ՀՍՀ/ՀՈՂԻ ՌԵԱԿՑԻԱ
ՀՈՂԻ ՌԵԱԿՑԻԱ, հողի ֆիզքիմիական հատկություն, որը ֆունկցիոնալորեն կապված է հողի պինդ և հեղուկ մասերի H և ОН– իոնների հետ: Եթե հողում գերակշռում են Н իոնները, ապա Հ. ռ. թթվային է, իսկ ОН իոնները` հիմնային, հավասարության դեպքում` չեզոք: ՍՍՀՄ հողերի ռեակցիան տատանվում է рН 4– 8,2 տիրույթում (տես Հողի թթվայնություն): Հ. ռ. էական նշանակություն ունի հողմահարման արգասիքների միգրացիայի ժամանակ. Fe–ի, Mn–ի, Sr–ի, Cu–ի միացությունների միգրացման ունակությունն աճում է թթվային միջավայրում, իսկ Si–ի և Al–ի միացություններինը` հիմնայինում: Հ. ռ. ազդում է բույսերի կենսագործունեության վրա: Շատ բույսեր տուժում են Н և Al 3-իոնների մեծ կոնցենտրացիայից, դրա համար էլ թթու հողերը անհրաժեշտ է կրացնել: Ուժեղ հիմնային հողերը (ալկալի հողեր, սոդային աղուտներ), որոնք բնութագրվում են ОН– իոնների բարձր կոնցենտրացիայով և անստրուկտուրայնությամբ, նպաստավոր չեն բույսերի աճման և զարգացման համար: Գիպսացումը, օրգ. պարարտացման հետ, չեզոքացնում է հիմնային ռեակցիան և բարելավում է հողի ագրոնոմիական հատկությունները: Հ. ռ–ի քանակական գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ` հողի սուսպենզիայի pH–ը ջրում կամ KCl–ի լուծույթում, տիտրված թթվայնությունը կամ հհմնայնությունը:
