ՀՍՀ/ՀՈՂԻ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱ
ՀՈՂԻ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱ (լատ. Structure – կառուցվածք), հողակազմող պրոցեսում առաջացող տարբեր մեծության, ձևի և որակական կազմի առանձնություններ (ագրեգատներ, գնդիկներ): Յուրաքանչյուր ագրեգատ մեխանիկական մասնիկների համալիր է, և բոլորը հումինի և ուլմինի աղերով, հումուսով, կոլոիդներով, բույսերի արմատներով ևնով միացած են մակրո– և միկրոագրեգատներում: Ըստ ագրեգատների չափերի տարբերում են մեծաբեկոր` 10 մմ–ից մեծ, մակրո– 0,25 մմ–ից խոշոր և միկրո–0,25 մմ–ից մանր ստրուկտուրաներ: Հողի մեխանիկական մասնիկները բնական տարբեր պայմաններում առաջացնում են զանազան ձևերի ե չափսերի` հատիկային, կնձկային, կոշտավոր, ընկուզաձև, թերթավոր, պրիզմայաձև, սյունաձև ստրուկտուրաներ: Ագրոնոմիական տեսակետից գնահատելի են մանր կնձկային ու հատիկային ստրուկտուրաները` 0,25–5 մմ ագրեգատներով: Լավ արտահայտված կայուն կնձկային ստրուկտուրա ունեն սևահողերը, իսկ թույլ և անկայուն կիսաանապատային գորշ և աղուտ–ալկալի հողերը: Ավազային մեխանիկական կազմ ունեցող հողերը գրեթե զուրկ են ստրուկտուրայից: Հ. ս–ի կարևորագույն հատկանիշը ջրի քայքայող ազդեցությանը դիմադրելու ունակությունն է: Ոչ ջրակայուն ստրուկտուրան ջրի ազդեցության տակ քայքայվում է մեխանիկական տարրերի, և չորանալուց հետո վարելահողի մակերևույթին առաջանում է կեղև: Ստրուկտուրայից զուրկ հողերում բացակայում են սննդատարրերը: Հողի ստրուկտուրայի վրա բարելավող ազդեցություն են գործում խոտաբույսհրը: Խոտակացքի տակ առաջացող ստրուկտուրան պահպանվում է մի քանի տարի և աստիճանաբար է կորցնում ջրակայունությունը: Հ. ս. քայքայվում է մեխանիկական, ֆիզիկական և կենսաբանական գործոնների ազդեցությունից: Արժեքավոր ստրուկտուրա ստեղծելու և պահպանելու համար կիրառում են ճիշտ ագրոտեխնիկա` բազմամյա խոտաբույսերի ցանք, թթու հողերի կրացում, ալկալի հոդերի գիպսացում, օրգ. և հանքային պարարտացում: Տես նաև Հող հոդվածը:
Կ. Մելքոնյան
