Jump to content

ՀՍՀ/ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մարդու օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր խանգարում, բնորոշվում է գլխուղեղի և նրա հիմնական ֆունկցիայի` հոգեկան գործունեության (տես Հոգեկան), ախտաբանական փոփոխություններով: Հ. հ–ի դեպքում խանգարվում են արտաքին (բնական, սոցիալական) և ներքին (մարմնային) միջավայրերի օբյեկտիվ իրականությունն արտացոլելու, միջավայրից ստացվող գրգիռները և ինֆորմացիան անալիզի ու սինթեզի ենթարկելու, գլխուղեղի ընդունակությունը: Գլխուղեղի նեյրոններում և սինապսներում առաջ են գալիս կենսբ. Հիմնական պրոցեսների` դրդման և արգելակման խանգարումներ, դրանցից որևէ մեկի ախտաբանական գերակշռությամբ: Պսիխոտիկ պրոցեսների դեպքում հիմնական դերը պատկանում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի խոր արգելակմանը, որն արտահայտվում է հիպնոսանման փուլային վիճակների ձևով: Վերոհիշյալ ախտաբանա–ֆիզիոլոգիական մեխանիզմներն առաջացնում են հոգեկան խանգարումների կլինիկական տարբեր ձևեր. հոգե–զգայական` ընկալման (պատրանք, զգայախաբություն` տեսողական, լսողական, հոտառական, շոշափելիքի, համի, ընդհանուր զգացողության և կեղծ զգայախաբություններ), մտածողության (դիսոցիացիա, պարալոգիզմ ևն), զառանցական մտքեր (վերաբերման, խանդի, հետապնդման, մեծամոլական, ինքնամեղադրման ևն), գիտակցության (տարբեր տևողության և խորության մթագնումներ), անձի արատներ, ինտելեկտի իջեցում` բնածին (սակավամտություն) և ձեռքբերովի (թուլամտություն): Առաջանում են նաև նարոտիկ ախտանշաններ, կպչուն մտքեր, վախ, երևակայական ծեսերի կատարում, հուզական ոլորտի խանգարումներ` ընկճվածություն, մոլագարություն, անտարբերություն, հակումների խանգարումներ ևն: Հ. հ–ի պատճառներ կարող են լինել ժառանգական նախատրամադրվածությունը, ներարգանդային զարգացման խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, ուռուցքները, ինֆեկցիաները, թունավորումները (ալկոհոլով, նարկոտիկներով), ներզատիչ և վեգետատիվ համակարգերի ներքին օրգանների հիվանդությունները, ավիտամինոզները, հոգեկան տրավմաները, ստրեսային վիճակները ևն: Հ. հ–ներն արտահայտվում են պսիխոտիկ օրգ. պրոցեսների, փուլային վիճակների, անձի ախտաբանական ռեակցիաների ձևով: Ընդունված անվանակարգի համաձայն Հ. հ. բաժանվում են 3 խմբի, պսիխոզներ` էքսոգեն (վարակական, վնասվածքային, ինտոքսիկացիոն և սոմատոգեն), էնդոգեն (շիզոֆրենիա, ցիկլոֆրենիա, էպիլեպսիա), որոնք կազմում են Հ. հ–ի կարևոր խումբ: Սահմանային նյարդա–հոգեկան խանգարումներ (նևրոզներ և պսիխոգեն ռեակցիաներ), պսիխոպաթիաներ, ոչ–պսիխոտիկ բնույթի հիվանդություններ (մասնավորապես նարկոմանիաներ) և մտավոր թերզարգացում (սակավամտություն): Հ. հ–ի ընթացքը բազմազան է. սովորաբար ընթանում է միանվագ, հազվադեպ` նոպայաձև, լիարժեք ռեմիսիաներով (միջնոպային շրջան) կամ քրոնիկական ծանր պսիխոզների ձևով: Հ. հ–ի ելքը կարող է լինել լրիվ առողջացում, վարքագծի փոփոխություններ, անձի չափավոր արատ` աշխատունակության պահպանմամբ, անձի խոր արատ` թուլամտությամբ և աշխատունակության կորստով, մահ` այլ հիվանդությունների, դժբախտ պատահարրի և ինքնասպանության հետևանքով: XX դ. Հ. հ–ի պրոբլեմը դարձավ տնտեսապես զարգացած երկրների բժշկ. գիտությունների և առողջապահության ուսումնասիրության առարկան: Հ. հ–ի աճը պայմանավորված է մարդկանց նյարդային գերբեռնվածությամբ, գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում կյանքի սոցիալական պայմանների բարդացմամբ, անհատների հանդեպ բարձր պահանջկոտությամբ և ժամանակակից կյանքի առանձնահատկություններով: Այս առումով Հ. հ. դասվում են այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհին բնորոշ հիվանդությունների շարքին (սիրտ–անոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների հետ միասին): Հ. հ–ի ցուցանիշների մեծացումը պայմանավորված է նաև բժշկության ախտորոշիչ լայն հնարավորություններով:

Բուժումը. պսիխոտրոպ դեղամիջոցներով, որոշ պսիխոզների դեպքում` ինսուլինակոմատոզ և էլեկտրացնցումային մեթոդներով: Պսիխոթերապիան գլխավորապես կիրառվում է նևրոզների և պսիխոպաթիաների ժամանակ: ՍՍՀՍ–ում հոգեկան հիվանդներին օգնելու նպատակով ստեղծվել է բժշկ. մասնագիտացված հիմնարկների հանրամատչելի ցանց, հոգեբուժական հիվանդանոցներ, դիսպանսերներ, ցերեկային ստացիոնարներ, բժշկա–աշխատանքային արհեստանոցներ: Տես նաև Հոգեբուժություն: