Jump to content

ՀՍՀ/ՀՈԺԱՐԱԳԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԺԱՐԱԳԻՐ, ակցեպտ (լատ. acceptus – ընդունված),

1. քաղաքացիական իրավունքում պայմանագիր կնքելու առաջարկությանը (օֆերտ) մյուս կողմի համաձայնությունը, որն առաջացնում է իրավական հետևանքներ: Կարող է արտահայտվել գրավոր, բանավոր կամ պայմանադիր կողմի համաձայնությունն արտահայտող այլ գործողությամբ: Օրինակ, պատասխանի փոխարեն առաջարկություն ստացած կողմն առանց պատասխանի ուղարկում է պահանջված ապրանքը: Առաջարկություն ստացած կողմի հոժարագրում արտահայտած լրացուցիչ պայմանը համարվում է նոր առաջարկություն: Համաձայնությունը Հ. է համարվում, եթե այն կողմին է ուղարկվել առաջարկությամբ սահմանված ժամկետումկամ անհապաղ (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 165): Բուրժ. որոշ երկրներում (ԳՖՀ, Ֆրանսիա, Իտալիա) պայմանագիրը կնքված է համարվում հոժարագրի ստացման պահից, որոշ երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Ճապոնիա) Հ. ուղարկելու պահից: Սոցիալիստական երկրներում, այդ թվում` ՍՍՀՄ–ում, Հ. է համարվում պայմանագրի նախագծի ընդունումը: Ըստ որում տնտ. պայմանագիր կնքելու առաջարկի հոժարագրումը պարտադիր է, եթե առաջարկությունն արված է պլանային ակտի կամ իրավազոր մարմնի կարգադրության հիման վրա: Այս դեպքում պայմանագրի պայմանների չնդունումը առաջացնում է ոչ թե հրաժարում պայմանագրից, այլ նախապայմանագրային վեճ: ՍՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված կարգով, եթե 10 օրվա ընթացքում (ՀԺՀ–ում` 15 օր, ԳԴՀ–ում` 2–3 շաբաթ, ՉՍՍՀ–ում` 1 ամիս) Հ. չի ստացվում, առաջարկություն անողն իրավունք ունի կամ հրաժարվել նրանից, կամ իրավարարության միջոցով պարտադրել պայմանագրի կնքումով:

2. Անկանխիկ հաշվարկի ձև սոցիալիստական կազմակերպությունների միջև:

Գ. Ղարախանյան