Jump to content

ՀՍՀ/ՀՈԿԵՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԿԵՅ (անգլ. Hockey, հավանաբար հին ֆրանս. hoquet – հովվի ցուպ` կեռով), սպորտային թիմային խաղ` մականներով (կլյուշկա) և գնդակով կամ տափօղակով, որի նպատակն է անհատական վարման և փոխանցումների միջոցով առավել թվով գնդակներ անցկացնել հակառակորդի դարպասը: Գոյություն ունի Հ–ի 3 հիմնական տեսակ. Հ. տափօղակով (միջազգայի և պաշտոնական տերմինաբանությամբ` Հ. սառույցի վրա), Հ. գնդակով և Հ. խոտի: Խաղում են հատուկ դաշտերում (հրապարակներում): Գնդակով Հ–ի և խոտի Հ–ի դեպքում յուրաքանչյուր թիմում լինում են 11 խաղացող (դարպասապահով), տափօղակով Հ–ի դեպքում` 6 խաղացող (կազմը, բացի դարպասապահից, խաղի ընթացքում անընդհատ փոփոխվում է): Խաղի ժամանակը համապատասխանաբար` 90, 70 (1 ընդմիջում) և 60 ր (այսպես կոչված մաքուր խաղաժամանակ, 2 ընդմիջումով): Հ. խոտի, հայտնի է եղել դեռևս մ, թ. ա. II հազարամյակում, Եգիպտոսում, Պարսկաստանում, Հունաստանում, Ամերիկայում, Ճապոնիայում, Եվրոպայում, XIX դ. կեսին: 1908–ից (բացի 1912 և 1924) խոտի Հ–ի մրցումները (տղամարդկանց) ընդգրկվել են օլիմպիական խաղերի ծրագրում, 1980–ից ընդգրկվեցին նաև կանանց թիմերը: 1924–ին հիմնվել է Հ–ի միջազգային ֆեդերացիան: 1971–ից, 2 տարին մեկ, անցկացվում են աշխարհի առաջնություններ տղամարդկանց, իսկ 1976–ից` նաև կանանց թիմերի միջև, 1969–ից` Եվրոպայի երկրների գավաթի, 1970–ից` Եվրոպայի առաջնության խաղեր (տղամարդկանց միջև): ՍՍՀՄ–ում խոտի Հ. մտցված է 1960–ական թթ. կեսերից: 1967–ին ստեղծվել է գնդակով Հ–ի և խոտի Հ–ի ֆեդերացիան: 1970–ից ամեն տարի անցկացվում են ՍՍՀՄ առաջնություններ: Խոտի Հ. Հայաստանում հայտնի է եղել «մականախաղ» անվանումով: Հ. գնդակով, Եվրոպայի մի շարք երկրներում հայտնի է դեռևս միջին դարերից: Ժամանակակից Հ. առաջացել է Մեծ Բրիտանիայում` XIX դ. 2–րդ կեսին, Ռուսաստանում` XIX դ. 60–ական թթ.: 1928–ին հիմնվել է Հ–ի համամիութենական սեկցիա (այժմ գնդակով Հ–ի և խոտի Հ–ի ՍՍՀՄ ֆեդերացիա): 1937–47–ին անցկացվել են ՍՍՀՄ գավաթի մրցումներ (տղամարդկանց և կանանց թիմերի համար), 1950–ից` ամենամյա ՍՍՀՄ չեմպիոնատ (տղամարդկանց): 1955–ին ձևակերպվել և հաստատվել են միջազգային միասնական կանոններ, հիմնվել է միջազգային ֆեդերացիա: 1957–ից անցկացվում են աշխարհի չեմպիոնատներ (9 անգամ հաղթել են ՍՍՀՄ հոկեյիստները): Գնդակով Հ–ի զարգացմանը և ՍՍՀՄ հավաքական թիմերի հաղթանակներին նպաստել են Վ. Ի. Ատամանիչևը, Ե. Վ. Գերասիմովը, Ե. Խ. Գորբաչյովը, Ն. Ա. Դուրակովը և ուրիշներ: Հ. տափօղակով, ծագել է XIX դ. 60–ական թթ.` Կանադայում: 1870–ին Տորոնտոյում ստեղծվել է Հ–ի առաջին ասոցիացիան: 1879–ին առաջին անգամ ձևակերպվել և 1886–ին հրապարակվել են խաղի կանոնները: 1890–ական թթ. սկսած Կանադայում և ԱՄՆ–ում անցկացվել են պրոֆեսիոնալ թիմերի կանոնավոր մրցումներ, 1892–ից` Ստենլիի գավաթի համար: 1899–ին Մոնրեալում կառուցվել է աշխարհում առաջին փակ սահադաշտը (արհեստական սառույցով): 1908–ից խաղարկվում է Ալշանի գավաթի (այժմ` սիրողական ակումբների համար), 1925–ից` ՆԽԼ–ի չեմպիոնատը: XX դ. 1–ին կեսի հյուսիս–ամերիկյան Հ–ի ականավոր վարպետներ են եղել Բ. Կուկը, Պ. Բուշարը, Բ. Դարնենը, Մ. Ռիշարը, Ժ. Բելիվոն, Դ. Հերվին, Պ. Պիլոտը, 60–70–ական թթ.` Գ. Հոուն, Ռ. Հալլը, Ս. Միկիտան, Ռ. Օրրը, Ֆ. Էսպոզիտոն, Ռ. Կլարկը և ուրիշներ: XX դ. սկզբին տափօղակով Հ. սկսեց տարածվել Եվրոպայում: 1908–ին հիմնվեց սառույցի վրա Հ–ի միջազգային լիգան, որը 1976–ին միավորում էր 30 երկրների ազգային ֆեդերացիաներ, 1924–ից տափօղակով Հ. ընդգրկվել է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում: 1956–ի օլիմպիական խաղերին տափօղակով Հ–ի ՍՍՀՄ հավաքականի դարպասապահն է եղել ՍՍՀՄ սպորտի վարպետ Գ. Մկրտչյանը: Օլիմպիական չեմպիոններ են եղել հետևյալ թիմերը. Կանադա –6, ՍՍՀՄ –5, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ –մեկ անգամ: 1930–ից կանոնավոր անցկացվում են աշխարհի չեմպիոնատներ (1924–ի և 1928–ի օլիմպիական տուրնիրները հռչակվել են որպես աշխարհի չեմպիոնատներ): ՍՍՀՄ–ում տափօղակով Հ. սկսել է տարածվել 1946–ից: 1947–ին հիմնվել է տափօղակով Հ–ի համամիութենական սեկցիա (այժմ` ՍՍՀՄ ֆեդերացիա, 1953–ից` սառույցի վրա Հ–ի միջազգային լիգայի անդամ): 1946–47–ին անցկացվում են ՍՍՀՄ չեմպիոնատներ: Տափօղակով Հ–ի սովետական դպրոցի հիմնադրմանը և զարգացմանը նպաստել են ՍՍՀՄ վաստակավոր մարզիչներ Ա. Վ. Տարասովը, Ա. Ի. Չերնիշյովը, Բ. Պ. Կուլագինը, Վ. Տիխոնովը և ուրիշներ: