ՀՍՀ/ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1935–ը` Ղուրդուղուլու շրջան), վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում: Կազմվել է 1930–ի սեպտ. 9–ին: Սահմանակից է Թալինի, Աշտարակի և Էջմիածնի շրջաններին, արմ–ից և հվ–ից` Թուրքիային: Տարածությունը 680 կմ² է, բնակչությունը` 74500 (1979), վարչական կենտրոնը` Հոկտեմբերյան քաղաք:
Բնական պայմանները: Հ. շ. գտնվում է Արարատյան դաշտի հս–արմ. մասում, Արաքսի ձախ ափին: Մակերևույթը հարթ է` կազմված ջրաբերուկներից, տեղ–տեղ` Արագածից արտավիժած լավաներից: Ունի արմ–ից արլ. ընդհանուր թեքություն: Միջին Բարձրությունը 850 մ է: Արմ–ում առանձին բարձունքներ հասնում են մինչև 1200 մ–ի: Գտնվում է 8–9–բալանոց սեյսմիկ գոտում: Կլիման չոր ցամաքային է` շոգ ամառներով, համեմատաբար տաք ձմեռներով: Տարեկան միջին ջերմաստիճանը 11–13 С է, հունվարինը` 4°C, հուլիսինը` 25°C, նվազագույնը` –34°C, առավելագույնը` 42°C: Տարեկան տեղումները 250–300 մմ են: Շրջանի արմ–ով հոսում է Ախուրյանը, հվ–ով` Արաքսը (սահմանային գետեր են Թուրքիայի հետ): Ստեղծվել են արհեստական լճակներ: Ջրային ռեսուրսների ընդհանուր հաշվեկշռում զգալի բաժին ունեն արտեզյան ջրերը: Գործում են 308 արտեզյան ջրհորներ (ընդհանուր ծախսը` 8 մ³/վրկ): Բնական լանդշաֆտում գերակշռում է կիսաանապատը: Տարածված են գորշ, ալկալի, աղակալած, կիսաանապատային հողերը, Արաքսի մերձափնյա մասերում` նաև ճահճահողերը: Բնորոշ են չորասեր և աղասեր բույսերը: Շատ են թռչունները, սողուններն ու միջատները, որոշ տեղերում` որդան կարմիրը: Օգտակար հանածոներից կան շինանյութեր (ավազ, բազալտ, կավ):
Բնակչությունը: Հիմնական բնակիչները (ավելի քան 90 –ը) հայերն են: Բնակվում են նաև քրդեր, ասորիներ, ադրբեջանցիներ: Խիտ է բնակեցված շր–ջանի պրլ. մասը: Միջին խտությունը 1 կմ² վրա 109 մարդ է: Շրջանն ունի 42 բնակավայր, այդ թվում` 1 քտա (Մեծամոր), 1 ավանային, 16 գյուղական սովետ: Հ. շ–ի բնակավայրերն են. Ա. Խանջյանի անվ. սովխոզին կից ավան, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արաքս երկաթգծի կայարանին կից ավան, Արաքս սովխոզին կից ավան, Արգավանդ, Արմավիր, Արևիկ, Արտաշար, Բագարան, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Երվանդաշատ, Զարթոնք, Ժդանովի պնվ. ավան, Լուկաշին ավան, Հայկավան, Հոկտեմբեր, Հուշակերտ, Ձերժինսկու անվ. սովխոզին կից ավան, «Մայիսյան» սովխոզի 2–րդ մասին կից ավան, Մարգարա, Մեծամոր, Մյասնիկյանի պնվ. սովխոզին կից ավան, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Աովետական, Վարդանաշեն, Վորոշիլովի անվ. ավան, Տանձուտ, Փշատավան, No 6 սովխոզին կից ավան:
Պատմական ակնարկ: Հ. շ–ի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարում: Գտնվելով Այրարատյան «աշխարհքի կենտրոնական մասում` այն սկզբից ևեթ կազմել է հայկ. պետության բաղկացուցիչ մասը: Հ. շ–ի տարածքում էին գտնվում հայկ. պետության ամենահին միավորումներից մեկի Երվանղունիների թագավորության երկու մայրաքաղաքները` Արմավիրը (ավելի հնում` Արզիշտիխինիլին, մ. թ. ա. VIII դ., դրան փոխարինած Երվանդաշատը, մ. թ. ա. III դ.): Մինչև V–VI դդ. Հ. շ–ի տարածքը մտնում էր Այրարատյան գավառի մեջ: Հետագայում, երբ նախկին Այրարատյան գավառը շրջակայքի հետ կազմեց Այրարատյան փոքր «աշխարհ»–ը, այդ տարածքի արմ. մասը հայտնի դարձավ Արագածոտն անունով, որը մոտավորապես համապատասխանում էր