Jump to content

ՀՍՀ/ՀՈՂԻ ՕԴԱՅԻՆ ՌԵԺԻՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԻ ՕԴԱՅԻՆ ՌԵԺԻՄ, օդի հաշվեկշիռ, որ բնութագրվում է հողում օդի քանակի և կազմի պարբերական փոփոխությամբ: Մեծ նշանակություն ունի հողի մանրէների կենսագործունեության, բույսերի աճման և զարգացման համար: Հ. օ. ռ. ջրային և սննդային ռեժիմի հետ հողի բերրիության կարևոր գործոն է: Հողի օդը կարող է լինել ազատ վիճակում (դատարկություններում, որոնք լցված չեն ջրով), աբսորբված (հողի մանր անցքերում), ադսորբված (հողի մասնիկների մակերևույթին) և հողի լուծույթում: Բույսերի համար առավել կարևոր է ազատ վիճակում գտնվող օդը, որի պարունակությունը կախված է հողի ծակոտկենությունից և խոնավությունից: Հողի օդն իր կազմով տարբերվում է մթնոլորտայինից. այնտեղ ավելի շատ են ածխաթթու գազը և ջրային գոլորշիները, թթվածնի կոնցենտրացիան վերին շերտում 0,5–1,5-ով պակաս է, առանձին դեպքերում կարող են կուտակվել ծծմբաջրածին և մեթան, ինչպես նաև ցնդող կամ գազանման օրգ. որոշ նյութեր: Թթվածինն անհրաժեշտ է բույսերի շնչառության և մանրէների կենսագործունեության համար: Ածխաթթուն հողում առաջանում է մանրէների և հողի ֆաունայի գործունեությունից, արմատների շնչառությունից և այլ կենսաքիմիական պրոցեսներից: Ածխաթթվի պարունակությունը կախված է հողի տիպից և մեխանիկական կազմից: Ածխաթթվի առավել քանակը դժվարացնում է արմատների շնչառությունը: Կենսական պրոցեսների բնականոն ընթացքը կախված է հողի աերացիայից` հողի և մթնոլորտային օդի գազափոխանակությունից: Հողի վատ աերացիան (թթվածնի պակասը և ածխաթթու գազի ավելցուկը) բացասաբար է ազդում սերմերի ծլունակության և բույսերի աճի վրա, նպաստում ախտածին մանրէների զարգացմանը և ուժեղացնում վերականգնման պրոցեսները: Հողի տարբեր տիպերն ունեն ոչ միանման օդային ռեժիմ: Օրինակ, սևահողերը, որոնք ունեն լավ ծակոտկենություն, շատ օդ են պարունակում: Ճմա–պոդգոլային և պոդգոլային հողերը, սովորաբար ծանր մեխանիկական կազմ ունեն, ոչ հավասարաչափ և ավելորդ խոնավության պայմաններում հաճախ զուրկ են օդային բնականոն ռեժիմից: Գյուղատնտ. բույսերի բարձր բերքի համար ջրի և օղի լավագույն փոխհարաբերությունը հողում համարվում է այն, երբ ծակոտիների 60–ը լցված է ջրով, իսկ 40–ը` օդով: Հ. օ. ռ–ի բարելավման հիմնական միջոցառումներն են` հողի ճիշտ մշակումը, պարարտացումը օրգ. նյութերով (գոմաղբ, տորֆ, կանաչ պարարտացում), կնձկանման կառուցվածքի ստեղծում, խորը վար, միջշարքերի փխրեցում, ցանքսերի փոցխում, ցամաքուրդի, չորացնող առուների կիրառում:

Ի. Փարսադանյան