth) Ուիլյամ (1697–1764), անգլիացի նկարիչ, արվեստի տեսաբան: Սովորել է արծաթի վրա փորագրող Է. Գեյմբլի մոտ, 1720–ից` Ջ. Թորնհիլի ակադեմիայում (Լոնդոն): Հ–ին հռչակ են բերել անգլ. հասարակության բարքերը մերկացնող երգիծական նկարներն ու փորագրությունները (պղնձի վրա)` «Անառակ կնոջ կարիերան» (6 նկար, 1730–31, չեն պահպանվել, փորագրվել են 1732–ին), «Վատնողի կարիերան» (8 նկար, 1732– 1735, Սոունի թանգարան, Լոնդոն, փորագրվել են 1735–ին), «Մոդայիկ ամուսնություն» (6 նկար, 1743–45, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, փորագրվել են 1745–ին) ևն: Հ–ի դիմանկարները («Կապիտան Թ. Կորեմ», 1740, Կորեմի անվ. որբանոց, Լոնդոն, «Ինքնանկար», 1745, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Ծովախեցգետին վաճառող աղջիկը», 1740– 1750–ական թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն) աչքի են ընկնում կերպարների սուր բնութագրումներով և խորը ռեալիզմով: Իր գեղագիտական ըմբռնումները շարադրել է «Գեղեցկության վերլուծություն» տրակտատում (1753): Հ–ի գաղափարներն ու երկերը մեծ ազդեցություն են ունեցել XVIII դ. եվրոպական մշակույթի վրա:
Երկ. Анализ красоты, Л.–М., 1958.
