ՀՍՀ/ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՋՐԱՆՑՔ
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՋՐԱՆՑՔ, սկիզբ է առնում Արաքս գետից: Կառուցվել է 1926–1930–ին: Մայր ջրանցքի երկարությունը 44 կմ է, սկզբնահատվածում թողունակությունը 30 մ³/վրկ է: Ջրանցքից սկիզբ է առնում առափնյա ճյուղը (15 կմ երկարությամբ), որի ջրանկման մասում կառուցված է Հոկտեմբերյանի ՀԷԿ–ը: Ջրանցքը հիմնականում անցնում է հողային հունով: Ջրի ներծծման դեմ պայքարելու նպատակով վերջնամասում (10 կմ երկարությամբ) կատարվել են տղմակալման աշխատանքներ: Ջրանցքի վրա կառուցված են ակվեդուկներ, դյուկերներ, հեղեղաթողներ, նաև պոմպակայաններ ևն: Հ. ջ. ոռոգում է Հոկտեմբերյանի շրջանի 24 հզ. հա հողատարածություն (խաղողի և պտղատու այգիների, խորդենու, բանջարաբոստանային, հացահատիկային և կերային բույսերի դաշտեր), որի 50–ից ավելին, մինչև 1930–ը ոռոգվում էր ուրարտ. ժամանակաշրջանում կառուցված հին Սարդարապատի և այլ ջրանցքներով:
Գ. Աղախանյան