այժմյան Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Աշտարակի, մասամբ` Նաիրիի ու Մասիսի շրջաններին, Արագածոտնի փոքր մասը` Երվանդաշատ մայրաքաղաքով (այժմյան Հ. շ–ի Բագարան և Երվանդաշատ գյուղերի շրջակայքը) պատկանում էր Այրարատյան «աշխարհ»–ի Արշարունիք գավառին: Երվանդունիներից հետո Արագածոտնը Այրարատյան «աշխարհ»–ի այլ գավառների հետ դարձավ նախ Արտաշեսյանների (II–I դդ. մ. թ. ա.), ապա Արշակունիների (1– V դդ.) արքունական սեփականությունը: Մարզպանական Հայաստանի օրոք (V– VII դդ.) նախկին արքունական գավառներն անցան պարսից Սասանյան թագա v ոներին, սակայն դրանց տարբերո մասերում իշխում էին հայ նախարարները (Ամատունիները, Ուրծի իշխանները և այլք) և Էջմիածնի վանքը: Հետագայում Արագածոտնը ամբողջությամբ մտնում էր Բագրատունիների թագավորության (IX– XI դդ.) և Զաքարյանների իշխանության (XII դ. վերջ–XIII դ. սկիզբ) մեջ: Լենկ–թեմուրի պետության անկումից հետո Այրարատյան «աշխարհ»–ի կենտրոնական մասին տիրում էին կարա–կոյունլուները, որոնք այստեղ հիմնեցին Երևանի (սկզբում` Սահաթափա, Չուխուր–Սաադ) կուսակալությունը (խանություն): Ներկայիս Հ. շ–ի տարածքը կազմում էր Երևանի խանության Սարդարապատի մահալը (գավառը), որը խանության հետ միասին թուրք–իրանական տիրապետության շրջանում (XVI–XVIII դդ.) բազմիցս անցել է ձեռքից ձեռք և ավերվել: Այստեղ Երևանի խաները կառուցել էին Սարդարապատ բերդը, որն իր ամրությամբ զիջում էր միայն Երևանի բերդին: Սարդարապատի բերդն ու համանուն մահալը 1827–ին միացվել են Ռուսաստանին և 1850– 1917–ը` մտել Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ, որի կազմում էր մինչև 1930–ը: Շրջանի տարածքում է տեղի ունեցել 1918–ի Սարդարապատի ճակատամարտը թուրք, օկուպանտների դեմ (տես «Սարդարապատի ի ճակատամարտ 1918): Հնագույն ժամանակներից ի վեր Հ. շ–ի տարածքի բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բամբակենու մշակությամբ ու անասնապահությամբ (գոմշապահությամբ): Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելուց (1828) հետո շրջանի տարածքում հաստատվեցին 1828–29–ին Իրանից ներգաղթած հայեր: Հ. շ–ի տարածքի հնություններից են Արգիշտիխինիլին, Արմավիր ու երվանդաշաւո մայրաքաղաքների ավերակները և Մեծամորի հնադարյան մետաղաձուլարանը: Մարքս–լենինյան գաղափարները ներկայիս Հ. շ–ի (նախկին Ղուրդուղուլիի գավառամաս) տարածք մուտք են գործել դեռևս մինչ սովետական կարգերի հաստատումը: Առաջին կուսակցական բջիջներն ու կազմակերպություններն այնտեղ ստեղծվել են 1921–ից` սովետական կարգերի հաստատումից հետո: Մինչև 1930–ի կեսերը շրջանի քաղ. կուսակցական բոլոր գործերը գլխավորում էր Էջմիածնի կուսակցական գավառային կոմիտեն: 1930–ի սեպտ. 9–ից, վարչական նոր բաժանմամբ առանձնանալով իբրև Ղուրդուղուլիի (1935–ից` Հոկտեմբերյանի) ինքնուրույն շրջան և շրջանային կուսակցական կազմակերպություն, գործուն աշխատանքներ ծավալվեցին կոլտնտեսությունների ամրապնդման, սովետական տնտեսությունների ստեղծման և զարգացման, ծնունդ առած արդ. ձեռնարկությունների (բամբակազտիչ և պահածոների գործարաններ, ՄՏԿ–ներ ևն) արտադրողականության բարձրացման ուղղությամբ: Մինչև 1980–ի վերջը Հոկտեմբերյանի կուսակցական շրջանային կազմակերպությունում տեղի է ունեցել 40 շրջանային կուսակցական կոնֆերանս: 1980–ի հունվ. 1–ի դրությամբ շրջանի 132 կուսկազմակերպություններում կար 3671 կուսանդամ և 170 թեկնածու, կոմերիտմիությունն ուներ 167 սկզբնական կազմակերպություն` 14748 կոմերիտականներով:
Տնտեսությունը: Հ. շ. զարգացած գյուղատնտ. շրջան է: Շրջանում կա 10 սովետական, 28 կոլեկտիվ տնտեսություն: Հողային ֆոնդը 68629 հա է: Գյուղատնտ. արտադրությունն զբաղեցնում է 37033 հա: Ոռոգվող հողատարածությունը 25648 հա է, որից վարելահող` 13065 հա, խաղողի այգիներ` 5466 հա, պտղատու այգիներ` 3974 հա, դաշտապաշտաան անտառաշերտեր` 786 հա, տնամերձեր` 1917 հա, խոտհարք` 76 հա, տնկարկներ` 14 հա, արոտավայրեր` 9804 հա: Բուսաբուծությունը տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի 87–ը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը (տարեկան արտադրանքը` 42 հզ. տ), պտղաբուծությունը (18–20 հգ. տ), խորդենագործությունը (38 հզ. տ), բանջարաբուծությունը (50 հզ. տ): Խաղողի և պտղի համախառն բերքով Հ. շ. առաջինն է հանրապետությունում: Ոռոգումը կատարվում է Հոկտեմբերյանի (տես Հոկտեմբերյանի ջրանցք) և մասամբ Թալինի ջրանցքների, Սովետականի (Սևջուր), Ղարաղալայի, Հուշակերտի, Այղր լճի ջրհան կայանների միջոցով և արտեզյան ջրերով: Տնտեսության մեջ կարևոր դեր ունի կաթնաապրանքային անասնապահությունը: 1979–ին շրջանում կար 14580 գլուխ խոշոր, 13180 գլուխ մանր եղջերավոր անասուն, 6036 խոզ, 68318 թռչուն: Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում մշակվող խորդենու հումքի բազայի վրա Նոր Կեսարիայում գործում է եթերայուղերի պետ. տնտեսության գործարան, որի արտադրանքն առաքվում է երկրի բազմաթիվ ձեռնարկություններ: Արհեստական լճերի շրջակայքում (Զարթոնք, Արևիկ, Ջանֆիդա) ստեղծվել է ծածանա–լճակային տնտեսություն: 1979–ին շրջանում աշխատում էր բարձրագույն կրթությամբ ավելի քան 300 մասնագետ: Հ. շ–ի տարածքով է անցնում Թբիլիսի–Երևան–Բաքու երկաթուղու 35 կմ հատվածը: Խճուղային ճանապարհների երկարությունը 265 կմ է, որից 222 կմ` կոշտ ծածկով: Օգտվում են բնական և հեղուկ գազից, ռադիո– և հեռուստատեսային հաղորդումներից: Էլեկտրաէներգիա ստանում է Անդրկովկասի միասնական էներգահամակարգից: Գազամուղ ցանցի երկարությունը 140 կմ է: 37 բնակավայրում կա կապի բաժանմունք: Հ. շ–ի տարածքում, Մեծամոր բնակավայրի մոտ է Հայկական ատոմակայանը:
Առողջապահությունը: Հ. շ–ում կա 6 տեղամասային հիվանդանոց` 105 մահճակալով (Արմավիր, Մարգարա, Երվանդաշատ, Լենուղի պետական տնտեսություն, Ջանֆիդա, Տանձուտ), 20 ամբուլատորիա, 13 բուժական–մանկաբարձական կետ, 222 բուժաշխատող, որից 41–ը` բժիշկ (1979):
Մշակույթը: 1978–79 ուս. տարում Հ. շ–ում կային 41 հանրակրթական (15.700 աշակերտ, 1196 ուսուցիչ), որից 34–ը` միջնակարգ, 6–ը` ութամյա, 1–ը` հեռակա, 3 երաժշտական (Արմավիրում, Ձերժինսկու անվ. սովխոզում, Մեծամորում) դպրոցներ, 29 մսուր–մանկապարտեզ (2800 երեխա): Գործել է 50 մասսայական գրադարան, 43 կուլտուրայի տուն և ակումբ: Գրեթե բոլոր բնակավայրերում կա կինոսարք: Հ. շ–ի տարածքում են գտնվում Սարդարապատի հերոսամարտի հուշարձանը, Հայաստանի ազգագրության պետ. և Մեծամորի թանգարանները: Հ. շ–ում գործում են ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության ագրոքիմիայի (Երասխահունում) և խաղողագործության, պտղաբուծության ու գինեգործության ԳՀԻ–ների (Նալբանդյանում) կայանները: Լույս է տեսնում «Կոմունիզմի համար» շրջանային թերթը:
Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը: Ռ. Սահակյան, Ռ. Հարությունյան, Թ. Հակոբյան
