ՀՍՀ/ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազոտական ՀՍՍՀ, ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտահետազոտական հիմնարկ Երևանում: Հիմնադրվել է 1958–ին: Ունի (1980) հողերի ծագման և աշխարհագրության, հանքաբանության, կենսաքիմիայի, մելիորացիայի, ագրոմելիորացիայի, ոեժիմային հետազոտությունների, էրոզիայի, ագրոքիմիայի բաժիններ, փորձամելիորատիվ մեկ կայան և հողաէրոզիոն 3 հենակետ, ասպիրանտուրա: Զբաղվում է հողերի առաջացման, զարգացման, նրանց աշխարհագրական տեղաբաշխվածության օրինաչափությունների բացահայտման, էրոզիոն պրոցեսների, հանքաբանական առանձնահատկությունների, հողաբարելավման, բերրիության բարձրացման, պարարտացման ևն հարցերով: Ինստ–ում ուսումնասիրվել և քարտեզագրվել են հանրապետության բոլոր տնտեսությունների, վարչական շրջանների, պետ. և անտառային ֆոնդերի հողային ծածկույթը, մշակվել հողերի պաշտպանության, նրանց բերրիության բարձրացման և արդյունավետ օգտագործման միջոցառումներ, ինչպես նաև սոդային աղուտ–ալկալի հողերի իրացման նոր եղանակ: 1959–ից հրատարակում է գիտական աշխատություններ:
