Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԻ ԳԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԻ ԳԻՆ, կապիտալացված հողային ռենտա: Չլինելով մարդու աշխատանքի արդյունք` հողն արժեք չունի, բայց այն, ինչպես բոլոր ապրանքները կապիտալիզմի ժամանակ, առուծախի առարկա է և ուրեմն` գին ունի: Հ. գ. իռացիոնալ` բովանդակությանը (արժեքին) չհամապատասխանող արտահայտություն է, և, փաստորեն, հողային ռենտայի գոյության փոխակերպված ձևը: Որևէ հողամասի գինը որոշվում է դրամական կապիտալի այն մեծությամբ, որը բանկ ներդնելու կամ փոխատվության տալու դեպքում (տոկոսի տվյալ մակարդակի պայմաններում) հողասեփականատիրոջ կողմից յուրացվող ռենտային հավասար եկամուտ կբերի: Հ. գ., հետևաբար, կարող է փոփոխվել` կախված բանկային տոկոսի և հողային ռենտայի մակարդակից: Կապիտալիզմի պայմաններում Հ. գ. բարձրանում է, որովհետև փոխատվական տոկոսի նորման ունի իջնելու միտում: Դրան նպաստում են նաև գյուղատնտ. արդյունքների նկատմամբ պահանջարկի մեծացման և մշակվող հողատարածությունների ընդլայնման հետևանքով հողային ռենտայի չափերի աճը, գյուղատնտ. ձեռնարկատիրությանն աջակցելու պետ. մոնոպոլիստական միջոցառումները: Հ. գ–ի բարձրացման հետևանքով հողասեփականատերերը յուրացնում են հավելյալ արժեքի մեծ մասը, գյուղատնտ. մթերքները թանկանում են: Սոցիալիստական հասարակարգում, ուր բացակայում է հողի մասնավոր սեփականությունը, հողը չի կարող առուծախի առարկա լինել և գին ունենալ, բայց հողային կադաստրը կազմելու համար կատարվում է հողի տնտեսական գնահատում: