ՀՍՀ/ՀՈԿՈՒՍԱՅ
ՀՈԿՈՒՍԱՅ Կացուսիկա (1760–1849), ճապոնացի նկարիչ, Ուկիյյո–ի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ: 1777–78–ին սովորել է փորագրիչ Կացուկավա Սյունսոյի մոտ: Կրել է միջին դարերի չինական բնանկարչության, ինչպես և եվրոպական արվեստի ազդեցությունը: 1780–ից հանդես է եկել որպես նկարազարդող (ձևավորել է 500–ից ավելի գիրք): 1797–1810–ին աշխատել է որպես սուրիմոնոյի (փորագիր շնորհավորաքարտեր) վարպետ: 1812–ից ստեղծել է գծանկարչության դասերի ձեռնարկներ` «Մանգա» ժողովածուներ («Այլազան գծանկարներ», ընդամենը` 12 ժողովածու): Փայտագիր բնանկարներում («Ֆուձի լեռան 36 տեսարանները», գունավոր, 1823–31, «Նշանավոր կամուրջներ», «Ճանապարհորդություն երկրի ջրվեժներով», երկու նկարաշարերն էլ` 1828–33, «Ֆուձի լեռան 100 տեսարանները», միագույն, մոտ 1845 ևն) վերարտադրելով բնապատկերի ամենատարբեր մոտիվներ, Հ. ընդգծում է մարդկանց հարատև աշխատանքի և խաղաղ բնության դրամատիկ փոխհարաբերությունը: Հ–ի ստեղծագործական որոնումներով հարուստ դեմոկրատական արվեստը զգալի ազդեցություն է ունեցել XIX դ. վերջի 7 XX դ. սկզբի եվրոպական գեղանկարչության և գրաֆիկայի վրա:
Գրկ.Воронова Б. Г., Кацусика Хокусай, М., 1975.
