Jump to content

ՀՍՀ/ՀՈԴ ԱՆԱՏՈՄԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԴ, ոսկրերի ընդհատ, խոռոչավոր, շարժուն միացություն, որը թույլ է տալիս ոսկրերի շարժումը միմյանց նկատմամբ: Հ–ի հիմնական տարրերն են. հոդավորվող ոսկրերի աճառածածկ մակերեսները, հեղուկով լցված հոդախոռոչը, խոռոչը մեկուսացնող հոդակապը: Որոշ Հ–եր ունեն նաև օժանդակ գոյացությաններ` կապաններ, սկավառակներ (դիսկ), մահիկներ (մենիսկ) և ձուսպաթաղանթային պարկեր: Կենդանիների էվոլյուցիայի և տեղաշարժումների կատարելագործման պրոցեսում փոխվել է նաև Հ–երի ձևը: Մարդկանց Հ–երի առանձնահատկությունները պայմանավորված են մարմնի ուղղաձիգ դիրքով, որից և կախված է պտտման առանցքների թիվը և շարժումների ազատության աստիճանը: Տարբերում են պարզ Հ–եր (2 ոսկրից կազմված) և բարդ (մասնակցում են մի քանի ոսկրեր): Հոդամակերեսներն ըստ ձևի համեմատում են երկրաչափական մարմինների հետ. գնդաձև, ձվաձև, թամբաձև, տափակ ևն: Ըստ շարժունության աստիճանի Հ–երը լինում են ազատ շարժվող (օրինակ, գնդաձև) և դժվարաշարժ (օրինակ, Հ–երը կողոսկրերի և կրծոսկրերի միջև): Հ–ում շարժումների ծավալը որոշվում է միացվող ոսկրերի միջև գոյացած անկյան աստիճանով: Շարժումները կարող են իրականանալ մեկ, երկու և երեք առանցքների շուրջը, միառանցք (գլանաձև, ճախարակաձև, պտուտակաձև), երկառանցք (էլիպսաձև, թամբաձև), բազմառանցք (գնդաձև): Շարժումները սահմանափակվում են ոսկր ելունների, կապանների և հոդապարկի ձգման շնորհիվ: Հ–երի ախտահարումները կարող են առաջանալ վնասվածքների (հոդախախտում), բնածին (արթրո–գրիպոզ), փոխանակային–դեստրուկտիվ (արթրոզ), բորբոքային (հոդաբորբ) պրոցեսների հետևանքով: Տես նաև Պոդագրա և Տուբերկուլոզ: Ախտաբանական տարբեր պրոցեսների հետևանքով կարող է առաջանալ շարժումների սահմանափակում (կոնտրակտուրա), կամ լրիվ անշարժացում (անկիլոզ): Հ–ի հիվանդությունները, բուժման և կանխարգելման մեթոդներն ուսումնասիրում են օրթոպեդիան, տրավմատոլոգիան և կլինիկական բժշկության հատուկ բաժինը` հոդաբանությունը: