Jump to content

ՀՍՀ/ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, հոգևոր (պաշտամունքային) խոսքային բովանդակություն ունեցող վոկալ և վոկալ–գործիքային երաժշտական ստեղծագործությունների հավաքական անվանումը: Հ. ե–յան մի տեսակը եկեղեցական երաժշտությունն է և երբեմն նույնացվում է Հ. ե–յանն ամբողջապես: Հ. ե–յան հիմնական մասը ժանրերով ու ձևերով խիստ բազմազան արվեստ է և արարողության հետ անմիջական կապ չունի, նրանում աստվածաշնչյան–ավետարանական տեքստերին կամ դրանց ոգով հորինված ազատ (նաև.` պարականոն) բանաստեղծություններին երաժշտության միջոցներով գրեթե միշտ ռեալիստական մեկնաբանություն է տրվում: Արտաեկեղեցական հոգևոր երգեր տարածված են եղել աշխարհի շատ ժողովուրդների ժող. արվեստում: Ժող. հոգևոր երգեր են` իտալ. լաուդիները, իսպ. կանտիգասները, չեխ. հուսիտների երգերը, ռուս. և ուկր. կանտերը, նեգրական սպիրիչուելները, մերձավոր–արևելյան հոգևոր բայաթիները ևն: Սրանք երբեմն հորինված են ժող. բարբառներով, ընդհանուր կրոնական ուղղվածությամբ հանդերձ կապված են ժողովրդի սոցիալական կյանքին, դրանցում տեղ են գտել աշխարհիկ երգերի տարրեր: Միջին դարերում Արևմտյան Եվրոպայում ժող. հոգևոր երգերի կիրառության լայն ասպարեզ են դարձել լիթուրգիական դրամաները և միստերիաները: Արտաեկեղեցական կատարման համար կանխորոշված հոգևոր երգեր տարածված են եղել նաև հայ իրականության մեջ (հորինել են նաև մասնագիտացված երգարվեստի ներկայացուցիչները, ինչպես օրինակ, Ներսես Շնորհալին): Դարերի ընթացքում արարողական հայտնի երգերի ժող. տարբերակների կողքին գոյացել են և նոր` բուն ժող. ավետիսներ, գանձեր, հոգևոր տաղեր ևն, որոնք հարստացրել են հայկ. արտաեկեղեցական Հ. ե–յան գանձարանը: Աստվածաշնչյան–ավետարանական տեքստերը խոշոր դեր են կատարել պրոֆեսիոնալ Հ. ե–յան մեջ` դեռևս վաղ Վերածնության դարաշրջանից առաջ բերելով արևմտաեվրոպական երաժշտության այնպիսի կարևորագույն ժանրերի գոյացումն ու զարգացումը, ինչպիսիք են` կանտատ, օրատորիա, մեսսա, ռեքվիեմ, մոտետ, խորալ ևն: Այս ժանրերի լավագույն ստեղծագործություններում ավետարանական տեքստը հիմք է դարձել իրական մարդկային ապրումներ դրսևորելու, կյանքի ու մահվան հավիտենական պրոբլեմը արծարծելու, ընդհանրապես համամարդկային էթիկական բարձր գաղափարներ արտահայտելու համար: Հ. ե–յան այդպիսի բազմաթիվ երկեր են ստեղծել Յո. Ս. Բախը, Գ. Ֆ. Հենդելը, Յո. Հայդնը, Վ. Ա. Մոցարտը, Լ. Բեթհովենը, Ֆ. Շուբերտը, Ջ. Պերգոլեզին, Ջ. Վերդին, Հ. Բեռլիոզը, Լ. Քերուբինին, Ֆ. նիստը, Հո. Բրամսը, Ա. Դվորժակը, Շ. Գունոն, Կ. Սեն–Սանսը, Գ. Ֆորեն, ռուս կոմպոզիտորներ Մ. Ի. Գլինկան, Պ. Ի. Չայկովսկին, Ս. Վ. Ռախմանինովը, Ի. Ֆ. Ստրավինսկին և ուրիշներ, հայ դասականներ Կոմիտասը, Մ. Եկմալյանը, ինչպես և XX դ. մի շարք կոմպոզիտորներ: Տես նաև Պաշտամունքային երաժշտություն, Տաճարային երաժշտություն:

Ռ. Աթայան