ՀՍՀ/ՀՈՂԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՈՂԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սովետական սոցիալիստական իրավունքի ճյուղ, որով կարգավորվում են հողային հարաբերությունները ՍՍՀՄ–ում: Կոչված է ապահովելու հողի ռեալ օգտագործումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը, հողօգտագործող սոցիալիստական կազմակերպությունների ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հողային հարաբերություններում օրինականության ամրապնդումը: ՍՍՀՄ–ում Հ. ի–ի աղբյուրներն են` ՍՍՀՄ սահմանադրությունը (միութենական հանրապետությունների սահմանադրությունները), ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային, օրենսդրության հիմունքները, միութենական հանրապետությունների հողային օրենսգրքերը, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, միութենական ինքնավար հանրապետությունների Մինիստրների իւորհուրդների նորմատիվային ակտերը, տեղական սովետների և գերատեսչությունների նորմատիվային ակտերը: Որպես իրավունքի նորմերի ամբողջություն, Հ. ի. բաժանվում է ընդհանուր (հողի նկատմամբ պետության բացառիկ սեփականության իրավունք, հողային ֆոնդի պետ. կառավարում, հողօգտագործման իրավունք, հողային վարույթ) և հատուկ մասերի: Ընդհանուր մասը սահմանում է առանձին կատեգորիայի հողերի (գյուղատնտ. նշանակության, բնակավայրերի, արդյունաբերության, տրանսպորտի, առողջարանների, արգելանոցների և այլ ոչ գյուղատնտ. նշանակության հողեր, պետ. անտառային ֆոնդի, պետ. ջրային ֆոնդի, պետ. պահեստի հողեր) իրավական ռեժիմը: Հողի միասնական ֆոնդի պետ. Կառավարման նպատակը հիմնականում հողի ռացիոնալ օգտագործման իրագործումն է: Միաժամանակ, նրա հիմքում դրվում է հողի տերիտորիալ կառավարման և հողի նկատմամբ պետության բացառիկ սեփականության իրավունքը: Պետ. Կառավարման կարգով անց է կացվում հողի օգտագործման պլանավորում, հողի բաշխում ու վերաբաշխում, հողաշինարարություն, հողային կադաստր, հողի օգտագործման նկատմամբ պետ. վերահսկողություն, հողային վեճերի լուծում: Հողօգտագործումը ՍՍՀՄ–ում լինում է հասարակական և անհատական: Անհատական հողօգտագործումը պահպանվում է որոշակի սոցիալ–տնտեսական պայմանների հաղթահարման անհրաժեշտությամբ և ունի ժամանակավոր բնույթ: Սոցիալիստական կազմակերպություններին հողը հատկացվում է անհատույց, կոնկրետ նպատակով: Անաշխատ եկամուտներ ստանալու նպատակով հողի օգտագործումը խստորեն արգելվում է (ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդվածներ 8, 9, 18, 23): Հողօգտագործման իրավունքը կարող է սահմանափակվել պետության, ինչպես նաև այլ հողօգտագործողների շահերից ելնելով: Գնահատելով հողը որպես արտադրության գլխավոր միջոց` սովետական պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում հողի իրավական ռեժիմի պաշտպանությանը: Հողային օրենսդրությունը խախտողների նկատմամբ սահմանվում է քրեական կամ վարչական պատասխանատվություն: Սոցիալիստական մյուս երկրներում հողային իրավահարաբերությունները կարգավորվում են ՍՍՀՄ փորձով` հաշվի առնելով կոնկրետ պատմական պայմաններն ու ազգային առանձնահատկությունները: Օրինակ, ՄԺՀ–ում հողն ազգայնացվել է ամբողջովին, իսկ սոցիալիստական մյուս երկրներում` մասնակիորեն:
Ա. Իսկոյան
