Jump to content

ՀՍՀ/ՀՈԼՄԻՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԼՄԻՈՒՄ (լատ. Holmium), Но, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր: Լանթանիդ է: Կարգահամարը 67 է, ատոմական զանգվածը` 164,9304: Բաղկացած է մեկ կայուն իզոտոպից` 165 Но: Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 4 f 115 s 25 p 66 s 2 է: Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Պ. Տ. Կլևեն, 1879–ին: Անվանվել է ի պատիվ Ստոկհոլմի (Holmia– Ստոկհոլմի լատ. անվանումը): Հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում` 1 7 10-4 (ըստ զանգվածի): Հանդիպում է հազվագյուտ հողային այլ տարրերի հետ: Սպիտակ արծաթափայլ, առաձգական մետաղ է, խտությունը` 8800 կգ/մ³, հալ. ջերմաստիճանը` 1461°C, եռմանը` 2600°C: Հ. ամենաուժեղ պարամագնիսական մետաղն է: Քիմիապես ակտիվ տարր է, միացություններում` եռարժեք: Տաքացնելիս փոխազդում է ջրածնի, ածխածնի, ազոտի, ֆոսֆորի, ածխածնի օքսիդների հետ: Քայքայում է ջուրը, փոխազդում է HCl–ի,H₂S Օ 4 հետ` դուրս մղելով ջրածին: 180– 200°C–ից բարձր օդում արագ օքսիդանում է` առաջացնելով Но₂Օ₃ օքսիդը, որին համապատասխանող հիդրօքսիդը` Но(ОН)з, հիմք է, ալկալիների հետ չի փոխազդում: Но 3-իոնը դեղին է, կոմպլեքս միացություններ է առաջացնում օրգ. շատ նյութերի հետ: Ստացվում է քլորիդը կամ բրոմիդը կալցիումով վերականգնելիս, միացությունները էլեկտրոլիզելով հեղուկ Cd–ի ե Zn–ի կաթոդով, որոնք թորում են վակուումի տակ: Հ. և դրա միացությունները կիրառվում են մագնիսներ պատրաստելու, ապակին, հախճապակին և ճենապակին դեղին ներկելու համար և այլուր:

Մ. Սարգսյան