ՀՍՀ/ՀՈԳԵՖԻԶԻԿԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄ
ՀՈԳԵՖԻԶԻԿԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄ, լայն առումով` հոգեկան և ֆիզիկական երևույթների փոխհարաբերություն, ավելի նեղ` հոգեկան և ֆիզիոլոգիական (նյարդային և հումորալ) երևույթների կապի պրոբլեմ: Արտաքին աշխարհի երևույթների և մարմնում կատարվող պրոցեսների հոգեկան կյանքի հետ ունեցած կապը հիմնավորվել է դեռևս Հին Հունաստանի բնափիլիսոփայական ուսմունքներում: Հ. պ. հատուկ քննարկման ենթարկվեց XVII դ., երբ մեխանիկայի օրենքների հայտնադործման շնորհիվ, հոգեկան երեվույթները ևս դիտվեցին իբրև մարմնից անբաժանելի: Առաջ քաշվեց հոգեկան երևույթները տիեզերքի ընդհանուր օրենքներին ենթարկվելու միտքը: XVII դ. առաջացան Հ. պ–ի լուծման երկու տարբերակներ, հոգեֆիզիկական փոխներգործության (Ռ. Դեկարտ) և հոգեֆիզիկական զուգահեռականության (Գ. Լայբնից) գաղափարները: Հոգեկանի և ֆիզիկականի փոխներգործության տեսակետը քննադատվեց գիտության և ուղեղի անբաժանելիության սկզբունքի կողմնակիցներից (Լայբնից, Ն. Մալբրանշ, Դ. Հարթլի և ուրիշներ): Զուգահեռականության սկզբունքը լայն տարածում գտավ XIX դ., երբ էներգիայի պահպանման օրենքի հայտնադործման շնորհիվ կասկածի տակ դրվեց գիտակցության հատուկ ուժ լինելը, կամածին կերպով օրգանիզմի վարքը փոխելու, ինչպես նաև մարմնի ու հոգեկանի միջև պատճառական կապերի գոյության հնարավորությունը: Հոգեկանը կենսական պրոցեսների ակտիվ կարգավորիչ համարելու ուսմունքից ելնելով` XIX դ. վերջին և XX դ. սկզբին առաջանում է Հ. պ–ի մեխանիստական մեկնաբանությունը (մախիզմ), ըստ որի հոգին և մարմինը կազմված են նույն տարրերից` զգայություններից: XX դ. հոգեֆիզիկական զուգահեռականության սկզբունքի վերակենդանացման փորձ կատարեցին գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները, որոնք հոգեկան ամբողջական պատկերները (գեշտալտները) նկարագրեցին այնպիսի կառույցների ձևով, որոնք համապատասխանում են նեյրոնային կառույցներին, բայց նրանց հետ պատճառական կապերի մեջ չեն գտնվում: Դիալեկտիկական մատերիալիզմը ելնում է այն մտքից, որ հոգեկանը իրականության ակտիվ արտացոլումն է, որն իրագործվում է բարձր զարգացած օրգանիզմների և միջավայրի փոխներգործության պրոցեսում: Հոգեկանը ակտիվ կարգավորիչ ֆունկցիա է կատարում այդ պրոցեսում:
Գրկ. Рубинштейн С. Л., Основы общей психологии, М., 1946 Նույնի, Бытие и сознание, М., 1957 Дубровский Д.И., Психические явления и мозг, М., 1971.
Ա. Նալչաջյան
