Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԻ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԻ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ, հողի հատկություն, որով բույսն ապահովվում է յուրացվող սննդանյութերով, խոնավությամբ, օդով և դառնում բերքատու: Տարբերում են պոտենցիալ (բնական) Հ. բ.` տվյալ ժամանակաշրջանում հողի մեջ եղած բույսերի համար անմատչելի սննդանյութերը, դրանց ընդհանուր պաշարները, խոնավությունը, և արդյունավետ (տնտ.) Հ. բ.` տվյալ տարում մշակվող բույսերի կողմից բերքատվության տարրերի օգտագործման հնարավորությունը, փաստացի բերքատվությունը, որն առաջին հերթին կախված է ագրոտեխնիկական համալիրի միջոցառումների կիրառումից: Հ. բ–յան կարևորագույն գործոններն են. բույսերին անհրաժեշտ սննդանյութերի պարունակությունը, մատչելի խոնավության առկայությունը, դրա կայուն մակարդակը, հողի օդային ռեժիմը (արմատային համակարգի լավ զարգացման, ինչպես նաև մանրէների կենսագործունեության համար), հողի մեխանիկական կազմը, կառուցվածքը և ռեակցիան, թունավոր նյութերի պարունակությունը ևն: Հ. բ. կախված է հող առաջացնող գործոններից` կլիմայից, հողառաջացնող ապարներից, բնական և մշակովի բուսականությունից, ռելիեֆից, բայց առանձնակի նշանակություն ունի հողօգտագործման բնույթը: Բերքատու, հարուստ հողերը պարունակում են մեծ քանակությամբ հումուս (5–40), ազոտական, ֆոսֆորական, կալիումական միացություններ, որոնք բույսերին մատչելի են միայն շարժուն վիճակում: Հողի հումուսը, որը Հ. բ–յան ցուցանիշն է, անմիջապես բույսին սնել չի կարող, այն մշակման ընթացքում տարրալուծվում է` ազատելով ազոտը, ֆոսֆորը, կալիումը, որոնցով և բույսերը սնվում են: Հ. բ–յան բարձրացման համար անհրաժեշտ է հողն ապահովել այդ կարևոր տարրերով, ինչպես նաև միկրոտարրերով (Տ, Mo, Fe, Cu, Zn): Բացի այդ անհրաժեշտ է ապահովել հողի ջրակլանունակությունը, օդի ազատ շրջանառությունը, բարելավել ստրուկտուրան ևն` կիրառելով գիտականորեն հիմնավորված, յուրաքանչյուր շրջանի հողակլիմայական պայմաններին համապատասխան ագրոտեխնիկա` ցանքաշրջանառության, պարարտացման ճիշտ համակարգ, հողի արդյունավետ մշակում: Տես նաև «Հողի բերրիության նվազման օրենք» հոդվածը:

Խ. Միրիմանյան