Jump to content

ՀՍՀ/ՀՈՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂ, յուրահատուկ բնապատմական գոյացություն, որը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում է ու զարգանում: Բնութագրվում է բերրիությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների անսպառ աղբյուր: (Տես Հողի բերրիություն): Ռուս. ժամանակակից հողագիտության հիմնադիր Վ. Վ. Դոկուչաևը Հ. դիտում էր որպես մի շարք բնական գործոնների` կլիմայի, ռելիեֆի, երկրի հասակի, ինչպես նաև մարդու տնտ. գործունեության փոխազդեցության արդյունք: Ըստ Պ. Ա. Կոստիչևի Հ. երկրի կեղևի վերին շերտն է, որտեղ զարգանում է բուսականության արմատային ցանցը: Վ. Ա. Վիսամսը Հ. է անվանում ցամաքի վերին փխրուն և բերքատու շերտը, իսկ հողա կազմող պրոցեսում կարևորում է կենսաբանական գործոնի դերը: Հ–ի բերրիությունը` բույսերին ջրով և սննդով ապահովելու ունակությունը, թույլ է տալիս նրան մասնակցելու կենսազանգվածի վերարտադրմանը: Կախված Հ–ի կազմից, հատկություններից և հողագոյացնող գործոններից` բնական բերրիությունն ունի տարբեր մակարդակ: Հ. գյուղատնտ. արտադրության հիմնական միջոց է. ագրոտեխնիկական, ագրոքիմիական ու մելիորատիվ միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, ոոի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է: Հ–ի հիմնական հատկությունները որոնցով պայմանավորվում է սրա բերրիության աստիճանը, բնական առանձին գոտիներում տարբեր են: Կլիմայական պայմանները` իրենց ջերմային ու ջրային տարբեր ցուցանիշներով, բնորոշում են բուսականության զարգացման, դրա տարրալուծման արագության, ազատված հանքային նյութերի տեղաշարժման աստիճանը: Տեղանքի ռելիեֆը վերադասավորում է խոնավությունը և ջերմությունը` խիստ տարբերություն ստեղծելով հվ. և հս. թեքությունների, բարձրադիր ու ցածրադիր շրջանների միջև. որոնցից էլ կախված է բուսականության զարգացումը, դրա տարրալուծման արագությունը, կուտակվող օրգ. նյութերի քանակը ևն: Կենսաբանական գործոնի` բուսականության, մանրէների, անողնաշարավոր կենդանիների կենսագործունեության դերն այն է, որ փխրուն ապարի մեջ աստիճանաբար կուտակվում են օրգ. նյութ` հումուս, և հանքային տարրեր` ֆոսֆոր, կալիում, կալցիում, ծծումբ, ազոտ, ածխածին: Ապարների տարրալուծման հետևանքով կավից և այլ նուրբ մասնիկներից բաղկացած փխրուկը, ավելի նուրբ կոլոիդային զանգվածը հումուսի հետ նպաստում են խոնավության և բույսի համար անփոխարինելի սննդանյութերի կլանման: Ժամանակի ընթացքում տարբեր գործոնների փոխազդեցության և մարդու տնտ. ներգործության շնորհիվ փոխվում է հողակազմող պրոցեսը, ու Հ–ի մեջ ձևավորվում են մի շարք հատկություններ, որոնցից կախված են դրա արտադրողական առանձնահատկությունները: Հողի կազմը և հատկությունները. Հ. բաղկացած է հիմնականում պինդ, հեղուկ և գազանման մասերից: Հ–ի պինդ մասը (ֆազը) բաղկացած է նուրբ կավային մասնիկներից, փոշուց, ավագից ևն, որոնց հարաբերությամբ բնորոշվում է դրա մեխանիկական կազմը: ՍՍՀՄ–ում շատ հաճախ կիրառվում է Ն. Ա. Կաչինսկու առաջարկած, ըստ մեխանիկական կազմի (հատիկաչափական բաղադրություկ), Հ. ի դասակարգումը: Հ–ի պինդ մասում կան Si, Al, Fe, К, Mg, Ca, P, S ևն, քիչ չափերով միկրոտարրեր` С u, Мо, Zn, В, F, Pb ևն. հիմնականում օքսիդների ձևով: Հ–ի պինդ մասի կազմության մեջ մտնում է օրգ. նյութ, որի գերակշռող մասը (80–90) հումուսն է: Օրգ. տարբեր նյութեր մասնակցում են օրգանա–հանքային ստրուկտուրայի առանձնահատկությունների (կնձիկների) ձևավորմանը այն դեպքում, երբ Հ–ի առանձին նուրբ մասնիկները հումուսի և կոլոիդ զանգվածի օգնությամբ ամրանում են ու ցեմենտանում, վերածվում զանազան չափի և ձևի կնձիկների: Հեղուկ մասը` հողի լուծույթը, ակտիվ բաղադրամաս է, իրականացնում է Հ–ում նյութերի փոխադրումը, բույսերին ապահովում ջրով և լուծված սննդանյութերով: Սովորաբար պարունակում է իոններ, մոլեկուլներ, կոլոիդներ և ավելի մեծ մասնիկներ, երբեմն նաև սուսպենգիա: Գազային մասը կամ օդը գտնվում է ջրից ազատ ծակոտիներում: Հ–ի օդի կազմը, որի մեջ մտնում են N 2, O₂, CO₂, հաստատուն չէ և որոշվում է նրա մեջ ընթացող կենսաքիմիական պրոցեսների բնույթով: Արտադրական արժեքի տեսակետից կարևոր են Հ–ի ֆիզիկական հատկությունները` տեսակարար կշիռը, ծավալային կշիռը, ծակոտկենությունը: Հ–ի տեսակարար կշիռը կախված է հումուսի ու հանքային նյութերի փոխհարաբերությունից` հումուսի տեսակարար կշիռը (գ/սմ³)` 1,5– 1,7, հանքային նյութերինը` 2,6–2,7, հումուսով հարուստ հողերի տեսակարար կշիռը 2,3–2,6 է: Հ–ի ծավալային կշիռը (1 սմ³–ում չխախտված կառուցվածքով չոր Հ–ի կշիռը) վերին հումուսային շերտերում 0,9–1,1 գ/սմ³ է, իսկ ավելի խորը, հումուսից զուրկ շերտերում` 1,2–1,5 գ/սմ³: Պինդ մասնիկները լրացնում են հողային զանգվածի ամբողջ ծավալի միայն մի մասը, մնացածը կազմում են ծակոտիները` մասնիկների և նրանց ագրեգատների միջև եղած տարբեր մեծության և ձևի տարածությունները (միջանցքները): Ծակոտիների գումարային ծավալը կոչվում է ծակոտկենություն, որից կախված են Հ–ի ջրային հատկությունները (ջրաթափանցելիությունը, ջուրը վեր բարձրացնելու ունակությունը, խոնավությունը ևն): Տարբերվում է 2 կարգի ծակոտկենություն` մազական և ոչ մազական: Առաջինը բնորոշվում է Հ–ի մազական անցքերի ընդհանուր տարածություններով, երկրորդը` խոշոր անցքերի գումարով, կնձկանման առանձնությունների և Հ–ի ավազոտ մասնիկների միջանցքներում եղած դատարկ տարածությունով: Մազական ծակոտկենությունը նպաստում է Հ–ի ներքին շերտերից ջրի և սննդանյութերի բարձրացմանը, իսկ ոչ մազական խոշոր ծակոտիներն արտաքինից ջուրն են կլանում և ապահովում օդի ազատ շրջանառությունը: Հ–ի կարևոր հատկություններից է նրա ջրային ռեժիմը` ջրի կուտակման, շարժման, օգտագործման երևույթների ամբողջությունը: Հողի օդային ռեժիմը կանոնավորում է գազային շրջանառությունը Հ–ի մեջ և ջերմային ռեժիմի հետ պայմանավորում նրա ջերմային հատկությունները: Հ–ի մեջ ապրող բակտերիաների, տարբեր մանրէների, սնկերի, անձրևորդերի ևնի կենսագործունեության հետևանքով տեղի են ունենում ամոնիֆիկացում, նիտրիֆիկացում, բույսերի համար մատչելի են դառնում օրգ. նյութերի հետ կապված ֆոսֆորական թթուն, ազոտը, ծծումբը, երկաթը ևն, կուտակվում են մեծ քանակությամբ օրգ. նյութեր և բարելավվում են Հ–ի ֆիզիկական հատկությունները: Հողագոյացման ընթացքում կուտակվող տարբեր քանակի ու որակական կազմ ունեցող օրգ. նյութերի (հումուս) տարրալուծմամբ, դրանց տեղաբաշխմամբ և վերադասավորմամբ, կենսաբանական ու ֆիզիկաքիմիական պրոցեսների ներգործությամբ Հ. ձեռք է բերում որոշակի մորֆոլոգիական հատկություններ, որոնց հետևանքով աստիճանաբար ձևավորվում է նրա պրոֆիլը: Այն բնորոշվում է տարբեր գենետիկական հորիզոններով (А, В, С): Երկրի բնական պայմանների բազմազանության, հողառաջացման գործոնների փոխհարաբերության տարբերության պատճառով բնության մեջ զարգանում են առանձին հողային տիպեր: ՍՍՀՄ տարածքի հողային ծածկույթում ընդգրկված են գրեթե բոլոր հողային տիպերը, որոնք հս–ից հվ. դասավորված են հորիզոնական գոտիականությամբ: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մինչև Կասպից ծովի ափերը զատվում են հետևյալ Հ–երը. տունդրային, պոդզոլային, ճահճային, մարգագետնա–ճահճային, անտառային սևահողեր, շագանակագույն, գորշ անտառատափաստանային Հ–եր, աղուտներ և ալկալի: ՀՍՍՀ լեռնային պայմաններում Հ–ի տիպերը դասավորված են ուղղագիծ գոտիականության օրինաչափության սկզբունքով: ՀՍՍՀ տարածքի հողային ծածկույթը խիստ բազմազան է: Գլխավոր հողատիպերն են` լեռնամարգագետնային, մարգագետնա–տափաստանային, լեռնանտառային (գորշ և դարչնագույն), լեռնատափաստանային, սևահողային, շագանակագույն, կիսաանապատային գորշ և կուլտուր–ոռոգելի, աղուտ և ալկալի, ինչպես նաև ճահճային ու գետահովտային:

Գրկ.Мириманян Х.П., Почвоведение, М. 1965