Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հողի անհատական կամ կոլեկտիվ յուրացման պատմական ձն: Արտահայտում է մարդկանց հասարակական–արտադրական այն հարաբերությունները, որոնց առաջացման հիմքը հողի` որպես ցանկացած արտադրության պայման ու գլխավոր արտադրամիջոց (գյուղատնտեսության և անտառտնտեսության մեջ) լինելու հատկությունն է: Այդ հարաբերությունների պատմական ձևերը համապատասխանում են որոշակի արտադրաեղանակի և փոփոխվում են հասարակության արտադրողական ուժերի զարգացման ազդեցության հետևանքով: Յուրաքանչյուր հասարակական–տնտեսական ֆորմացիայում Հ–յան ձևերի բազմազանության մեջ առանձնացվում է որևէ մի, առավել բնորոշ ու տիրապետող ձևը: Ընդ որում, Հ–յան նոր ձևերը, որպես կանոն, ծագում են հին տնտեսակարգի ընդերքում, միաժամանակ հարմարվում և շարունակում են գոյատևել նորի պայմաններում: Հ–յան առաջին ձևը համայնականն էր (ցեղային, տոհմային և նահապետական ընտանեկան համայնք), որը բնորոշ էր նախնադարյան համայնական հասարակարգին: Աշխատանքի բաժանման, զարգացման և փոխանակության ծագման հետ առաջացավ մասնավոր Հ., որի հետևանքով համայնական Հ. աստիճանաբար վերացավ: Ստրկատիրական հասարակարգում առկա էր Հ–յան մի քանի ձև` համայնական, տաճարային, պետ., մասնավոր (անհատական): Այդ ձևերն առավել բազմազան դարձան ֆեոդալիզմի պայմաններում. բենեֆիցիում, ավատ (ֆեոդ), ալոդ (միջնադարյան Եվրոպայում), վոտչինա, կալվածք (Ռուսաստանում), պետ., եկեղեցական հողեր, մուլք, խոշոր ֆեոդալական կալվածք (Արևելքում) ևն: Հետագայում ծագեց մասնավոր կապիտալիստական Հ., որը հաստատվում էր լենդլորդերի ու կապիտալիստների ձեռքում հողի կենտրոնացման, անմիջական արտադրողների հողազրկման, հողը ապրանքի վերածելու ուղիով: Զուգահեռաբար, հողի վարձակալության և գրավադրման (տես Հիպոթեկ) իրավաձևերով ընթացավ նաև Հ–ից ու հողասեփականատիրոջից հողի` որպես տնտեսության օբյեկտի անջատման պրոցեսը, և Հ. վերածվեց միայն տիտղոսի, որը հողային ռենտայի յուրացման իրավունք է տալիս: Պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում հողային հարաբերությունների մեջ ուժեղանում է բուրժ. պետության միջամտությունը, ելնելով մոնոպոլիաների շահերից` սահմանափակում է մասնավոր հողատերերի իրավունքները, ռագմ. նպատակներով բռնագրաված հողը, Հ. կենտրոնացնում խոշոր տնտեսություններում ևն: ՍՍՀՄ–ում (ինչպես և ՄԺՀ–ում) ամբողջ հողը և դրա ընդերքը պետ. (համաժողովրդական) սեփականություն են: ՍՍՀՍ պետ. հողային ֆոնդը կազմված է. ա. գյուղատնտ. նշանակության հողերից, որոնք հանձնված են կոլտնտեսություններին, սովետական տնտեսություններին և այլ հողօգտագործողների` գյուղատնտ. նպատակներով օգտագործելու համար, բ. քաղաքների, քտա–ների և գյուղական բնակավայրերի հողերից, գ. արդյունաբերության, տրանսպորտի, առողջարանների, արգելավայրերի և ոչ գյուղատնտ. նշանակության այլ հողերից, դ. պետ. անտառային ֆոնդից, ե. պետ. ջրային ֆոնդից, զ. պետ. պահեստահողերից: Դրանց համար սահմանված են իրավական տարբեր ռեժիմներ, որոնք ապահովում են հողի առավել արդյունավետ օգտագործումը (տես Հողօգտագործում): Սոցիալիստական մյուս երկրներում գոյություն ունի Հ–յան երեք ձև` պետ., կոոպերատիվ ու մանր ապրանքարտադրողների մասնավոր աշխատանքային Հ. (վերջինը սահմանափակված է սոցիալիստական պետության կողմից): Բոլոր դեպքերում Հ. այս երկրներում ենթարկված է սոցիալիստական շինարարության նպատակներին: