Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բնապատմական գիտություն հողի, նրա բաղադրության, հատկությունների, ծագման, զարգացման, աշխարհագրական տարածվածության, արդյունավետ օգտագործման մասին: Ուսումնասիրում է հողը` որպես բնական մարմին, արտադրության միջոց և աշխատանքի առարկա: Հողագիտական ուսումնասիրությունների սկիզբը դրվել է XVIII դ. վերջերին: XVIII և XIX դդ. սահմանագծում Գերմանիայում Թեյերն առաջարկեց բույսերի սննդառության հումուսային տեսությունը: XIX դ. 40–ական թթ. Յու. Լիբիխը առաջ քաշեց բույսերի հանքային սննդառության տեսությունը, որը նպաստեց հողի քիմ. հետազոտության ընդլայնմանը և Հ–յան մեջ ագրոերկրաբանական ուղղության ձևավորմանը, ըստ որի հողը դիտվում էր որպես երկրաբանական գոյացություն, հողմնահարման արդյունք: Գենետիկական Հ. ստեղծվել է Ռուսաստանում: Դրա ծագման թվականը ընդունվում է Վ. Վ. Դոկուչաևի «Ռուսական սևահող» («Русский чернозем») մենագրության հրատարակման տարեթիվը (1883): Այստեղ ձևակերպված են նրա տեսության հիմնական դրույթները` հողը ինքնուրույն բնապատմական մարմին է, առաջացել է լեռնային ապարների (որոնցից որակապես տարբերվում է) մակերևութային շերտերից` կենդանի օրգանիզմների ներգործության և կլիմայական որոշակի պայմաններում: Հողի հիմնական հատկությունը նրա բերրիությունն է: Գիտական Հ–յան ստեղծման գործում մեծ դեր է կատարել նաևՊ. Ա. Կոստիչևը, որը զարգացրել է ագրոնոմիական ուղղությունը (ուսումնասիրել է հողի և բուսականության, հողի բերրիության փոխհարաբերության հարցերը), հետագայում այն զարգացրեց Վ. Ռ. Վիլյամսը: Գենետիկական Հ–յան հետագա զարգացման գործում մեծ դեր ունեն Դոկուչաևի աշակերտները` Ն. Մ. Սիբիրցևը, Ֆ. Յու. Լևինսոն–Լեսսինգը, Պ. Ա. Զեմյատչենսկին, Գ. Ն. Վիսոցկին, Վ. Ի. Վերնադսկին, Կ. Դ. Գլինկան և ուրիշները: XX դ. սկզբին Կ. Կ. Գեդրոյցը մշակեց հողերի կոլոիդ քիմիայի հիմունքները: 20–ական թթ. շնորհիվ Վերնադսկու Հ–յան մեջ զարգացավ կենսաերկրաքիմիական ուղղությունը, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում: 30–ական թթ. ձևավորվեցին նաև Հ–յան այլ բաժիններ` հողի ֆիզիկական քիմիա, ֆիզիկա, հանքաբանություն, մանրէաբանություն ևն: Հ–յան մեջ աշխարհագրական, քիմ. և կենսաերկրաքիմիական ուղղությունների համադրման շնորհիվ ստեղծվեց ժամանակակից տեսություն հողի մասին, համաձայն որի հողը, որպես բնական համակարգ, բաղկացած է 4 հիմնական մասից` պինդ, հեղուկ, գազանման և կենդանի: Դրանցում անընդհատ ընթանում են նյութերի և էներգիայի փոխակերպման ու տեղաշարժման պրոցեսներ, որոնք գտնվում են մշտական փոխազդեցության մեջ: Ժամանակակից Հ–յան մեջ օգտագործվում էն հետազոտման դաշտային, գիտարշավային և ստացիոնար, լաբորատոր (ֆիզիկական, ֆիզիկաքիմիական, քիմ., մանրադիտակային, ռենտգենագրաֆիական, ռադիոիզոտոպային, սպեկտրասկոպային ևն), համեմատական–աշխարհագրական և քարտեզագրական մեթոդները: Հ. սերտորեն կապված է կլիմայագիտության, գեոմորֆոլոգիայի, հանքաբանության, պետրոգրաֆիայի, միկրոկենսաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտությունների հետ: Հ. օգնում է լուծելու հողի բերրիության բարձրացման, պարարտանյութերի կիրառման, հողերի բարելավման խնդիրները: ՍՄՀՄ–ում Հ–յան բնագավառի գիտահետազոտական աշխատանքները ղեկավարում են Վ. Վ. Դոկուչաևի անվ. հողագիտության և ՍՄՀՄ ԳԱ ագրոքիմիայի և հողագիտության ԳՀԻ–ները: ՀՍՍՀ–ում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ու այլ ԳՀԻ–ներում և բուհերում: