ՀՍՀ/ՀՈԴԱԲՈՐԲ
ՀՈԴԱԲՈՐԲ, արթրիտ (լատ. arthritis, հուն. – հոդ), հոդերի բորբոքային հիվանդություն, որը կարող է առաջանալ տեղային կամ ընդհանուր վարակների, նյութափոխանակության խանգարումների, վնասվածքների ևն պատճառներով: Մի շարք ծանր Հ–երի (ռևմատոիդ Հ., անշարժացնող սպոնդիլոարթրիտեն) առաջացման պատճառը դեռևս լրիվ պարզ չէ, սակայն հաստատված է, որ նպաստող գործոններ են համարվում օրգանիզմի սառեցումը, ֆիզիկական գերլարվածությունը ևն: Ըստ Ռևմատոլոգների համամիութենական ընկերության համագումարի (1971–ին) դասակարգման, Հ–երը բաժանվում են երկու հիմնական խմբի, որպես ինքնուրույն հիվանդություն և որևէ հիվանդության ախտանշան: Մեկ հողի բորբոքումը կոչվում է մոնոարթրիտ, մի քանիսինը` պոլիարթրիտ (տես Բազմահոդաբորբ): Ըստ ընթացքի Հ–երը լինում են` սուր, ենթասուր և քրոնիկական, չոր և էքսուդատիվ (շճային, թարախային, արյունային), ըստ ծագման` վարակիչ և սպեցիֆիկ, դիստրոֆիկ, վնասվածքային և այլ հիվանդությունների հետ կապված: Վարակիչ և սպեցիֆիկ Հ–երի շարքին են դասվում բրուցելոզային, տուբերկուլոզային, վիրուսային, սիֆիլիտիկ, դիզենտերային, սնկային, գոնոռեային, էխինոկոկային, սեպտիկ, ռևմատիկ (տես Ռևմատիզմ), վարակիչ, ոչ սպեցիֆիկ Հ–երը ևն, որոնք օրգանիզմում վարակի վերացումից հետո կարող են ընթանալ որպես ինքնուրույն հիվանդություններ: Վարակիչ Հ–երի յուրահատուկ ձև է անշարժացող սպոնդիլոարթրիտը (Իեխտերևի հիվանդություն): Դիստրոֆիկ Հ–երի շարքին են դասվում նյութափոխանակության խանգարումներով (պոդագրային Հ., Կաշին Բեկի հիվանդություն), վիտամինների անբավարարությամբ պայմանավորված, արյան հիվանդություններից առաջացած (հեմոֆիլիայի, լեյկոզների ևն դեպքում), ֆիզիկական գերլարվածության, սառեցման և աշխատանքային հիգիենայի պայմանների խախտման հետ կապված Հ–երը (լեռնագործների, թունելագործների, տրանսպորտի աշխատողների մոտ) ևն: Վնասվածքային Հ–երի պատճառ են հանդիսանում հոդերի փակ ու բաց վնասվածքները և հաճախ կրկնվող թույլ վնասումները: Հ–երի ժամանակ կարող են ախտահարվել նաև հոդաճառները և ոսկրերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ընդհանուր հաշմանդամության 3,1–ի պատճառը քրոնիկական Հ–երն են: Ախտանշաններն են` հոդացավեր, հոդի այլաձևություն, ֆունկցիայի խանգարում, հոդի մաշկածածկույթների կարմրություն և ջերմաստիճանի բարձրացում: Սուր Հ–երի ժամանակ ցավերը լինում են ուժեղ և մշտական, իսկ քրոնիկականի դեպքում` միայն հոդը շարժելիս:
Բուժումը. հիմնական պատճառի կամ հիվանդության վերացում: Ցավը հանգստացնող, հակաբորբոքային դեղամիջոցներ, հորմոնային սպեցիֆիկ պատրաստուկներ: Այլաձևությունները կանխելու համար կիրառվում են օրթոպեդիական միջոցառումներ, ուղղիչ մարմնամարզություն, ֆիզիոթերապևտիկ, ջրաբուժական և ցեխաբուժական պրոցեդուրներ: Կայուն այլաձևությունների դեպքերում` վիրահատություններ (մկանահատում, ջլահատում, ոսկրահատում, հոդահատում, հոդապլաստիկա ևն): Առողջարանային բուժում (Արզնի, Դիլիջան, Ծղալտուբո, Պյատիգորսկ, Սակի, Եվպատորիա):
